Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Շատ լավ է, որ ստորագրվեց Համաձայնագիրը, բայց դժվար գործը դեռ առջեւում է»

Նոյեմբեր 26,2017 02:01

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը Հայաստանում ոգեւորության մեծ ալիք է բարձրացրել:

Մի կողմից` 4 տարի առաջ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անսպասելի ձախողումը եւ Հայաստանի ինտեգրման վեկտորի կտրուկ շրջադարձը, մյուս կողմից` Եվրոպայի հակակշիռ ընկալվող Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության ավանդաբար շատ ջերմ վերաբերմունքի նույնքան կտրուկ փոփոխությունը` Ապրիլյան պատերազմի շրջանում, երբ նույնիսկ ամենառուսամետ շերտերը չէին կարող չխոստովանել պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ՀՀ ռազմավարական գործընկերոջ անընդունելի պահվածքը` հատկապես թշնամուն զենք-զինամթերք մատակարարելու առումով, ինչպես նաեւ համեմատականները` ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած հարեւան Վրաստանի եւ ԵԱՏՄ-ն «ընտրած» Հայաստանի տնտեսությունների զարգացման մակարդակների միջեւ, բնականաբար, չէին կարող չազդել հասարակական տրամադրությունների վրա, եւ Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության ակնկալիքները հիմա բավականին մեծ են:

Իսկ որքան ակնկալիքները մեծ են լինում, այնքան մեծանում է նաեւ դրանց չիրականացման պարագայում հիասթափության վախը: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում նկատել էր, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը ամեն կերպ ընդդիմանում էր Ադրբեջանը, որը տարբեր խողովակներով փորձում էր հնարավոր եւ անհնար միջոցներով` դիվանագիտական եւ ենթադիվանագիտական միջոցներով հակազդել եւ խոչընդոտել դրան:

Համաձայնագրի հանդեպ ակնհայտ խանդով եւ ընդգծված սառնությամբ էր վերաբերվում նաեւ Հայաստանի հանդեպ «տերունական» հավակնություններ ունեցող Ռուսաստանը, որի քարոզչական շրջանակները Համաձայնագրի ստորագրումը ներկայացնում են որպես Հայաստանի կողմից դավաճանական քայլ` ընդդեմ Ռուսաստանի: Եվրամիության որոշ երկրներ նույնպես շատ խանդավառ չէին այս համաձայնագրի ստորագրմամբ, քանի որ հոռետեսորեն են մոտենում ընդհանրապես Եվրոպայի ընդլայնմանը եւ Արեւելյան գործընկերությանը` մասնավորապես: Հայաստանի ներսում եւս որոշ շրջանակներ ընդծված բացասական վերաբերմունք ունեին այս Համաձայնագրի նկատմամբ` դրա տակ տեսնելով ինչ-ինչ իրական եւ ավելի շատ հորինված վտանգներ:

Այս բոլոր «դեմ»-երն ու խոչընդոտները նկատի ունենալով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն մեծ թերահավատությունը, որ կար հայ հասարակության մոտ` մինչեւ ամենավերջին րոպեն, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իրենց ստորագրությունները դրեցին այդ կարեւորագույն փաստաթղթի տակ` «Առավոտը» պարոն Նավասարդյանից հետաքրքրվեց. «Ստացվում է, որ կարծես թե բոլորը դեմ էին կամ չէին հավատում, սակայն, մարտահրավերն ընդունելով, Հայաստանը գնաց այդ քայլին եւ ստորագրեց Համաձայնագիրը:  Արդյոք այս գործընթացը անդառնալի՞ է, չի՞ բացառվում, որ ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ մի օր Հայաստանը կամ հակառակը` ԵՄ-ն «հետ կանչեն» իրենց ստորագրությունը այդ Համաձայնագրից, չկա՞ որեւէ տեխնիկական «սողանցք», որի արդյունքում կարող է Համաձայնագիրը չեղյալ համարվել: Կարո՞ղ ենք վերջապես հանգիստ շունչ քաշել եւ համարել, որ 2013-ի արդյունքում առաջացած վախերը մնացին հետեւու՞մ»:

Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` այո, կարող ենք համարել, որ գործընթացն անդառնալի է, որովհետեւ հաջորդ փուլը Համաձայնագրի վավերացումն է Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններում, եւ չեմ կարծում, որ ԵՄ անդամ որեւէ երկրում դա կարող է լուրջ խոչընդոտների հանդիպել: Նման խոչընդոտներ եղան, երբ ԵՄ անդամ երկրների խորհրդարանները վավերացնում էին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը, պատճառն այն էր, որ այդ երկրում պատերազմ էր: Սակայն Հայաստանում հիմա, փառք Աստծո, չկան նման խնդրահարույց վիճակներ, հուսով ենք` չեն էլ լինի:  Մեզ մոտ քիչ թե շատ հանգիստ իրավիճակ է, եւ կարծում եմ, որ նույնիսկ առանց լուրջ քննարկումների եւ բանավեճերի այդ վավերացման գործընթացը կիրականացվի: Համաձայնագրի գործունեության առումով ունենք երկու կարեւոր մտավախություն: Առաջինն այն է, որ մեխանիզմները, որոնք պիտի ապահովեն Համաձայնագրում առկա պարտավորությունների կիրառումը` արդյունավետ աշխատեն: Մի կողմից` Հայաստանի քաղհասարակությունը պիտի հետեւողական լինի, որ մեր իշխանությունները կատարեն ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից` ԵՄ անդամ երկրների քաղհասարակությունները պիտի հետեւողական լինեն, որ այս Համաձայնագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը, որը գոյանում է իրենց վճարած հարկերի արդյունքում, նպատակին ծառայի: Այս ուղղություններով պետք է տանել լուրջ աշխատանք, եւ այդ առումով` դժվար գործը նոր է սկսվում: Բացի դրանից կա նաեւ երկրորդ մտավախությունը` խոսքը Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին է` ի՞նչ ուղղությամբ է այդ կառույցը գնալու: Մինչեւ հիմա պարզ չէ, թե դա ի՞նչ կառույց է, ո՞ւր է շարժվում: Բայց այն կարող է  գնալ ինտագրացման խորացման ճանապարհով, եւ այդ ճանապարհին կարող են լինել այնպիսի պարտավորություններ, որոնք հակասության մեջ կմտնեն այս Համաձայնագրով մեր ստանձնած պարտավորությունների հետ: Եվ, հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, ակնհայտ է, որ այդ պարագայում Հայաստանը ստիպված է լինելու առաջնահերթությունը տալ ԵԱՏՄ-ի հետ ունեցած պարտավորություններին: Բերեմ մի պարզ օրինակ. այսօր ԵԱՏՄ-ն չունի օրենսդրության մոտարկման բաղադրիչ, իսկ ԵՄ հետ Համաձայնագրում նման բաղադրիչ կա: Սակայն, եթե մի օր ԵԱՏՄ-ում որոշեն, որ ինտեգրման խորացման համար հարկավոր է նաեւ օրենսդրությունները մոտարկել, ապա Հայաստանը կկանգնի մեծ հակասության առջեւ` ո՞ր կառույցի հետ մոտարկել իր օրենսդրությունը: Պիտի ԵԱՏՄ-ի հետ մոտարկի, այդ պարագայում խնդիրներ կլինեն այս Համաձայնագրի կատարման առումով: Սա օրինակներից մեկն էր, մենք կարող ենք ունենալ բազմաթիվ նման խնդիրներ, այդ պատճառով եմ ասում` ամեն ինչ դեռ նոր է սկսվում, դժվար գործը դեռ առջեւում է»:

Մեր հարցին`եթե նման խնդիրներ լինեն եւ ինչ-ինչ պայմանների արդյունքում չկատարենք ԵՄ առջեւ ստանձնած մեր պարտավորությունները, արդյոք չե՞նք կանգնի նույն իրավիճակի առջեւ, ինչ ժամանակին եղավ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի դեպքում, երբ մեզ պարզապես ասացին` «ցտեսություն», պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Հազարամյակի մարտահրավերներն այլ փաստաթուղթ էր, այն օգնություն էր բարեփոխման պատրաստ երկրներին, որոնք համապատասխանում են ինչ-որ չափորոշիչների, եւ եթե երկիրը սկսում է չհամապատասխանել այդ չափորոշիչներին, ինչպես 2008 թվականի մարտի 1-ից հետո Հայաստանը, ապա կորցնում է օգնություն ստանալու հնարավորությունը: Իսկ ԵՄ հետ Համաձայնագիրը այլ մեխանիզմներ է ենթադրում, սա երկկողմանի պարտավորություն է»: «Լավ, բայց եթե հանկարծ այդ երկկողմանի պարտավորությունների իրենց մասը մեր իշխանությունները չկատարեն, այդ դեպքում ի՞նչ կլինի»` մեր ճշտող հարցին ի պատասխան ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Չկան մեխանիզմներ, որ ինչ-որ բանի արդյունքում այլեւս չի գործելու այդ համաձայնագիրը, եթե կա քաղաքական համաձայնություն` շարունակել այն: Իսկ այն, թե ինչ տեմպերով են իրականացվելու նախատեսված բարեփոխումները, որ ուղղությամբ են դրանք դանդաղ լինելու եւ որ ուղղությամբ` արագ, դա արդեն Հայաստանի ներքին հարցն է, աշխատանքի արդյունավետության խնդիրն է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930