Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրքի եռօրյա տոնն ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն

Նոյեմբեր 26,2017 23:58

Գրքի առաջին փառատոնը Երևանի սրտում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Միհր» ստեղծագործողների միության ջանքերով, այլևս իրողություն է.

«Գրքի և հրատարակչության եռօրյա հրաշալի երևանյան հրավառություն, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք-կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գիրքը»,- Երևանի Հանրապետության հրապարակի շենքերից մեկի մեծ սրահում երեք օր շարունակված շնորհանդեսների, գրքերի ցուցահանդես-վաճառքի, ընթերցանության, հեղինակների հետ հանդիպումների ավարտին և մրցանակակիրների անունների հրապարակումից առաջ Փառատոնն այսպես բնորոշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Փառատոնի կարևոր բաղադրիչը ժամանակակից հայ գրականության մրցանակաբաշխությունն էր։ Իսկ մրցութային 4 անվանակարգերում հաղթողներն են՝

Արձակ. Համբարձում Համբարձումյան (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։

Չափածո. Ներսես Աթաբեկյան (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա ( 2-րդ մրցանակ)։

Դրամատուրգիա. Գուրգեն Խանջյան (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան ( 2-րդ մրցանակ)։

Մանկապատանեկան գրականություն. Սիլվա Հովհաննիսյան (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։

1-ին հորիզոնականում հաղթողների դրամական պարգևը 500 հազարական դրամ է, 2-ինը՝ 300 հազարական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։

Հաղթողներին ձայների 60 և 40 հարաբերակցությամբ որոշել են մասնագիտական և հանրային հանձնախմբերը։ Մասնագիտական հանձնախմբի նախագահը ԵՊՀ պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է, անդամները՝ գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, գրականագետներ Հայկ Համբարձումյանը,Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը և Քրիստինե Հովհաննիսյանը։

Իրականացվեց նաև փառատոնի օրերին ծնված գաղափարը. 19 հայտատուների, որոնք գնահատող հանձնախմբերից ստացել են 30 և ավելի միավոր, հավաստագրեր շնորհվեցին։ Եթե 2018 թվականի ընթացքում նրանք կարողանան գտնել հրատարակիչների, որոնք պատրաստ են սեփական ներդրումով հրապարակել այդ հեղինակների գործերը, Գրքի երևանյան փառատոնը կաջակցի այդ գործընթացին՝ գրքի հանրահռչակման և գովազի համար փոխանցելով 100 հազարական դրամ։

Հավաստագրեր շնորհվեցին Արմեն Հայաստանցուն ( դրամատուրգիա անվանակարգում), Կարինե Խոդիկյանին (դրամատուրգիա), Էլֆիք Զոհրաբյանին (դրամատուրգիա), Անուշ Մարգարյանին (մանկապատանեկան գրականություն), Մանուշակ Հովհաննիսյանին (մանկապ.գր.), Սոնա Պողոսյանին (մանկապ.գր), Արփի Ոսկանյանին (արձակ), Ռոբերտ Միրզոյանին (արձակ), Լևոն Շահնուրին (արձակ), Նարեկ Թոփուզյանին (արձակ), Լուսինե Խառատյանին (արձակ), Անուշ Սարգսյանին (արձակ), Արամ Թարվերդյանին (չափածո), Ռուզաննա Ոսկանյանին (չափածո),Վահե Արսենին (չափածո), Արփի Ոսկանյանին (չափածո), Գևորգ Համբարձումյանին (չափածո), Մանե Գրիգորյանին (չափածո), Սուսաննա Ղազոյանին (չափածո)։

Մրցութային 133 հայտերի մեջ իր մրցանակակիրներին էր ընտրել նաև «1 դրամ» կայքը, որն իր սահմանած 100 հազարական դրամի պարգևները հանձնեց Արամ Թարվերդյանին (չափածո) և Արփի Ոսկանյանին (արձակ)։

Արմեն Ամիրյանը վստահ է, որ հաջորդ տարի արդեն գրքի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու՝ մոտ ապագայում միջազգայինի վերաճելու ակնկալիքով.

«Վստահ եմ նաև, որ հրատարակիչներն ու գրքերն այնքան ավելի շատ են լինելու, որ այս մեծ սրահում նեղվածքը շատ ավելի խիտ է լինելու»։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930