Այնպես ստացվեց, որ Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրություններում, ՀՀԿ-ից բացի, անցողիկ ձայներ ստացան «Բարգավաճ Հայաստանը», «Ելքն» ու ՀՅԴ-ն, և հիմա այդ չորսով են ներկայացնում այժմյան Ազգային ժողովի պատկերը:
ՀՀԿ-ն, իհարկե, բացարձակ մեծամասնություն է, և, բնականաբար, ցանկացած քվեարկության դեպքում իր դեմ «խաղ» չկա: ՀՅԴ-ն մեծամասնություն չի, բայց ՀՅԴ-ի դեմ էլ, փաստորեն, խաղ չկա, որովհետև ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն կոալիցիա են: ՀՅԴ-ն շատ արագ դարձավ կոալիցիայի անդամ և շատ ճիշտ շտապեց, որովհետև եթե հանկարծ «Բարգավաճը» ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեր, ՀՅԴ-ն կարող էր հայտնվել խաղից դուրս վիճակում:
ՀՅԴ-ից հետո արդեն «Բարգավաճը» չէր կարող կոալիցիա մտնել, որովհետև «Ելքի» միակ ընդդիմություն լինելը շռայլություն կլիներ, ընդ որում՝ հենց «Ելքի» համար: Բայց «Բարգավաճի» ընդդիմություն լինելն էլ առանձնապես հավանական չի, և լավագույն դեպքում «Բարգավաճը» կարող է լինել «ոչ իշխանական». այսինքն՝ ինչպես նախկինում եղել էր ու կար:
Իսկ ժողովուրդը, ինչպես նախկինում ու միշտ, ազատ ու համարձակ խոսք է սիրում: Ազատ ու համարձակ: Ժողովուրդն ազատ ու համարձակ խոսք է սիրում, բայց ընտրությունների ժամանակ հիմնականում իր ձայնը տվեց «Բարգավաճին» ու «Ելքին»: Նկատի ունենք ժողովրդի բողոքավոր ու բողոքական հատվածին: Ավելի ընդդիմադիր ներկայացող ՕՐՕ-ն, ՀԱԿ-ն ու Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը նվազագույն ձայներ ստացան: «Ազատ դեմոկրատները»՝ նույնպես:
Ասացինք, որ ժողովուրդն ազատ ու համարձակ խոսք է սիրում: Ընդ որում՝ ժողովրդի համար համարձակությունն ավելի կարևոր է, քան խոսքի ազատությունը: Ընդ որում՝ ժողովրդի համար համարձակությունը ոչ այնքան խոսքի ազատությունն է, ինչքան խոսքի առոգանությունն ու ինտոնացիան: Օրինակ՝ «Ազատ դեմոկրատները» շատ ազատ էին իրենց մտքերն արտահայտում, բայց Նիկոլ չունեին:
Առոգանություն ու ինտոնացիա ասելով՝ հենց Նիկոլին նկատի ունենք: ՕՐՕ-ն նույնպես Նիկոլ չուներ: ՀԱԿ-ը Նիկոլ ուներ, բայց ժամանակին անհեռատեսորեն հրաժարվել էր Նիկոլից: Եթե «Ելքն» էլ Նիկոլ չունենար, դժվար թե անհրաժեշտ ձայներ հավաքեր, ինչքան էլ ոմանք պնդում են, թե «Ելքն» իշխանական պրոյեկտ է: Զարուհի Փոստանջյանի մասին ոչինչ չենք ասում, որովհետև նրա ֆենոմենն առայժմ չենք հասկանում:
Նիկոլ ասելով՝ նրա բանավոր ու հռետորական խոսքի առոգանությունն ու ինտոնացիան նկատի ունենք: Այն ինտոնացիան, որը ժողովուրդն իր սրտին մոտ է ընդունում: Մի քիչ մուննաթ, մաքսիմում խրոխտություն, իշխանական կոնկրետ թիրախ, խոսքի անմիջականություն և այլն: Էս ամենին գումարած՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը՝ լինի շենքի տանիք, քրեակատարողական հիմնարկ կամ այլ տարածք:
Այսուհանդերձ, բոլոր դեպքերում մուննաթը պարտադիր է: Հիշողները կհիշեն, որ անցյալ դարի իննսունականների ընդդիմության խորհրդանիշ Արշակ Սադոյանի խոսքն իննսուն տոկոսով մուննաթից էր բաղկացած: Հիմա մի քիչ այլ ժամանակներ են, և մուննաթից բացի՝ խոսքի այլ բաղկացուցիչներ էլ են անհրաժեշտ: Այդ բաղկացուցիչներին Նիկոլը լավագույնս է տիրապետում: Ուրիշ տիրապետողներ էլ կան, և հենց նրանք են ժողովրդի մեջ տրամադրություններ արթնացնում:
Նրանք, ովքեր կարծում են, թե «Բարգավաճ Հայաստանը» հիմնականում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է ձայներ հավաքել ու Ազգային ժողով թափանցել, առանձնապես չեն սխալվում:
Ոմանց կարծիքով՝ «Բարգավաճն» ընդդիմություն է, ոմանց կարծիքով՝ ոչ: Մի ժամանակ իրենք իրենց «ոչ իշխանական» էին անվանում, հիմա էդ բնորոշումն էլ առանձնապես չի օգտագործվում: Այդուհանդերձ, քանի որ «Բարգավաճն» իշխանական կոալիցիայի մեջ ընդգրկված չի, հարկ եղած դեպքերում կարող է ընդդիմադիր կեցվածք ընդունել, երբեմն նույնիսկ՝ չափազանց ընդդիմադիր: Եվ այդպես էլ անում է:
Բայց այդպես անելու համար հարկ է համապատասխան պատգամավոր ունենալ: Բարեբախտաբար, «Բարգավաճն» այդպիսի պատգամավոր ունի՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի: Եվ շատ դեպքերում հենց Նաիրա Զոհրաբյանի շնորհիվ է «Բարգավաճն» ընդդիմադիր կեցվածք ընդունում:
Այն, ինչ ասացինք Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքի առոգանության ու ինտոնացիայի մասին, Նաիրա Զոհրաբյանի բանավորի առումով էլ կարող ենք կրկնել: Վերջինիս խոսքի առոգանությունն ու ինտոնացիան շատ հաճախ նաև ադրբեջանցիներին է հունից հանում:
Հետաքրքիրն այն է, որ թե՛ Նաիրան և թե՛ Նիկոլը լրագրողներ են եղել: Կարծում ենք՝ այս հանգամանքը ոչ թե օրինաչափություն է, այլ ընդամենը պատահականություն ու զուգադիպություն:
Օրինաչափությունն այն է, որ Արշակ Սադոյանի ժամանակներն իսկապես անցել են, և միանգամայն նոր ժամանակներ են եկել, և հայոց բանավոր խոսքը փոփոխվում, զարգանում ու բարգավաճում է:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ