ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ երեկ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական ազդել Արցախի հակամարտության կարգավորման վրա: «Փաստաթղթում ասվում է, որ կողմերը սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք դրույթների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշում: Լավրովը երեւանյան այցի ժամանակ եւս ընդգծեց, որ հնարավոր չէ այդ դրույթներից միայն մեկը պահպանել, ինչպես Ադրբեջանն է ցանկանում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:
Նա կարեւորում է այն փաստը, որ համաձայնագրում ընդգծվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ասել է թե՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում, լարվածության թուլացում: «Հայաստանը պետք է այնպես անի, որ այս պայմանավորվածություններն ամրապնդվեն, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ կանի՝ նախկին դիրքը վերականգնելու համար»,-ասաց պատգամավորը:
Մինասյանը համոզված է, որ ՀՀ ԱԳՆ-ի եւ նախագահի ջանքերի արդյունքում փաստաթուղթը ստորագրվեց հենց այն տեսքով, որը ոչ մի «շանս» չի թողնում Ադրբեջանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ