Ձյուդոյի Հայաստանի այս տարվա առաջնությունում, որ անցկացվեց երեկ Խուլ Համրերի մշակույթի եւ սպորտի պալատում, մասնակցությունը թե քանակական, թե աշխարհագրական առումով զգալիորեն զիջեց նախորդ տարիներին:
«Դա վատ ցուցանիշ է: Պատճառները շատ են, բայց գլխավորը մարզադպրոցներում խմբերի թերբեռնվածությունն է մարզիչների աշխատանքի ցածր մակարդակը: Մենք արդեն ունենք, թե քանի մարզադպրոց է մարզիկ գործուղել Հայաստանի առաջնություն եւ յուրաքանչյուը որքան: Առաջնությունից հետո ֆեդերացիան մտադիր է լուրջ աշխատանք սկսել տեղերում: Հակառակ դեպքում ձյուդոյով զբաղվողների քանակը գնալով կկրճատվի: Կարծում եմ, նշանակություն ունի նաեւ սերնդափոխությունը», – ասում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Մարզիչը դժգոհ է նաեւ առաջնությունում որոշ քաշային կարգերում պայքարի մակարդակից: «Որոշ քաշային կարգերում պայքար չկա, եւ միջազգային մրցումներում մենք անելիք չունենք: Պետք է այդ մարզիկների հետ ներսում պարապեմ, այստեղ նրանց համար ավելի շատ ուսումնամարզական հավաքներ կազմակերպեմ, որպեսզի մի ինչ-որ մակարդակի հասնեն:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ունի 2018 թվականի հաստատված ծրագիրը: Ազգային հավաքականի սակավաթիվ հիմնական անդամներ հունվարին ուսումնամարզական հավաք են անցկացնելու Ավստրիայում: Վերադառնալուց հետո «Օլիմպավանում» կկազմակերպենք ընդլայնված հավաք, որտեղ նրանց կմիանան այս առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրածները, որից հետո առավել աչքի ընկածները Ավստրիայում կմասնակցեն Եվրոպայի գավաթին : Այնուհետեւ, ամենափորձառուները կնախապատրաստվեն Փարիզում կայանալիք «Գրանդ Շլեմ» հեղինակավոր եւ այլ մրցաշարին, կընդգրկվեն արտագնա եւ ներքին ուսումնամարզական հավաքներում եւ ապրիլի վերջին Իսրայելում լավագույնները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը», – տեղեկացրեց մասնագետը:
Արմեն Նազարյանը նշեց նաեւ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Բաքվում: «Մենք նախապատրաստվելու ենք: Ֆեդերացիայի ծրագրում մասնակցությունը նախատեսված է, բայց ժամանակը ցույց կտա», – եզրափակեց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ