«Կլիմայի փոփոխության հետ կապված հարցերում Հայաստանը բավականին առաջընթաց գրանցած երկիր է, մասնավորապես տարածաշրջանի մնացյալ երկրներից տարբերվում է իրականացրած ծրագրերի քանակով եւ կատարված աշխատանքների ծավալով։ Այս տարվա սեպտեմբերին մենք հայտարարեցինք 20 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր, որը ստորագրվել էր «Կանաչ կլիմայական» հիմնադրամի հետ, որը նույնպես հանդիսանում էր Կլիմայի կոնվենցիայի ներքո գործող մեխանիզմ։ Եվրոպայում և Ասիայում Հայաստանը 10-րդ երկիրն է, որ ստացել է այս դրամաշնորհը»,-այսօր այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը:
Նոյեմբերի 6-ից 17-ը Գերմանիայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովը: Հայաստանը համաժողովին ներկայացել է լավ պատրաստված պատվիրակությամբ, որը մասնակցել է բազմաթիվ քննարկումների։ Այն աննախադեպ էր իր մասնակիցների քանակով՝ 16 000 մասնակից մոտ 50 երկրների նախագահներ եւ վարչապետներ, այդ թվում Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը։ Ըստ պարոն Գրիգորյանի` համաժողովի նպատակը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարն է ջերմոցային գազերի, արտանետումների նվազեցումը»:
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել է նաև Հայաստանի զեկույցը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի խոսքով․ «Հայաստանում ունենք ջերմոցային գազերի անկում 1990 թվականի նկատմամբ, հիմա ամեն տարի մենք ունենում ենք 30-40 տոկոս արտանետումներ։ Դրանց 70 տոկոսը գալիս է էներգիայի արտադրության եւ էներգիայի սպառման ոլորտից, այս առումով շատ կարեւոր է վերականգնվող էներգիան եւ էներգախնայողությունը»։
Դիանա Հարությունյանը փաստում է, որ Հայաստանը ունի նպատակ մինչեւ 30 թվականը վերականգնվող էներգիայի արտադրման ծավալը հասցնել 50 տոկոսի, այսօր այդ ցուցանիշը 36 տոկոս է։
Չնայած կոնֆերանսը Գերմանիայում էր, սակայն նախագահող երկիրը Ֆիջին էր՝ առաջին կղզի երկիրը։ Որպես նախագահ կղզի երկիր ընտրելու հիմնական նպատակը այն էր, որ կլիմայական փոփոխության հետեւանքով հիմնական տուժող երկրները դրանք են։ Փոխնախարարի խոսքով. «Կանաչ կլիմայական» հիմնադրամը պետք է գեներացնի մոտ 100 միլիարդ դոլար գումար, որի 10 միլիարդը արդեն առկա է. «Ամբողջ գումարը ուղղվելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներին, կանխարգելման եւ մեղմացման գործողություններին։ Հայաստանը այս ծրագրում էական դեր ունի ոչ թե կլիմայի ջերմոցային գազերի ծավալով, այլ գործընթացներով, որոնք մենք կազմակերպում եւ իրականացնում ենք»։
Բանախոսները հավաստիացնում են, որ կլիմայական փոփոխությունները կրում են տնտեսության բոլոր ոլորտները, կարեւոր է, որ բոլոր կատարված հետազոտությունները լինեն ուշադրության կենտրոնում։
«Համաժողովին մասնակցել է նաեւ Ադրբեջանը, որը բոլոր հարթակները օգտագործում է նույն բանը ասելու համար։ Միջազգային հանրությունը նույնպես հոգնել է այդ բառերից և սա միայն ծիծաղ է առաջացնում: Այս տարի եւս իրենց ելույթի մեծ մասը նվիրել էին Հայաստանին, որ մեր պատճառով չեն կարողանում կատարել իրենց կլիմայական պարտավորությունները, որովհետեւ իրենց տարածքի 1/5-ի նկատմամբ վերահսկողություն չունեն»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Ըստ նրա, պատասխանն այս մեղադրանքներին եղել է շատ «հակիճ եւ հստակ»՝ «Արցախի Հանրապետությունն իր անկախությունը ստացել է այն բոլոր իրավական հիմքերով ինչ Ադրբեջանի Հանրապետությունը, եւ, եթե Ադրբեջանը հետաքրքրված է բնապահպանական եւ կլիմայական հարցերի լուծմամբ պարտավոր է համագործակցել Արցախի Հանրապետության հետ»։
Անի ԱՂԱՋԱՆՅԱՆ