Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագնի թաղամասում առանձնատուն են ուզում` պայմանով, որ պարիսպ ունենա

Նոյեմբեր 27,2017 14:30

Սակայն այդպիսի գնորդներին թաղամասի սեփականատերը մերժում է

Վահագնի թաղամասում այս պահին մի առանձնատան շինարարություն է ընթանում: Նոր առանձնատունը հարեւանությամբ գտնվող տներից տարբերվում է նրանով, որ այս նորակառույցի շուրջը, առաջին տպավորությամբ, պարիսպ է կառուցվում, ինչը հակասում է թաղամասի, այսպես ասած, սկզբունքներին: Վահագնի թաղամասը ստեղծելիս սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը գաղափարի հիմքում դրել էր, որ թաղամասի տներն առանց պարսպի են լինելու՝ բաց, ազատ տարածքներով: Մինչ այժմ հենց այդպես էլ եղել է, եւ թաղամասի առանձնատները ոչ թե պարսպով են առանձնանում, այլ փոքրիկ փողոցներով:

«Առավոտի» հետ զրույցում «Հովնանյան ինթերնեյշընլ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Նինա Հովնանյանը, որը նաեւ Վահագնի թաղամասի սեփականատերն է, նշեց, որ մասնավորապես տեղացի գնորդներ շատ են եղել, որոնք ցանկացել են առանձնատուն գնել` պայմանով, որ շուրջը պարիսպ լինի, սակայն թաղամասի տնօրինությունը հրաժարվել է նրանց տուն վաճառել:

Թե ինչու է թաղամասի նոր բնակիչը արտոնյալ պայմաններում հայտնվել, արդյոք նա պաշտոնյա՞ է, որին զիջողություն են արել եւ պայմանները խախտել, փորձեցինք ճշտել Նինա Հովնանյանից:

Տիկին Հովնանյանի խոսքով՝ ի սկզբանե այդ տարածքում ոչ թե առանձնատներ, այլ բոլորովին այլ կառույցներ են նախատեսված եղել: Ներկայիս առանձնատան տեղում էլ` հասարակական կենտրոն` զվարճանքի, զբաղմունքի վայրերով: Սակայն երբ տարիներ առաջ ծրագրերը փոխվել են, շրջակա կառույցները որպես առանձնատներ վաճառվել են, հետեւաբար հասարակական օբյեկտի անհրաժեշտությունն էլ վերացել է: Նինա Հովնանյանի ներկայացմամբ՝ քանի որ կառույցի հիմքն արդեն գցված է եղել, ուստի այն ցանկապատով առանձնացվել է շրջակա տներից երեխաների, շրջակա բնակիչների անվտանգության նկատառումներով: Բացի այդ, տիկին Հովնանյանն ասաց, որ երբ այդպես բաց մնացել է, տարածքը սկսել է աղտոտվել, եւ կենդանիներ էին մուտք գործել:
Վերջերս, սակայն, այդ տարածքի համար գնորդ է հայտնվել եւ ցանկություն հայտնել այն որպես առանձնատուն գնել: «Առավոտը» շրջեց տարածքում: Վահագնի թաղամասի պատասխանատուների ներկայացմամբ՝ այս հողամասի 4 կողմը փողոց է, եւ վերեւի ու ներքեւի հատվածների հարթության միջեւ էլ մոտ 3-4 մետր բարձրություն կա, հորիզոնական մասով` մոտ մեկ մետր բարձրություն, ինչի պատճառով էլ հենապատ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, որի վրա տեղադրվելու է ճաղավանդակ: Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց ընկերության իրավաբանը, ոչ թե պարիսպ է լինելու, այլ գետնից մոտ 40 սանտիմետր բարձրությամբ հենապատ, վրան էլ` ճաղավանդակ, քանի որ առանձնատունը 4 կողմից փողոցով է եզրագծված: Արդեն տեղադրված սյուներն էլ նախատեսված են արտաքին լուսավորության համար, քանի որ այդ հատվածում փողոցի լուսավորություն չկա:

Նա մեզ մատնացույց արեց այլ առանձնատների հենապատեր եւս, որոնք տարածքը հարթեցնելու նպատակով են կառուցվում:

«Հիմա այս մարդը շատ գեղեցիկ տուն է կառուցում: Հողը թեքության վրա է. որպեսզի հավասարեցվի, պիտի հենապատ անի, եւ տեղեր կան, որ հենապատը փոքր-ինչ բարձր է ստացվում, պարիսպ չէ, ընդամենը հենապատ է»,- հավաստիացրեց Նինա Հովնանյանը: Նրա խոսքով՝ հողամասի դիրքից ու տեղից ելնելով՝ թաղամասի միակ մարդն է, որն իրավունք է ստացել ցանկապատել: Ըստ նրա՝ գնորդը պաշտոնյա չէ, արտերկրի հայ է. «Մեր բնակիչների 60 տոկոսը տեղացի է, 40 տոկոսը` դրսից»:

Նրա խոսքով՝ Վահագնի թաղամասում տուն ձեռք բերելու պայմանները չեն փոխվել, ինչպես որ եղել է` բաց, առանց պարիսպների տներ, այդպես էլ հիմա է. «Այդպես գեղեցիկ է, երբ բաց է, գաղափարն այն է եղել, որ մարդիկ վանդակների մեջ չապրեն, մարդ, որը գեղեցիկ տուն է կառուցել, ինչի՞ պետք է փակի պարիսպով, ինչի՞ց է վախենում, մեր անվտանգությունը շատ լավ աշխատում է, ուժեղ հսկողություն կա, որպեսզի թաղամասը ազատ լինի, տները բաց ավելի գեղեցիկ են»,- ասաց տիկին Հովնանյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930