Իջեւանի մշակույթի տան «Հեքիաթ» մանկապատանեկան թատրոնն Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար, Խաշթառակ, Ենոքավան, Աչաջուր, Այգեհովիտ, Սեւքար գյուղերի մանկապարտեզներում անվճար բեմադրել է թատերական ներկայացում: Այն բաղկացած է 3 մասից,սկզբից շոու են ներկայացրել հեքիաթ հերոսները՝ Միկի Մաուսը, Սպունգ Բոբը, Վինի Թուխը, Բադիկը, հետո ցուցադրվել է տիկնիկային թատրոն, ապա՝ «Կարմիր գլխարկը» թատերական ներկայացումը: Թատերախմբի գործունեության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում`գյուղեր այցելությունների հետ կապված, հոգացել է Իջեւանի քաղաքապետարանը:
Փոքրիկ հանդիսատեսները բուռն են արձագանքել ներկայացմանը: «Հեքիաթ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գայանե Չապուխյանն ասաց, որ սահմանագոտու մանուկները թատրոնի ժամանակ աշխույժ արձագանքելով` սպառնալիքներ էին ասում «Կարմիր գլխարկի» չար գայլին:
Նա հայտնեց, որ իրենք ամանորի առթիվ պատրաստում են «Ձմեռային հեքիաթ» ներկայացումը ,որի մեջ ներգրավված է 15 երեխա: Դեկտեմբերի 20-25-ը Իջեւանի մշակույթի տանն այդ ներկայացումը անվճար կբեմադրվի Իջեւան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-5 դասարանների աշակերտների եւ քաղաքի մանկապարտեզների սաների համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ