Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստաթղթի ստորագրումը Հայաստանի համար հաղթանակ էր նաև դիվանագիտական հարթակում

Նոյեմբեր 26,2017 23:15

Վերջապես, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց բազմապիսի ասեկոսեների առիթ տված, երկարատև վայրիվերումներով անցած, հանրության և քաղաքական շրջանակներում վերջնական ստորագրման կայացման առումով տարաբնույթ կասկածների տեղիք տված, այնքան սպասված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի արարողությունը կայացավ Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովի ընթացքում:

Չշտապենք շատ արագ ոգևորվել կամ պախարակել այդ պատմական փաստաթղթի ստորագրումը, այդ ամենի ճշմարտացիությունը կհաստատի կյանքը, սակայն մի բան հստակ է, որ Հայաստանի համար այդ փաստաթղթի ստորագրումը կարող է լուրջ հորիզոններ բացել: Փաստաթուղթը շատ ընդգրկուն է, այնտեղ երկրի բոլոր ոլորտներին առնչվող բազմապիսի դրույթներ կան, որոնց մի մասը կարող են իրագործվել երկրի հետագա՝ դրական զարգացումների և համապատասխան օրենսդրական ու անհրաժեշտ բազմապիսի այլ փոփոխությունների պայմաններում, որոնք ուղղակիորեն կապված են լինելու ապագայի հետ, որի վերաբերյալ կանխագուշակումները այնքան էլ պատվաբեր չեն:

Այս պահի դրությամբ ընդամենը ունենք բավականին հուսադրող և Հայաստանի համար չափազանց կարևոր փաստաթուղթ, որը հնարավոր է կյանքի կոչել հասարակության միասնական ուժերով: Չեմ ցանկանում խորանալ փաստաթղթի բովանդակության մեջ, քանզի ինչպես արդեն նշեցի, այն չափազանց ծավալուն է, սակայն մի բան ակնհայտ է, որ այնտեղ զետեղված պայմանավորվածությունները հենց այն լուսավոր ճանապարհների տեսլականներն են, որոնք հույսի և ապագայի տեսլականներ են ու որոնցով ճիշտ երթևեկելու պարագայում, Հայաստանը կարող է արձանագրել լուրջ հաջողություններ:

Չեմ ցանկանում նաև խոսել, թե այս 4 տարիների հետաձգման հետևանքով ինչ կորցրինք և ինչ շահեցինք, քանզի այն ևս բազմաթիվ հատորների վերլուծություն է պահանջում, եթե չասեմ, որ իրականում դա հնարավոր էլ չէր կատարել, քանզի դրա իրականացման համար հսկայածավալ տեղեկատվություն էր անհրաժեշտ, որը հիմնականում փակ է՝ անհասանելի: Մի խոսքով, կարծում եմ, որ ընտրված ճանապարհին ուղղակի այլընտրանք չկա: Եթե ուրիշ ոչ մի փաստարկ, ապա միայն այն, որ Ադրբեջանն ամեն ջանք գործադրում էր և մինչև ստորագրման վերջին վայրկյանը գործադրեց, որպեսզի ամեն կերպ խաթարի այդ փաստաթղթի ստորագրումը, բացահայտ խոսում է այն մասին, որ դա Հայաստանի համար չափազանց էական և խոստումնալից փաստաթուղթ է ու դրա ստորագրումը Հայաստանի համար նաև դիվանագիտական հաղթանակ է:

Փառք տանք Տիրոջը, որ այդ փաստաթղթի ստորագրման հետ կապված կասկածները մնացին ձայն բարբառո հանապատի: Այս փաստաթղթի կայացման ճանապարհը՝ մինչև ստորագրման պահը, ունեցավ բազմաթիվ ու բազմապիսի խութերով, առճակատումներով և վայրիվերումներով լի ընթացք: Կար շահերի բազմավեկտոր բախումներ և դրանք հիմնականում առնչվում էին Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, Ուկրաինային, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային, ԵԱՏՄ և Եվրոպական Միության անդամ երկրներին, ինչու չէ, նաև ԱՄՆ-ին ու մի շարք այլ երկրների հետ: Այնպես, որ այս հարցում արժանին պետք է մատուցել Հայաստանի դիվանագիտական կորպուսին, որը մինչև վերջ անվրեպ իրագործեց իր առաքելությունը և գրանցեց բաղձալի արդյունքը: Նշեմ նաև, որ այս արդյունքին հասնելու ճանապարհին դժվար է գերագնահատել նաև Հայաստանի քաղհասարակության գործադրած քայլերը, որը միմիայն նպաստեց պաշտոնական դիվանագիտության գործադրած ջանքերին: Հակիրճ նշեմ, որ ստեղծված իրավիճակում ռեալ հիմքեր կան ենթադրելու, որ Տիրոջ կամքով՝ Հայաստանի և  Եվրոպական Միության անդամ երկրների խորհրդարանները հավանաբար կվավերացնեն ստորագրված փաստաթուղթը: Իհարկե, այստեղ ևս չափազանց կարևոր է Հայաստանի և Եվրոպական Միության անդամ երկրների քաղհասարակությունների կողմից իրականացվելիք ջանքերը, որի արդյունավետ իրագործմանը ևս դրական եմ վերաբերվում:

Ինչ վերաբերվում է այս փաստաթղթի հետագա ճակատագրին, ապա նախ այն ապագայի խնդիր է և երկրորդ, բացի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքական դիրքորոշումների զարգացումից, այն ուղղակիորեն կախված է լինելու նաև Հայաստանից հետագայում պահանջվող օրենսդրական փոփոխությունների համապատասխանեցմանը Եվրոպական Միության անդամ երկրների օրենսդրությանը, որի ընթացքում կարող են բազմապիսի հակասություններ առաջանալ ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կամ փոփոխությունների ենթակա օրենսդրությունների հետ, որոնց հետագա լուծումներն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել:

Եթե մի պահ հնարավոր է պատկերացնել այդ երկու կառույցների միջև առաջացող քաղաքական անհարթությունների լուծումը, ապա բացարձակ չի երևում այդ նույն կառույցների միջև հնարավոր օրենսդրական անհամապատասխանությունների լուծման ճանապարհները, որն էլ հենց այս փաստաթղթի հետագա ճակատագրի ամենակնճռոտ կետը կարող է լինել: Թող պայծառատեսություն չհամարվի, համոզված կարելի է պնդել, որ գոնե Ադրբեջանն իր համախոհների աջակցությամբ հետագայում ևս ամեն ջանք գործադրելու է, փորձելով մշտապես խաթարել ու խոչընդոտել այս փաստաթղթի կյանքի կոչման հետագա իրագործմանը:

Լավատես լինենք և հուսանք, որ Տիրոջ օրհնությամբ և մեր ժողովրդի իմաստնությամբ այս հարցերը դրական լուծում կստանան …

Տերը բոլորիս օգնական:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ 

Քաղաքագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Ինչ կապ ունի այստեղ Տերը, տերը մենք ենք, մեր ժողովուրդը իր առաջնորդներով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930