Իրաքի Քրդստանի՝ սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեի արդյունքների սառեցումից հետո՝ հոկտեմբերի 23-ից սկսած, Իրաքի համար վիճելի տարածքներում տեղի ունեցան ռազմական գործողություններ (Իրաքի իշխանություններն ուժային-պատժիչ գործողություններ իրականացրին.-խմբ.), որոնք բացասաբար ազդեցին քրդախոս հայերի վրա: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հայերը մասնավորապես թուրքմենների կողմից ենթարկվեցին բռնությունների եւ տեղահանությունների:
«Ռազմական գործողությունների սկզբում հայերի հանդեպ համեմատաբար հանդուրժող քաղաքականություն էր տարվում. նրանց աշխատում էին չնկատել: Հոկտեմբերի վերջից, սակայն, իրավիճակ փոխվեց այն հայերի հանդեպ, որոնք սատարել էին հանրաքվեն: Թուրքմենական խմբավորումներից մեկը սկսեց ճնշել հայ ազգաբնակչությանը, նաեւ՝ եզդիներին»,-տեղեկացրեց փորձագետը:
Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ մինչեւ Իրաքի Քրդստանի հանրաքվեն վերջինիս ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքում Քրդստանում բնակվող հայերի վիճակը կբարելավվի, սակայն նման բան տեղի չունեցավ: Փորձագետի փոխանցմամբ՝ Բարզանին խոստացել էր նաեւ հայերենը հռչակել որպես Քրդստանի պետական լեզուներից մեկը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ