Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ գագաթնաժողովում աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Նոյեմբեր 27,2017 15:00

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհամասի համար։ «Առավոտի» հետ զրույցում նման գնահատական տվեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ ժամանակին Հայաստանի առաջ քաշած «եւ, եւ» մոտեցումը ողջամիտ էր եւ ռեալիստական։ Փաստորեն՝ մի քանի տարի անց պարզվեց, որ ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ հակադրությունը կարելի է փոխարինել համագործակցությամբ եւ կամրջել եվրոպական աշխարհամասի տարբեր կողմերում ընթացող ինտեգրացիոն գործընթացները։ Սա պատմական է ոչ միայն Հայաստանի համար, ում հաջողվեց, լինելով ԵԱՏՄ անդամ, ԵՄ հետ համագործակցության ոլորտում հետ չմնալ հարեւաններից, ըստ որում՝ արժանանալով նաեւ Ռուսաստանի Դաշնության հավանությանը, այլեւ ողջ աշխարհամասի, քանի որ Հայաստանի օրինակը նախադեպային մոդել է դառնում, որի հիման վրա կարելի է կառուցել հետագա համագործակցությունը եւ թոթափել եվրոպական Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առկա լարվածությունը»։
Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրին, ապա քաղաքագետի կարծիքով՝ այստեղ ուշադրության է արժանի 6-րդ կետը, որտեղ անդրադարձ է կատարվում տարածաշրջանում առկա հակամարտություններին։ «Հռչակագրում աջակցություն է հայտնվում առկա բանակցային ձեւաչափերին եւ գործընթացներին։

Կոնկրետ Ղարաբաղյան կարգավորման կոնտեքստում սա փաստորեն նշանակում է, որ ԵՄ անդամ 28 երկրները եւ գործընկեր 6 երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ առկա գործընթացին։ Սա ճիշտ է՝ աննախադեպ չէ, քանի որ նախորդ գագաթնաժողովում՝ Ռիգայում, գրեթե նույն ձեւակերպումն էր տրված, բայց էական է, քանզի Ռիգայի գագաթնաժողովին հետեւել էին մի կողմից՝ ուկրաինական ճգնաժամը ու վերջերս էլ՝ Կատալոնիայի հիմնախնդիրը, իսկ մյուս կողմից՝ ապրիլյան քառօրյա պատերազմը»,- ասաց մեր զրուցակիցը եւ հավելեց,- Ղարաբաղյան հիմնախնդրի առումով նաեւ պետք է փաստել, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում առկա է դրույթ, որ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների հիման վրա։ Եվ քանի որ այս համաձայնագիրը պետք է վավերացվի անդամ յուրաքանչյուր երկրի կողմից եւ դառնա ներպետական օրենսդրության մաս, ստացվում է՝ ԵՄ անդամ երկրներն այսպիսով օրենսդրորեն ճանաչում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

 

«Առավոտ»

25.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930