Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն է, որում ամբաստանյալներից Սամվել Բաբայանը հանդես եկավ պաշտպանական ճառով:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց (գործով մյուս մեղադրյալներ՝ Սանասար Գաբրիելյան, Արմեն Պողոսյան՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյան, Անդրանիկ Քոչարյան, Ժորա Զաքարյան, Դավիթ Հարությունյան) ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն:
Սամվել Բաբայանը համոզմունք հայտնեց, որ հանցանք չի կատարել, ուստի արդարանալու իմաստ չի գտնում, իսկ մեղադրական ճառի բովանդակությունը «ենթադրություններ» որակեց: «Կրկնում եմ՝ դա հրթիռի մասնիկ է, ոչ թե հրթիռ: Հրթիռն ամբողջական է, եթե արձակման մեխանիզմ ունի, հակառակ դեպքում այն խողովակ է՝ «տրուբա»,-նկատեց Բաբայանը:
Ինչ վերաբերում է մեղադրող-դատախազ Արամ Արամյանի՝ մեղադրական ճառում իր հասցեին հնչեցված ակնարկներին, թե ինքը, ըստ երեւույթին, «Իգլան»-ն «տրուբայից» չի տարբերում, Սամվել Բաբայանը, դիմելով դատախազին, ասաց. «Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ, որը մինչեւ իմ գալն է եղել, Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից 10-ը՝ էդ «Իգլաներով»… Եթե իմ մասնագիտության վրա ինչ-որ մեկը կասկածում է, ասեմ՝ դո՞ւք պետք է գնահատական տայիք, թե ես ինչպես եմ ծառայել իմ երկրին»:
Ապա Բաբայանը դատախազին կոչ արել չքաղաքականացնել դատավարությունը, առավել եւս, որ ինքը նման նպատակ չունի:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ