Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանի փառատոնում հանդես եկավ աշխարհում բացառիկ կազմով Օտրի տրիոն

Նոյեմբեր 25,2017 16:45

Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պակերասրահի հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում կամերային երաժշտության երեկո էր. Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես էր գալիս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ Օտրի տրիոն։ Ունկնդիրներով լեփ-լեցուն ցուցասրահում մարդկանց մի մասը նույնիսկ հոտնկայս էր լսում գեղեցիկ կատարումները։

Բացառիկ կազմով տրիոն՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ) կազմով, ունկնդրին ներկայացրեց բոլորովին նոր համերգային ծրագիր։ Հանդիսատեսը հայկական միջնադարյան եկեղեցիների որմնանկարների ներքո ունկնդրեց Յոզեֆ Հայդնի, Էմիլ Վալդտեյֆելի, Յան վան Գիլսի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից։ Համերգային երկացանկում ընդգրկված էին ինչպես պրեմիերաներ, որոնք գրված էին ֆլեյտայի, ջութակի և ալտի համար, այնպես էլ փոխադրումներ։ Ընդ որում, մշակումների հեղինակը հենց տրիոյի ջութակահար Անժելա Հովհաննիսյանն է։ Երաժիշտները նշում են, որ ամբողջովին թարմացրել են համերգային ծրագիրը, քանի որ չեն սիրում անընդհատ նույն ստեղծագործություններով հանդես գալ, էքսպերիմենտների և նորարարությունների կողմնակից են։ Ի դեպ, տրիոն, որ նրանք ստեղծել են, նույնպես նորարարությունների շարքից է. գործիքների նման համադրությամբ անսամբլն աշխարհում եզակի է։

Օտրի տրիոյի աղջիկներն առաջիկայում ևս խոստանում են հետաքրքիր ծրագրեր. խոստովանում են, որ շատ են ցանկանում իրենց կազմով կատարել ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի գործերից, ներկայացնել սիմֆոջազի ճանաչված այս հեղինակի կողմից իմպրովիզացիոն ջազի և եվրոպական երաժշտության դասական տարրերի զուգորդումները։

Իրենց ապագա ծրագրերի մասին խոսելիս Օտրի տրիոյի անդամները նշում են, որ տարբեր ձևաչափերով ելույթներ են նախատեսված։ Ծրագրեր կան արտասահմանում հանդես գալու հետ կապված, առաջարկներ ունեն դրսից։ Ի դեպ, Լյուդվիգ վան Բեթհովենի ֆեյսբուքյան էջը խնդրել է տարածել տրիոյի ձայնագրությունը, ինչը մեծ արձագանք է ստացել՝ տասն օրվա ընթացքում ավելի քան 200 հազար դիտում և բազմաթիվ առաջարկներ տարբեր երկրներից։ Օտրի տրիոյի երաժիշտները նկատում են, որ ունկնդրին գրավում է իրենց գործիքների համադրությունը և դրա արդյունքում ստեղծված հնչողությունը։ Այսօր բոլոր ոլորտներում, այդ թվում՝ դասական արվեստի, մարդիկ ցանկանում են նոր խոսք լսել, նոր շունչ ստանալ։ Տրիոյի անդամները նշում են նաև, որ ուրախ կլինեին, եթե հայ կոմպոզիտորները ստեղծագործություններ գրեին իրենց կազմի համար։

Օտրի տրիոյի ստեղծագործական գործունեության մաս է կազմում նաև լուսավորչական-կրթական աշխատանքը։ Երաժիշտները Երևանում և մարզերում ինտերակտիվ համերգներ են կազմակերպում երեխաների, դպրոցականների համար։ Հետաքրքիր դաս-համերգների ընթացքում նրանք պատանի հանդիսատեսին ծանոթացնում են երաժշտական գործիքների, կոմպոզիտորների, դասական արվեստի շատ նրբությունների հետ՝ այդպիսով երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնելով դեպի բարձր արժեքները։

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Խաչատրյանի միջազգային փառատոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930