«Գրքի երևանյան առաջին փառատոն»-ի շրջանակներում Հանրապետության հրապարակի նախկին կառավարական 2-րդ տանը շարունակվում են վարպետության դասերն ու շնորհանդեսները՝ հրատարակչությունների և գրողների նախաձեռնությամբ: Նոյեմբերի 25-ին գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը «Գրողի և հրատարակչի համագործակցությունը» վարպետության դասի շրջանակներում խոսեցին հեղինակ-հրատարակիչ համագործակցության կարևորության, դրանց իրավական կողմերի և գրաշուկայում տիրող իրավիճակի մասին:
«Եթե մի ժամանակ առանց հրատարակչի հեղինակները չէին կարող հրատարակել իրենց գրքերը, այսօրվա տեխնոլոգիական և մեդիա դաշտի հնարավորությունները թույլ էին տալիս հեղինակին իր խոսքը հասցնել ընթերցողին ինքնուրույն, և հեղինակները կարողացան ինքնուրույն տպագրել գրքերը: Այստեղ հարց առաջացավ, թե ո՞րն է հրատարակչի դերը, ով խոսքը տեղ հասցնելու ու բարձրաձայնելու օղակն էր:
Առաջին հայացքից թվում էր, թե հեղինակները, շրջանցելով հրատարակիչներին, կարող են ամեն ինչ անել ինքնուրույն, բայց փորձից հետո պարզ դարձավ, որ այդպիսով բավականին խնդիրների հետ են առնչվում: Հրատարակիչները գիրք տպագրելիս հարաբերվում են տարբեր օղակների հետ՝ նկարազարդողներ, ձևավորողներ, խմբագիրներ, ինչը չի արվում մասնավոր հեղինակի կողմից»,-նշեց Էմին Մկրտչյանը:
Արքմենիկ Նիկողոսյանը հավելեց, որ խնդիրներն առաջանում են նաև գիրքը գրախանութներին ներկայացնելիս. «Շատ դեպքերում անհատ գրողներից գրախանութները գրքեր չեն վերցնում: Հրատարակիչների աշխատանքը հատկապես այստեղ է կարևորվում»: Նա նաև նշեց ֆինանսական խնդիրները, որոնց բախվում է գրողը և հորդորեց գրողներին վստահության ֆոնի վրա համագործակցել հրատարակիչների հետ: «Հրատարակիչը գրողի հետ աշխատելիս պետք է վստահ լինի հավատարմության վրա, որովհետև թարգմանչական ռեսուրսներից զատ՝ ներդրվում են նաև կոմերցիոն, գովազդային ռեսուրսներ: Եղել են դեպքեր նաև, երբ հրատարակչությունը գրողի հետ աշխատել է այն պարզ պատճառով, որ գրողը հրատարակչությանը բերում է իմիջային փոփոխություններ»:
Էմին Մկրտչյանն էլ հավելեց, որ հայտնի գրողներին դիտարկելիս, երևում է, որ գրողի հեղինակության բարձրացման դեպքում թե՛ գրողները մեծ դեր ունեն, թե՛ հրատարակիչները: Նրանք այն տեսակետը հայտնեցին, որ յուրաքանչյուր գրող պետք է իմանա՝ առանց կոմերցիոն տարրերի, թեկուզ լավագույն վեպի դեպքում, աշխատանքը չի երևա: Անցում կատարելով իրավական կողմին՝ բանախոսները խոսեցին պայմանագրային ժամկետների տարբերության, գրագողության և հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: «Կոմերցիոն կամ գեղարվեստական գրքերի դեպքում 4-ից 5 տարին պայմանագրի համար բավական է »,-նշեց Էմին Մկրտչյանը, իսկ Արքմենիկ Նիկողոսյանը ավելացրեց, որ բացառություններ կան , երբ պայմանագիրը կնքվում է 5 տարուց ավելի ժամկետով:« Մենք պայմանագիր ունենք Գուրգեն Խանջյանի հետ 10 տարով, որով պարտավորվում ենք հրապարակել նրա բոլոր գործերը: Սա արդեն փոխշահավետության հիմքում է արված»,-ավելացրեց նա: Նրանք նաև նշեցին, որ թեև արված մի քանի փորձեր ձախողվել են, բայց Հայաստանում զարգանում է նաև գրական գործակալ ունենալու միտումը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, մեզ հետ զրույցում նշեց, որ ճիշտ ձևով գիրքը մատուցելու դեպքում Հայաստանում ընթերցողների թիվը կշատանա. «Պետք է ոչ թե ասել՝ գիրքը լավն է, այլ խոսել բովանդակության մասին, գրքի նախնական պատկերացումը տալ: Այդ դեպքում կարող ենք շատերին գրական դաշտ բերել»:
Խոսելով ֆինանսական խնդիրների մասին՝ փոխնախարարը նշեց, որ ֆինանսական պայմանները ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք խթանել, իսկ սխալի դեպքում՝ խանգարել գրքի վաճառքին.«Ի վերջո, մենք գործ ունենք շուկայի հետ , որն իր կանոններն ունի , և գիրքը կենսունակ դարձնելու համար չպիտի հեռանալ դրանից: Նույն մարկետինգի և պարզ գովազդի մեթոդները գրքի դեպքում ևս պիտի աշխատեն և պետության մեծ մասնակցությունը կարող է խանգարող լինել: Կարծում եմ մեր մոտեցումը մի քիչ փոխվել է պետական աջակցության վերաբերյալ»: Նա հավելեց, որ որքան հնարավոր է շատ ռեսուրսներ պիտի նպատակաուղղվեն հասարակությանը իրազեկ դարձնելու գրքերի մասին:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ