Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդագրական գործընթացները Հարավային Կովկասում 1991-2017թթ. Վրաստան և Ադրբեջան

Նոյեմբեր 27,2017 13:35

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական, տնտեսական  առաջատարության չափանիշ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաները, սպառազինությունները, այլև մեծաքանակ բնակչությունը: Այն ապահովում է ներքին մեծ սպառում, զարգացման ավելի լայն հնարավորություններ, քաղաքական, տնտեսական, մշակութային սեփական արժեքների տարածման ավելի բարենպաստ պայմաններ: Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակներում զարգացման ավելի մեծ հնարավորություններ կունենան այն երկրները, որոնք ունեն մեծաքանակ բնակչություն, իսկ դա կոչվելու է 500 և ավելի մլն բնակչություն ունեցող երկրների դարաշրջան: Պարզ է, որ խոսքն առաջին հերթին այնպիսի երկրների մասին է, ինչպիսին Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն են և ասիական ու եվրոպական մի շարք երկրներ, որոնք էլ կկանխորոշեն առաջիկա տասնամյակների՝ երկրագնդի զարգացման տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային առաջնահերթությունները:

Ժողովրդագրական քաղաքականությունը նույնքան կարևոր է ժամանակակից աշխարհում, և տնտեսապես զարգացած ու զարգացող ոչ մի պետություն չի կարող առաջ շարժվել առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության:

Դա կարևորվում է հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն ու Վրաստանն են, որոնք, ազգաբնակչության թվով և տարեկան կտրվածքով մեծ աճ արձանագրող առավել մեծ հարևաններ ունենալով, կարող են հայտնվել ռազմաքաղաքական, մշակութային և տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակում: Բնակչության թվաքանակի նվազումը հղի է ոչ միայն տնտեսական կայուն աճի հեռանկարի բացակայությամբ, այլև կարող է վտանգել նվազող բնակչություն ունեցող երկրների ֆիզիկական անվտանգությունը:

Հարավային Կովկասի երկրների, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև նրանց հարևաններ Թուրքիայի և Իրանի ժողովրդագրական վիճակները ներկա փուլում գտնվում են տարբեր հարթություններում: Քրիստոնյա Վրաստանն ու Հայաստանը գրանցում են նվազող բնակչություն, իսկ հարևան շիա մուսուլման Իրանն ու Ադրբեջանը և սուննի Թուրքիան բնակչության թվաքանակի աճի տեմպերով առաջատար դիրքեր են զբաղեցնում ժամանակակից աշխարհի ժողովրդագրական քարտեզում:

Հետխորհրդային Հարավային Կովկասի երկրների էթնիկական, ժողովրդագրական պատկերը մեծ փոփոխությունների է ենթարկվել հատկապես ղարաբաղա-հայ-ադրբեջանական, վրաց-օսական և աբխազա-վրացական զինված հակամարտությունների հետևանքով: Դա հանգեցրեց նրանց էթնիկական կազմի փոփոխություններին, մեծացրեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միգրացիոն հոսքերը, էական ազդեցություն գործեց նրանց ժողովրդագրական ցուցանիշների վրա:

Եթե մինչ անկախացումը Հայաստանն ու Վրաստանը կայուն բնական աճ էին արձանագրում, ապա անկախությունից 26 տարի անց այս երկրները հայտնվել են բացասական բնական աճ գրանցող երկրների հավանական ցուցակում: Իսկ այդ խորապատկերին հարևան Ադրբեջանը գրանցում է կայուն բնական աճ, թեև պետք է նշել, որ 2017թ. սեպտեմբերի տվյալներով՝ Ադրբեջանի մշտական բնակչության 9.858. 800 թիվը կասկածի տեղիք է տալիս: 20-րդ դարի 90-ական թվականներին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանից տեղի ունեցավ մեծ թվով արտագաղթ, որը, սակայն, այդ երկրի վիճակագրական ծառայության կողմից չի արձանագրվել, և բնակչության մեկնարկային թիվ է ընդունվել 1989թ. Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալները (7.021.178 մարդ), որին տարեցտարի գումարվել է բնական աճի ցուցանիշը: Իսկ Թուրքիայի և Իրանի բնակչության թվերը, ըստ վերջին տարիների ժողովրդագրական ցուցանիշների, տպավորիչ աճ են գրանցում, տարեկան կտրվածքով ապահովելով բնական աճ 900 հազարից 1 մլն մարդու սահմաններում, որը նրանց դասում է աշխարհի  ամենադինամիկ աճող երկրների շարքին:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Թեև խորհրդային տարիներին Վրաստանը բնակչության աճի տեմպերով առաջատար դիրք չէր գրավում նախկին խորհրդային հանրապետությունների շարքում և զիջում էր իր անմիջական հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, սակայն տարեկան կտրվածքով 0,8-1 տոկոս աճն ապահովում էր ժողովրդագրական գործընթացների կայունությունն ու դինամիկ աճը: Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը բազմէթնիկ հանրություն էր և իր կազմում ուներ երկու ինքնավար հանրապետություններ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հայտարարեցին իրենց անկախության մասին և 1992-1994թթ. ռազմական հակամարտությունից հետո փաստացի անջատվեցին Վրաստանից, որն էլ իր հերթին հանգեցրեց ինչպես Վրաստանի բնակչության թվաքանակի փոփոխությանը, այնպես էլ  մեծ տեղաշարժերի թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Վրաստանից դուրս: Զինված հակամարտությունները, ներքին անկայունությունը, սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակն անմիջապես իրենց անդրադարձն ունեցան Վրաստանի ժողովրդագրական գործընթացների վրա, որն ազդեց ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ բնական աճի վրա:

Խորհրդային Միության վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում բուն վրացիների թիվը չէր գերազանցում 70,13 տոկոսը, սակայն անկախությունից հետո վրացիներից հետո թվաքանակով ամենամեծ էթնիկ հանրություններ համարվող հայերի, ռուսների, հույների արտագաղթի, ինչպես նաև աբխազների և օսեթների դե ֆակտո Վրաստանի կազմից դուրս գալուց հետո հետագա տարիներին վրացիների տոկոսային հարաբերակցությունն աճեց, և 2002թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում էին ամբողջ բնակչության 83,75 տոկոսը, իսկ 2014թ.՝ 86,7 տոկոս:

Աղյուսակ 1. Վրաստանի բնակչության և էթնիկ կազմի թվի փոփոխություններն ըստ 1989, 2002 և 2014թթ. մարդահամարների տվյալների[2],[3]

Վրաստանի բազմէթնիկ հանրությունն արտագաղթի հետևանքով զգալի փոփոխությունների է ենթարկվել, և դա առաջին հերթին վերաբերում է հայկական համայնքին, որի թիվը 2014 թվականին 1989թ. համեմատ կրճատվել է 68 տոկոսով: Ռուսների թիվը տվյալ ժամանակահատվածում կրճատվել է 93, հույներինը՝ 95, ուկրաինացիները՝ 89, իսկ ահա ադրբեջանցիներինը՝ 25 տոկոսով, և նրանք ներկայումս հանդիսանում են Վրաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: Ազգային փոքրամասնությունների արտագաղթի հետևանքով Վրաստանը կորցրել է իր երբեմնի բազմէթնիկ պետության կոչումը, և նրանց՝ հետագայում հեռանալուն զուգահեռ այն կարող է դառնալ առավելապես միաէթնիկ հանրություն: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչութան թվաքանակի կորստին, ապա 2014թ. մարդահամարի տվյալներով՝ այդ թիվը 1989թ. համեմատ պակասել է 1.687.037 մարդով կամ 32 տոկոսով, ընդ որում, վրացիների թիվը տվյալ ժամանակահատվածում նվազել է 15 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, բնակչության թվաքանակի նվազման վրա մեծ ազդեցություն է թողել արտագաղթը, ընդ որում, այն առավել ինտենսիվ ընթացել է 1991-2003թթ.: Վրաստանից արտագաղթի հիմնական ուղղություններ են եղել Ռուսաստանը, Հունաստանը և ԱՄՆ-ը, որին հետևել են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան ու Ուկրաինան: 2003թ. Վրաստանի «Վարդերի» հեղափոխությունից և Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո արտագաղթի տեմպերը նվազեցին, և եթե 2001-2003թթ. միգրացիոն բացասական սալդոն միջինը 30 հազար էր, ապա 2004-2005թթ. գրանցվեց հակառակը, և Վրաստանն ունեցավ միգրացիայի դրական սալդո՝ համապատասխանաբար 76,3 և 12,1 մարդ: Ներգաղթի այդ ալիքը բացատրվում էր այն հանգամանքով, որ մարդկանց մոտ Վրաստանի ապագայի հանդեպ լավատեսական հույսեր արթնացան: Չնայած հաջորդ տարիներին՝ 2006-2008թթ., միգրացիան կրկին բացասական ցուցանիշներ էր գրանցում, բայց այն զգալիորեն քիչ էր և տատանվում էր տարեկան 13-14 հազարի սահմաններում: Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն թողեց 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը: Պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը և դիվանագիտական կապերի խզումը ևս իրենց ազդեցությունը թողեցին Վրաստանի միգրացիոն հոսքերի վրա: Ռուսաստանում վրացիների հանդեպ միգրացիոն օրենքների խիստ կիրառումը նրանց ստիպում էր թողնել Ռուսաստանը և վերադառնալ Վրաստան:

2009-2012թթ. միգրացիոն դրական սալդոն էականորեն կապված էր Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների հետ, որի հետևանքով բազմաթիվ վրացիներ և Վրաստանի քաղաքացի էթնիկ փոքրամասնություններ Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն չունեին: Այդ ժամանակահատվածում Վրաստանում բնակվող բազմաթիվ հայեր ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որով Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու հնարավորություն էին ստանում: Սակայն մյուս կողմից միգրացիոն հոսքերի վրա դրական ազդեցություն էին գործում այն բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրերը, որոնք իրականացվում էին Վրաստանում 2009-2012թթ.: Երկրի ներսում տնտեսական բարվոք վիճակը և նոր աշխատատեղերի ստեղծումը վրացիներին զերծ էին պահում այլ երկրներում աշխատանք ու գոյության միջոցներ փնտրելուց: Թեև 2013թ. Սահակաշվիլիի իշխանության հեռացումից հետո միգրացիոն հոսքերը կրկին բացասական են, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ գտնվում են բավականին ցածր ցուցանիշների վրա: Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը գործում է ոչ վաղուց, և փորձագետները դեռևս ռիսկեր չեն տեսնում այդ հիմքով միգրացիոն հոսքերի ավելացման համար, թեև չեն բացառում, որ այն կարող է մեծացնել արտագաղթի բացասական սալդոն:

Վրաստանի համար արտագաղթից բացի ներկայումս ազգային անվտանգության կարևոր մարտահրավեր է ծնելիության նվազումը, մահացության ավելացումը և բացասական բնական աճը, ինչպես նաև լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի դատարկումն ու բնակչության ծերացման արագացող գործընթացը:

Վրաստանի բնակչության թվի նվազման վրա մեծ ազդեցություն է գործել հատկապես  ծնելիության անկումը, որն անկախությունից ի վեր կրճատվել է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձրացել: Ըստ այդմ բնական աճի ցուցանիշը շեշտակի անկում է ապրել: 1990թ. համեմատ բնական աճի ցուցանիշը 2007թ. կրճատվել է մոտ 5 անգամ: Թեև 2007-2014թթ. Վրաստանում աճել է ծնելիության ցուցանիշը, սակայն 2016թ.-ից ի վեր ծնունդների անկումը շարունակվում է, և արդեն իսկ 2017թ. առաջին կիսամյակում մահացության ցուցանիշը գերազանցել է ծնելիությանը 1,6 տոկոսով, ընդ որում, մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վրաստանի լեռնային շրջաններում: Բնական աճի դրական ցուցանիշով աչքի են ընկնում միայն մայրաքաղաք Թբիլիսին, Աջարիան և առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո-Քարթլիի տարածաշրջանը: Իսկ ահա հայաբնակ Սամցխե-Ջավախքում բնական աճի ցուցանիշը ևս բացասական է:

Ծնունդների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-2000թթ. ծնված սերունդը: Այսպես, 1980-1990թթ. Վրաստանում ծնվել է 445, իսկ 1990-2000թթ.՝ 225 հազար աղջիկ: Եվ մոտակա 10-15 տարվա կտրվածքով Վրաստանին սպառնում է բացասական բնական աճ: Ի լրումն դրա՝ խախտվել է նաև մեծահասակների և երիտասարդների միջև հավասարակշռությունը: Վերջին 4 տարիներին մեծահասակների թիվն ավելացել է մոտ 40 հազարով, և ներկայիս իրավիճակի պահպանման դեպքում 2030թ. Վրաստանում կենսաթոշակային տարիքի մարդկանց թիվը կհասնի 1 միլիոնի:

Վրաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ծնելիության մակարդակը պահպանելու և մահացությունը կրճատելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ երկրում արգելվել են սեռով պայմանավորված աբորտները: Բացի այդ աբորտից առաջ ծնողներին որոշում կայացնելու ժամանակահատվածը 3 օրից դարձրել են 5 օր: Ծնելիության ընդհատումներն իսկապես մեծ թիվ են կազմում Վրաստանում: Միայն 2012թ. արձանագրվել է ծնելիության 40 հազար ընդհատում, իսկ 2014թ.՝  33 հազար [2]:

2016թ. հունվարի 1-ից կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2 տարի անընդմեջ հավելյալ 100 լարի են ստանում բարձրլեռնային բնակավայրերում մշտական բնակվող ընտանիքներում ծնված առաջին և երկրորդ, և 200 լարի՝ երրորդ և չորրորդ ծնված երեխաների ծնողները: Բացի այդ 2013թ. սկսած կառավարությունը «Ժողովրդագրական վերածննդի» ֆոնդի հետ միասին ֆինանսավորում է անվճար ծննդօգնությունը, ծննդկանների հղիության ամբողջ ընթացքը, տրամադրում է անվճար դեղորայք:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից անմասն չի մնացել անգամ վրաց եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը, որն անձամբ է կնքում վրաց ընտանիքներում ծնված երրորդ և ավելի երեխաներին: Ըստ այդմ, 2008թ.-ից ի վեր Իլյա Երկրորդն արդեն իսկ մոտ 30 հազար երեխայի կնքահայր է դարձել: Վրաստանի կառավարությունը նաև պատրաստվում է վերականգնել 2007թ. կասեցված բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական լայն աջակցության փաթեթները: Ընթացքի մեջ է նաև ընդլայնված «ժողովրդագրական անվտանգության» կոնցեպցիայի մշակումը: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման շրջանակներում Վրաստանի կառավարությունը 2013-2017թթ. արդեն իսկ ծախսել է 81 մլն դոլար:

Նպատակը մեկն է՝ կանխարգելել սպասվող ժողովրդագրական աղետը: Ըստ ՄԱԿ-ի փորձագիտական կանխատեսումների՝ եթե իրավիճակի կայունացում չլինի և չբարելավվեն ժողովրդագրական ցուցանիշները, ապա 2050թ. Վրաստանի բնակչությունը կկրճատվի 1 մլն 170 հազար մարդով, իսկ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1991-2017ԹԹ.

Ի տարբերություն իր հարևան Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը ներկա փուլում գտնվում է ավելի բարվոք և կայուն ժողովրդագրական վիճակում: Դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ 1991թ.-ից ի վեր Ադրբեջանում բնական աճի ցուցանիշը գտնվել է դրական տիրույթում, այսինքն ծնունդների թիվը միշտ գերազանցել է մահերին: Դա ապահովել է Ադրբեջանի բնակչության աճի կարևորագույն մասը, չնայած 2014թ. Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայությունը, նշելով մշտական բնակչության թիվը, այսինքն Ադրբեջանում գրանցված, բայց դրսում գտնվող քաղաքացիներին, ընդգծել էր, որ 9 մլն 477 հազար մարդուց  մոտ 1 միլիոնն ապրում է Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, մոտ 120 հազարը ԼՂՀ-ում ապրող հայերն են և մոտ 240 հազարը՝ Ադրբեջանում ապրող օտարերկրացիները։

Մյուս կողմից, Ադրբեջանի վիճակագրությունը փաստում է, որ 1990-2015թթ. Ադրբեջանի միգրացիոն սալդոն բացասական է եղել ընդամենը 178,2 մարդով։

Ադրբեջանն իր բնակչության թվաքանակում ընդգրկում է արդեն իսկ 25 տարի իր կազմում չգտնվող ԼՂՀ հայ բնակչությանը։ Իսկ ընդհանուր առմամբ, 2014թ. տվյալներով՝ Ադրբեջանի բնակչությունը 9 մլն 477 հազարից պակաս է մոտ 1 մլն 360 հազարով, և դա կարող է դեռևս չարտացոլել Ադրբեջանի բնակչության ամբողջական պատկերը։

Ըստ Ռուսաստանի Դաշնության վերջին՝ 2012թ. մարդահամարի տվյալների՝ այդ երկրում բնակվում է 625 հազար ադրբեջանցի։ Բայց դա պաշտոնական թիվն է, իսկ ըստ փորձագիտական տվյալների՝ միայն Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը տատանվում է 1.5 միլիոնի շրջակայքում։ Թուրքիայում ադրբեջանցիների թիվը կազմում է մոտ 800 հազար, և ներկայիս Նախիջևանի Հանրապետության 400 հազար բնակիչների մոտ կեսը բնակվում է Թուրքիայում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի էթնիկական կազմի և թվաքանակի փոփոխություններին, ապա անկախությունից հետո հայ, ռուս մեծաքանակ բնակչության բռնի և կամավոր արտագաղթից հետո ադրբեջանցիների տոկոսային հարաբերությունը մեծացել է, և 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմել են ընդհանուր բնակչության 91,6 տոկոսը:

Ինչպես երևում է աղյուսակից, 1989-2009թթ. Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 1.901.268 մարդով կամ 27 տոկոսով, իսկ 2017թ. հունիսի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի բնակչության պաշտոնական թիվը կազմել է 9.843.031 մարդ, կամ 2009թ. համեմատ Ադրբեջանի բնակչությունն աճել է ևս 935.953 մարդով կամ 10 տոկոսով:

1989-2009թթ. մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ոչ միայն փոխվել է Ադրբեջանի բնակչության թիվը, այլև լուրջ փոփոխությունների է ենթարկվել նաև էթնիկական կազմը: Ղարաբաղյան շարժումից ի վեր Ադրբեջանում հայկական ջարդերի ու էթնիկ հայերի արտաքսման հետևանքով արդեն իսկ 1991թ. Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչություն չէր մնացել: Հայերի մեծ մասն ապաստանեց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Քաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանը դեռևս հաշվառում է ԼՂ հայ ազգաբնակչությանը և նրանց համարում իր երկրի քաղաքացիներ:

1989թ.-ից ի վեր հայերի բռնի տեղահանմանը զուգահեռ Ադրբեջանից սկսեցին հեռանալ ռուսներն ու ուկրաինացիները: 1989թ. մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում երկրորդ էթնիկ թվակազմն ունեցող ռուսների թիվը 2009թ. մարդահամարի տվյալներով՝ նվազել է 200 հազարով, և ըստ վերջին տվյալների՝ նրանց թիվը շարունակում է նվազել: Էականորեն նվազել է նաև ուկրաինացի և հրեա ազգաբնակչության թվաքանակը, իսկ ահա թալիշների թիվն Ադրբեջանի անկախությունից հետո էականորեն ավելացել է, բայց դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ թալիշներ սկսել են նշել իրենց իսկական ազգությունը: Սովետական ժամանակաշրջանից սկսած Ադրբեջանում ընթանում էր այլ էթնիկ խմբերի ադրբեջանացման գործընթացը, և դա առավել ցայտուն դրսևորվեց նախորդ դարի 70-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակաշրջանում, երբ փաստացի փոփոխվում էին քուրդ, թալիշ, լեզգի ժողովուրդների էթնիկական պատկանելիության տվյալները: Ըստ փորձագիտական տվյալների՝ Ադրբեջանում այդ էթնիկ խմբերի իրական թիվը ներկայումս տատանվում է 800 հազարից 1 միլիոնի շրջակայքում, սակայն Ադրբեջանի պետական քաղաքականությունը կեղծում է այդ տեղեկատվությունը և մարդահամարների ժամանակ նրանց թիվը քիչ է ներկայացնում:

Ադրբեջանը նախկին խորհրդային երկրների շարքում իր ժողովրդագրական ներկայիս վիճակով տարբերվում է մի կարևոր գործոնով ևս: Բարձր ծնելիությունն Ադրբեջանին ապահովել է առավել երիտասարդ բնակչության տարիքային կառուցվածքով, որը կայուն նախադրյալներ է ստեղծում բնակչության թվաքանակի հետագա ավելացման համար:

Թեև 2008-2014թթ.  0-14 տարեկանները տոկոսային հարաբերակցությամբ բնակչության ընդհանուր կազմում նվազում են գրանցել, սակայն բացարձակ թվային արտահայտությամբ այդ տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը կազմում է 2 մլն 114 հազար մարդ, կամ 2014թ. ամբողջ բնակչության 22,2 տոկոսը: Այդ տարիքային խմբի թիվը կազմում է ներկայիս Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության մոտ 75 տոկոսը: Առավել տպավորիչ է 15-29 տարեկան երիտասարդ բնակչության կառուցվածքը, որը կազմում է Ադրբեջանի բնակչության 27,8 տոկոսը կամ Վրաստանի ներկայիս  բնակչության մոտ 70 տոկոսը: Բարձր ծնելիությունն ու բնական աճի բարձր ցուցանիշը նաև նպաստել են Ադրբեջանի 60 և ավելի տարիքային խմբի բնակչության թվաքանակի տոկոսային նվազմանը, որը 2008թ. համեմատ 2014թ. պակասել է 1,3 տոկոսով, և այդ տարիքային խումբը կազմում է Ադրբեջանի ընդհանուր բնակչության մոտ 7,1 տոկոսը:

Դեռևս խորհրդային միության ժամանակաշրջանում Ադրբեջանը գրանցում էր բարձր ծնելիություն և բնական աճի բարձր ցուցանիշ, որը միջինը կազմում էր 2 տոկոս, և այդ ցուցանիշով միջինասիական հանրապետությունների հետ միասին այն առաջատար դիրքերում էր նախկին Խորհրդային Միության երկրների շարքում:

Խորհրդային միության փլուզումը, տնտեսական վիճակի վատթարացումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ու միգրացիան ևս բացասական ազդեցին Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշների վրա: Եթե 1991թ. Ադրբեջանում ծնվել էր 190.353 երեխա, ապա հաջորդ 10 տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար նվազում է, և արդեն իսկ 2001թ. Ադրբեջանում ծնունդների թիվը կազմում էր 110. 356 երեխա, կամ ծնելիությունը 1991 թվականին 2001թ. համեմատ պակասել էր 43 տոկոսով:

2002թ.-ից հետո տնտեսական վիճակի կայունացմանը, հսկայական նավթադոլարների հոսքին զուգընթաց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը կայունացրեց ծնունդների այդ անկումը, և 2003թ. համեմատ 2008թ. Ադրբեջանում ծնունդների թիվն աճել էր 38.619 երեխայով կամ 16 տոկոսով՝ հասնելով 152.086-ի: Ծնունդների ավելացումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ամուսնական տարիք էր մուտք գործել նախորդ դարի 80-ական թվականներին ծնված սերունդը, որի թիվն այդ տարիներին հասնում էր տարեկան մինչև 207 հազարի:

2008-2009թթ.՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորը շրջանում, երբ գրանցվում էր նավթի գնի կտրուկ անկում, ծնունդների թիվն էական փոփոխությունների չի ենթարկվում, սակայն 2010թ. սկսած նավթի գների և սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը զուգընթաց՝ Ադրբեջանում ծնունդների թիվը կրկին սկսում է ավելանալ, և 2011թ. տվյալներով գրանցվում է ժամանակակից Ադրբեջանի ծնունդների ամենամեծ ցուցանիշը՝ 176.072 մարդ: Չնայած հաջորդ տարիներին գրանցված ծնունդների թվի անկմանը, որը 2014թ. կրկին համընկավ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման հետ, 2017թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Ադրբեջանում կրկին գրանցվել է ծնունդների աճ, թեև, ընդհանուր առմամբ, մասնագետները նշում են, որ առաջիկա տասնամյակում այդ ցուցանիշը կնվազի, քանի որ ամուսնական տարիքում է գտնվելու նախորդ դարի 90-ականներին ծնված սերունդը, որի թիվն ավելի քիչ է, քան 80-ական թվականներինը: Ընդհանուր առմամբ, ծնելիության բարձր ցուցանիշը լավ նախադրյալներ է ստեղծում բնակչության հետագա բնական աճի և բնակչության թվաքանակի ավելացման համար[1]:

1991-2017թթ. Ադրբեջանում ծնվել է 3.774.205 երեխա, որը հավասար է ներկայիս Վրաստանի և գերազանցում է Հայաստանի ընդհանուր բնակչությանը:

Ինչ վերաբերում է մահերին, ապա Ադրբեջանում 1991թ. անկախությունից հետո մահերի թվի ավելացումը հիմնականում կապված է 1992-1995թթ. ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի կրած մարդկային մեծ կորուստների հետ: Թեև հետագա տարիներին այդ ցուցանիշը նվազում է, սակայն 2016 թվականին 2005թ. համեմատ մահերի թիվը կայուն կերպով աճել է՝ գրանցելով  9 տոկոս աճ: Ընդհանուր առմամբ, 1991-2017թթ. մահերի թիվն Ադրբեջանում կազմել է 880.396 մարդ, իսկ բնական աճը՝ 2. 893. 809 մարդ:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական կանխատեսումների՝ 2030թ. Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 10.68 մլն մարդու, իսկ 2050թ.՝ մինչև 11,03 միլիոնի, կամ 2017թ. համեմատ կաճի մոտ 22 տոկոսով:

ՎԵՐՋԱԲԱՆ

Հարավային Կովկասի երկրների ժողովրդագրական պատկերը հուշում է, որ առաջիկա տասնամյակներում ունենալու ենք նվազող բնակչությամբ Վրաստան և աճող Ադրբեջան: Դա էական ազդեցություն է ունենալու ինչպես նրանց տնտեսական, այնպես էլ քաղաքական զարգացումների վրա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ է Ադրբեջանի ներկայությունը ներկայիս Վրաստանի տնտեսական կյանքում, ապա վերջինիս բնակչության հետագա կրճատումը, ինչպես նաև տարածաշրջանների բնակչության դատարկվելը կարող է էականորեն փոխել նաև Վրաստանի էթնիկական կազմը:

Ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք՝ բացառված չէ, որ առաջիկա տասնամյակներում վրացիների թվաքանակի կրճատմանը զուգընթաց այնտեղ կարող են բնակություն հաստատել իսլամ դավանող տարբեր էթնիկական խմբեր, ինչը կարող է առնչվել նաև Հայաստանին:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930