Այսօր «Ելք» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ վերազգային այդ ինտեգրացիոն միավորին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով մենք կորուստներ ենք ունեցել եւ փաստերն անողոք են: Նա հիշեցրեց, թե ինչ էր խոստացվում եւ ինչ ունենք այսօր: ՀՀ-ի դիրքորոշումը՝ միանալ ԵԱՏՄ-ին, փաստարկվում էր անվտանգության բաղադրիչով. «Ենթադրենք, ի նկատի են ունեցել անվտանգության լայն օրակարգը: Զուտ քաղաքական կամ ռազմաքաղաքական անվտանգության մասով ինտեգրացիայի դեպքում երբեմն գնում ես սեփական ինքիշխանության որոշակի սահմանափակման, եթե դրա դիմաց ավելանում է քո անվտանգությունը: Եթե այսօր խոսում ենք, որ եւ-եւ-ի քաղաքականությունը կայացել է, թույլ տվեք ամենաթարմ օրինակը վկայակոչել: Երբ Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանին հարցնում են ԵՄ-ի հետ ընդլայնված եւ համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված ՌԴ դիրքորոշման մասին, նա պատասխանում է՝ ինձ ՌԴ-ից չեն կշտամբել: Թերեւս, սա ամենալավ օրինակն է, ցույց տալու, որ այն եւ-եւ-ը, որը վերաբերում է ինքնիշխան քաղաքականություն վարելու իրավունքին, ամենեւին էլ ինքնիշխան եւ-եւ չէ, թույլատրված եւ –եւ է»:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, թե ԵԱՏՄ մտնելիս ինչպես էին խոստանում 500 մլն-ի ներդրումներ՝ կոնկրետ «Նաիրիտում», ուստի իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու այդ ներդրումները չեն կատարվել: Մինչ այժմ կառավարությունը չի հրապարակել «Նաիրիտում» աուդիտի արդյունքները: Մինչդեռ ՀՀ հանրությանը խոստացվել էր, որ ԵՏՄ-ն հենց այն տեղն է, որտեղ կարող ենք վերագործարկել արտադրամասերը, արդյունաբերությանը զարկ տալ: Առաջ պնդում էին, որ հենց եվրասիական շուկան է համապատասխանում մեր ապրանքների չափանիշներին:
Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նաեւ գազի խնդրին՝ նշելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ մտավ, բայց ՀՀ սպառողը գազը ստանում է չափազանց բարձր գներով ու դա էլ է խաբկանք, թե մենք օգուտ ենք ստանում դրանից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ