Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրեր, հռչակագիր և ոչ միայն. հակիրճ ԵՄ ԱլԳ գագաթաժողովի մասին

Նոյեմբեր 27,2017 11:16

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում։

Նոր էջ

Թեև կան մի շարք պատճառներ, որոնք հայաստանցիներից շատերի մոտ համաձայնագրի և ԵՄ-ՀՀ հարաբերությունների հանդեպ սկեպտիկ վերաբերմունքի առիթ են դարձել, սակայն վստահաբար այս պայմանագրի ստորագրումը ՀՀ հետագա զարգացման համար աննախադեպ կարևոր քայլ է, քանի որ այն նոր հնարավորություններ է տալու Հայաստանին՝ ժողովրդավարական և ապահով երկիր դառնալու համար։ Իհարկե, այս պայմանագրի ճիշտ իրականացումը նախ և առաջ կախված է ներքին քաղաքական կամքի առկայությունից, սակայն այն 2013թ-ից այս կողմ ՀՀ արտաքին հարաբերություններում տեղի ունեցած թերևս եզակի դրական խոշոր իրադարձությունն է։

Այն դրական է մի քանի պատճառներով։ Նախ և առաջ ԵՄ-ն բանակցությունների փուլում սովորաբար գործընկեր երկրների հետ հարաբերությունները պահում է հնարավորինս ցածր մակարդակի վրա, սակայն պայմանագրի կնքումից հետո սկսում է ակտիվ համագործակցության փուլը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում կտրուկ կաճի։ Մասնավորապես, նախատեսվում է կողմերի ավելի սերտ համագործակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, անվտանգության և գիտամշակութային ոլորտներում։ Մնում է հույս ունենալ, որ Հայաստանը ի վիճակի կլինի ճիշտ կիրառել ԵՄ «Ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, համաձայն որի որքան Հայաստանն ավելի շատ բարեփոխումներ իրականացնի, այնքան ավելի շատ օժանդակություն կստանա ԵՄ-ից՝ ուղղված նոր բարեփոխումների իրականացմանը:

Բացի այդ

Համաձայնագրի կնքումից բացի նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունեցան նաև երկու այլ կարևոր իրադարձություններ։ Դրանցից առաջինը ՀՀ և ԵՄ միջև երկու տրանսպորտային համաձայնությունների նախաստորագրումն ու ստորագրումն էր:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրվեց «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որը նախատեսում է ՀՀ-ի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ Ենթադրվում է, որ այդ համաձայնագիրը մոտ 87 հազարով կավելացնի ուղևորահոսքը և ավելի քան 16 մլն եվրո կբերի առաջին 5 տարիների ընթացքում, ինչպես նաև կբարելավի ավիաընկերությունների հասանելիությունը հայկական շուկայում՝ ապահովելով ավելի լայն ընտրություն և ցածր սակագներ։

Բացի այդ ստորագրվեց նաև Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդակի փոխըմբռնման արձանագրությունը։ Այս երկու համաձայնությունները շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար ԵՄ երկրների հետ հաղորդակցման նոր հնարավորություններ կստեղծեն։

Գագաթաժողովի հռչակագիրը

Երկրորդ կարևոր իրադարձությունը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրն էր։ Մի քանի շաբաթ շարունակ Հայաստանում պարբերաբար հնչում էին տեսակետներ առ այն, որ հռչակագրի տեքստը պարունակում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ պրոադրբեջանական ձևակերպում։ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագրերը, որոնք հղում են տալիս Եվրամիություն-Արևելյան գործընկերության երկրներ համագործակցության հիմնարար սկզբունքներին և նշում հետագա համագործակցության ուղղությունները, սովորաբար պարունակում են կետ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին։ Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող տարբեր և ակնհայտորեն միմյանց հակասող ձևակերպումներ են ցանկացել մտցնել:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ՝ Ռիգայում, ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, նախորդ գագաթաժողովի հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր գագաթաժողովին մասնակցելուց, արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ ժամեր շարունակ չէր ստորագրում հռչակագիրն ու լքել էր նիստերի դահլիճը՝ Եվրամիության առաջնորդներին թողնելով անորոշության մեջ: Խնդիրն այն է, որ ի տարբերություն մյուս հետսովետական հակամարտությունների՝ ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ տարածքային ամբողջականության սկզբունքից բացի շեշտում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դեպքում՝ միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է։

Ընդհանրապես, ԵՄ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հանդեպ հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների վրա։ ԵՄ-ն պարբերաբար հստակ ցույց է տվել, որ խաղաղ կարգավորումից բացի կարգավորման այլ ուղիներն անընդունելի է համարում։ Ավելին՝ ԵՄ-ն համարում է խաղաղության տարածումը հարևան երկրներում իր հիմնական առաքելություններից մեկը, հետևաբար զարմանալի չէ, որ հռչակագրի վերջնական տեքստը որևէ պրոադրբեջանական դրույթ չի պարունակում։ Եվրամիության անդամ երկրները ի վերջո պարզապես բաց են թողել հակամարտությունների վերաբերյալ մասը։ Այդուհանդերձ, սա հստակ ցույց է տալիս, որ ԵՄ-ն վստահելի գործընկեր է, որը չի տրվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սադրանքներին։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930