Այս ճաշատեսակը կարող է լինել որպես խավարտ` մսեղենի, ձկնեղենի կամ թռչնամսի հետ, կամ որպես ինքնուրույն ուտեստ` որեւէ աղցանի հետ: Մատուցման ձեւն էլ հետաքրքիր է, այդ պատճառով կարող եք տոնական սեղաններին մատուցել: Կարող եք առանձին չափաբաժիններով կամ մեկ ընդհանուր մեծ չափաբաժնով պատրաստել:
Անհրաժեշտ մթերքները
Բրինձ-1 բաժակ
Թարմ սպանախ-1 կապ
Գլուխ սոխ- 1 հատ
Սխտոր-2-3 պճեղ
Ընկույզ- 10-12 հատ
Աղ, պղպեղ- ըստ ճաշակի
Բուսական յուղ- 3 ճաշի գդալ
Կարագ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստում ենք «լցոնը»: Սպանախը լավ լվացեք, չորացրեք, կտրատեք: Սոխը, սխտորը մաքրեք, լվացեք եւ նույնպես կտրատեք:
Թավան տաքացրեք, լցրեք բուսական յուղը, տապակեք սոխը, սխտորը, ապա ավելացրեք թարմ սպանախը: Տապակեք 5-6 րոպե, մինչեւ սպանախը թոշնի: Ընթացքում աղը, պղպեղն ու ոչ շատ մանր կտրատած ընկույզն ավելացրեք: Վերջում ավելացրեք կարագն ու անջատեք: Կարագը յուրահատուկ համ է տալիս սպանախին:
Բրինձը լվացեք եւ առատ ջրով խաշեք, ջրքամեք: Կերամիկայից պատրաստված կամ ապակյա փոքր աղցանամանները (կամ, եթե ընդհանուր եք մատուցելու` մեկ մեծ աղցանամանը) լավ ձեթապատեք: Բրինձը լցրեք աղցանամանի մեջ եւ գդալով սեղմեք պատերին ու հատակին, որ ընդունի աղցանամանի տեսքը: Լցրեք միջուկը, վրան նորից բրինձ լցրեք, որ ծածկվի:
Վերցրեք ափսեն, որով մատուցելու եք բրինձը, դրեք աղցանամանի վրա եւ շուռ տվեք` բրնձի բուրգը կհայտնվի մատուցարանի մեջ: Շուրջբոլորը լցրեք որեւէ աղցան կամ թանձրուկ եւ մատուցեք: Գլխավոր լուսանկարում մի ափսեի մեջ բրնձի հետ մատուցված է կանաչ լոլիկով աղցան, մյուսում` գունավոր պղպեղներով եւ սոխով տապակված տավարի միս:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ