Հայաստանի բնության պետական թանգարանում կայացավ ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների գրաֆիկական դիմանկարների ցուցադրությունը: Այն նախորդեց դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Աննա Կոստանյանի «Անմահության մարտիկներ» գրքի շնորհանդեսին, որի հերոսները Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորներն են:
«Անմահության մարտիկները» գրքում զետեղված են բոլոր այն տղաների դիմանկարները, որոնք զոհվել են տարբեր ժամանակներում, սկսած 2014 թվականի հուլիսի վերջից մինչեւ 2016 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, զոհվել են մեր համար, հանուն յուրաքանչյուր հայի:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, ովքեր վստահել են ինձ, կանգնել կողքիս եւ միասին այս ցուցադրությունը, գրքի ծնունդը կյանքի կոչել: Փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր հերոսներին, ովքեր իրենց արյունը շաղախելով մեր հայոց հողին՝ մեզ համար կերտեցին Անկախ Հայաստանը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս դիմանկարների հեղինակներին: Նրանք հիմնականում երիտասարդ նկարիչներ են Երեւանից եւ մարզերից, որոնք անձամբ չճանաչելով ոչ մերօրյա հերոսներին, ոչ ինձ, իրենց պարտքը համարեցին՝ չմերժել իմ առաջարկը, միացան նախագծին, տրամադրեցին իրենց աշխատանքները եւ մենք ունեցանք այս ցուցադրությունը Հայաստանի բնության պետական թանգարանում: Այս ցուցադրությունը ոչ թե պրոֆեսիոնալ դիմանկարների ցուցահանդես է, այլ պարզապես կրում է «մենք» գաղափարը, սա թիմային աշխատանք է, որին միացել է 18 նկարիչ», – ասաց «Անմահության մարտիկներ» գրքի եւ ցուցադրության հեղինակ Աննա Կոստանյանը «Առավոտի» հետ զրույցում:
Դիմանկարները կերտելիս իրենց զգացած ապրումների մասին հուզմունքով խոսեց նկարիչ Արգինե Սահակյանը Սյունիքից: «Հուզված եմ: Հերոսածին ծնողներն իրենց որդիներին լույս աշխարհ են բերել ոչ միայն իրենց համար: Նրանք նաեւ մերն են: Նկարել սկսել եմ մանկուց, բայց դիմանկար երբեք չէի արել: Երբ տղաները զոհվեցին, որպես սփոփանք սկսեցի նկարել: Այսօր այս թանգարանում այդ նկարներից կան: Եթե նայեք, կտեսնեք, որ պրոֆեսիոնալիզմի վրա չեմ աշխատել, ուղղակի ցանկացել եմ իմ սիրտն ու հոգին դնել, յուրաքանչյուրի հետ խոսել եմ, նրանց աչքերին նայելով մտորել իրենց երազանքները: Ծանր էր, բայց, կարծում եմ, կարողացել եմ կատարել իմ առաջադրանքը: Անկեղծ խոնարհվում եմ մեր հերոս զինվորների ծնողների առջեւ»:
Արտակ Ասոյան. «Այս դիմանկարներից մեզ նայող տղաները որոշեցին, որ այս երկիրը մերն է ու մենք ենք տերը այս երկրի: Սիրելի հերոսածին ծնողներ: Շնորհակալ ենք ձեզանից: Դուք ձեր երեխաների դաստիարակությունը փոխանցեցիք մեզ ու մեր զավակներին: Ես դա տեսնում եմ եւ հասկանում, որ մի զինվոր էլ ես եմ տալիս, որ ձեր դաստիարակած տղաների ոգեշնչումով մեկնելու է բանակ: Խորին շնորհակալություն ձեզ»:
Ամփոփելով միջոցառումը՝ Աննա Կոստանյանն ասաց, որ պատերազմում հաղթանակներն առանց կյանքի գնի հնարավոր չէ ձեռք բերել: Կարեւորն այն է, որ մենք երբեք չմոռանանք, մեր տղաներին ամենուր հիշենք, անկախ նրանից, թե ինչ միջավայրում ենք: «Մենք ձեզ բացակա չենք դնում մերօրյա հերոսներ»,- եզրափակեց նա:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
25.11.2017