Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» դեմ քրեական գործը նոր զարգացումներ կունենա

Նոյեմբեր 27,2017 14:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր երեկ դիմել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը: Գրությամբ տեղեկացվել է, որ ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի պաշտպանությունը կիրականացնի հանրային պաշտպան, փաստաբան Էդիկ Աղաջանյանը, եւ քանի որ նա սեմինարի է, խնդրել էին դատական նիստը հետաձգել: Ի դեպ, հանրային պաշտպանի գործունեության շնորհիվ նրա վեց պաշտպանյալներ այս տարի արդարացվել են:

Վահագն Սիմոնյանը խնդրեց հետաձգել, ինչին չառարկեց դատախազ Հարությունյանը: Դատարանը հրապարակեց նաեւ դատախազի հարցման պատասխանը: Դատարանին շտապօգնության համապատասխան բաժնից տեղեկացրել էին, թե ահազանգերի արխիվը պահպանվում է մեկ տարի, հետեւաբար 2015թ. արխիվը գոյություն չունի:
Հիշեցնենք, որ դերասանը մեղադրվում է 2015թ. օգոստոսի 24-ին «ուղղակի դիտավորությամբ», «հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալու», տուժող Ռ. Գալստյանի նկատմամբ «որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն գործադրելու» համար:

«Զենքն» էլ, վկաների պնդմամբ, «էլեկտրահարող սարքն» է, որի մասին լսել են, չեն տեսել:

Դատարանը գործի քննությունը նշանակեց գալիք տարվա հունվարի 9-ին:
Գալիք տարվա գալիք նիստում նոր զարգացումները չենք բացառում: Մասնավորապես այն կապված է շտապօգնության կանչերի պահպանման հետ: Հիշենք, որ որպես վկա դատակոչված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը, ով քաղգործով ներկայացրել է Վահագն Սիմոնյանի շահերը, լինելով ականատես, հայտնել էր դեպքի մանրամասների մասին, նաեւ այն մասին, թե ինքն է իր հեռախոսով զանգել շտապօգնություն:
Եվ եթե շտապօգնությունը չի պահպանել կանչը, ապա դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Գեւորգ Մարտիրոսյանի ասվածը դատարանում արձանագրվել է: Մասնավորապես նա նկարագրել էր դեպքը. «2015թ. օգոստոսի 24-ին ես Վ. Սիմոնյանի հետ գնացել եմ նրա աներոջ տուն՝ գույքային հարցեր լուծելու: Երեկոյան ժամը 19.45-ին մոտեցել ենք աներոջ շենքին, ուր կանգնած էր մի անձ: Վահագնը ասաց, թե եկել է երեխաներին տեսնելու եւ նաեւ՝ թե ինչ վատ մարդ է աները, որ 6 ամիս է՝ չի թողնում երեխաներին տեսնել: Այդ մարդն, ասես, դարավոր թշնամություն ուներ, հարձակվեց Վահագնի վրա, հայհոյանքներ տվեց Սիմոնյանին, սկսվեց քաշքշուկ: Փորձեցի թույլ չտալ, սակայն առաջին իսկ հարվածից հետո Վահագնը ընկավ: Տուժողը, որը Վահագնի աներոջ հարեւանն էր, խիստ ագրեսիվ էր, հարձակվում էր Վահագնի վրա, հայհոյում կնոջը, մորը, ընտանիքին:

Իսկ Վահագնը վատ էր զգում, խնդրում էր ջուր: Դեպքի վայրից 10 մետր հեռավորության վրա կար ցայտաղբյուր եւ ես փորձ արեցի, որպեսզի ջուր հասցնեմ Վահագնին, սակայն հետեւեց տուժողի՝ 90 աստիճանի անկյան տակ երկրորդ հարվածը, ինչից Վահագնը ընկավ ցած: Տուժողը հարվածում էր ձեռքերով, ոտքերով եւ Վահագնն արդեն խռխռացնում էր, ուշքի չէր գալիս, իսկ այդ ընթացքում եկել էին տուժողի ընտանիքի անդամները եւ Դավիթ անունով մի անձնավորություն, որը խոչընդոտում էր ու չէր թողնում, որպեսզի ես զանգեմ շտապօգնություն: Մի կերպ, երբ տեսա, որ Վահագնը կենդանության նշաններ է ցույց տալիս, զանգեցի շտապօգնություն: Տուժողը գոռում էր՝ դու մեռար, քո գերեզմանը փորեցիր, դու սպանվեցիր: Իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց»:

Հետո, ըստ այս վկայի, շտապօգնության բրիգադով Վահագնին տարել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկը փաստաբանին ասել է, որ Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել:

Փաստաբանը դիմեց անգամ դատարանին, որ իր ասվածը համարեն հաղորդում հանցագործության մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

25.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930