Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական «մանեւրը». ի՞նչ է պատմել Газеты.Ru-ի հայաստանյան աղբյուրը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Նոյեմբեր 26,2017 17:26

Газеты.Ru-ի տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում նոյեմբերի 24-ին աշխատանքներն ավարտած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, որում, ինչպես ռուսական լրատվամիջոցի հոդվածագիրն է նկատում, անդրադարձ չկա Ղրիմի եւ Դոնբասի խնդիրներին. փոխարենը, փաստվում է, որ Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ամփոփիչ հայտարարությունում, լրատվամիջոցի փոխանցմամբ, մասնավորապես նշվում է. «Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են այդ համաձայնագրի ստորագրումը: Մասնակիցները ողջունում են նաեւ ԱլԳ երկրների եւ Ադրբեջանի միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի պատրաստման ուղղությամբ իրականացվող լրջագույն առաջընթացը»:

Ռուսական լրատվամիջոցի հոդվածում ընդգծվում է.

«Երեւանի եւ Բրյուսելի միջեւ նոր համաձայնագիրը ենթադրում է լայն գործակցություն մի շարք ոլորտներում: «Հայաստանը կստանա միջոցներ՝ քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, այլընտրանքային էներգետիկայի զարգացման նպատակով, եւ ամենակարեւորը, բիզնեսի զարգացման հնարավորություններ: Համաձայնագիրը ենթադրում է Հայաստանից որոշ ապրանքատեսակների մուտք դեպի եվրոպական շուկաներ»,-Газете.Ru-ին ասել է ՀՀ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը:

Վերջինիս խոսքերով, համաձայնագիրը ՀՀ-ին թույլ կտա նաեւ զարգացնել ԵՄ-ի հետ կրթության, շրջակա միջավայրի պահպանության եւ գիտատեխնիկական ոլորտների ծրագրերը: «Մեր հանրապետությունը կկարողանա օգտվել եվրոպական մի շարք տեխնոլոգիաներից: Մեր գիտնականները կկարողանան ԱլԳ երկրներ մեկնել՝ մասնակցելու ԵՄ-ի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրերին»,-ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ այդ ամենին զուգահեռ՝ Հայաստանը շարունակելու է ԵՏՄ-ին անդամակցությունը, որն իրականացնում է 2015թ.-ից: «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ գործակցել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի հետ միաժամանակ, քանի որ երկուսն էլ յուրովի են մեզ համար օգտակար. ԵՄ երկրներն էլ ընդառաջեցին մեզ»,-եզրափակել է «Газеты.Ru»-ի զրուցակիցը:

ԱլԳ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում ասվում է նաեւ, որ ԱլԳ երկրները խստագույնս հետամուտ են Հայաստանի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բանակցությունները սկսելուն: Այս առնչությամբ էլ «Газеты.Ru»-ի աղբյուրն ընդգծում է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ինքնին չի վերացնի ՀՀ-ի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմը, սակայն կհանդիսանա գործոն, որը կողմերը հաշվի կառնեն՝ վիզաների ազատականացման ռեժիմի շուրջ պայմանավորվածության հասնելու ճանապարհին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930