Նոյեմբերի 24-ին Ժնեւի «Վիկտորիա հոլում» կայացել է Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների մենահամերգը, որ կազմակերպել էր «Ավետիս» ասոցիացիան: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց շեվեյցարաբնակ մեցցո սոպրանո, «Ավետիս» ասոցիացիայի հիմնադիր Վարդուհի Խաչատրյանը, համերգը նվիրած էր Հայաստանի եւ Շվեյցարիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին: «Համերգը կայացավ Շարլ Ազնավուրի հովանու ներքո: Ազնավուրը ներկա էր, նաեւ բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Մոլլերը, Ժնեւի քաղաքապետ Ռեմի Պագանին: Համերգը վարում էր հեռուստատեսության աստղ Ռոմեն Ժանը»,-ասաց Վարդուհի Խաչատրյանը:
Նա հայտնեց, նաեւ որ համերգի երկրորդ բաժնում ամբողջությամբ հայկական ծրագիր էր. «7 հայ կոմպոզիտոր ենք ներկայացրել, հինգ անգամ բիս եղավ: Մոտ մեկ ժամից ավել միայն հայկական երաժշտություն էր հնչում, իսկ առաջին բաժնում՝ Մոցարտ եւ Պրոկոֆեւ»:
Aravot.am-ի հետ զրույցում աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ սա իր առաջին համագործակցությունն է «Ավետիսի» հետ, ու ինքը բավականին գոհ է:
«Համերգը բարձր մակարդակով էր կազմակերպված, նկատելի էր լուրջ մոտեցումը երաժիշտների հանդեպ: Ես էլ, քույրս` Լուսինեն էլ, շատ գոհ ենք մնացել, եւ մտածում ենք, որ սա առաջին համագործակցությունն է, բայց վերջինը չէ: Հույս ունեմ, որ դեռ շատ նախագծեր միասին կկազմակերպենք»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Հինգ «բիս»-երից հետո իրենց կրկին բեմ հրավիրելն էլ երաժիշտը պայմանավորեց նրանով, որ ինքը քաջ ծանոթ է շվեյցարացի ունկնդրին: «Հունիսի սկզբին եմ եղել կրկին նույն դահլիճում, որը շատ եմ սիրում իր մթնոլորտի, գեղեցկության համար: Հատկապես, երբ ռոմանտիկ ռեպերտուար ես նվագում, այդ ամենը շատ համահունչ է: Ուրախ եմ, որ երեկվա համերգին բազմաթիվ հայ ունկնդիրների հանդիպեցի, մարդիկ կային, որ նույնիսկ Լիոնից էին եկել: Դա շատ հաճելի էր իմ եւ Լուսինեի համար: Դրա համար էլ կարեւոր էր, որ երկրորդ բաժնում հայկական ծրագիր լինի: Ես միշտ ուրախանում եմ, որ դահլիճում հայերի եմ հանդիպում: Շատ զգացված էի, որ միջազգային ունկնդիրը շատ հավանեց հայկական ծրագիրը»
Հավելենք, որ Ժնեւի «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպության նպատակն է հայ մշակույթի տարածումը Շվեյցարիայում, հայ երաժիշտներին շվեյցարացի ունկնդրին ծանոթացնելը:
«Ավետիսի» իրականացրած նախագծերի շրջանակներում, ի թիվս այլ ճանաչված երաժիշտների, հանդես են եկել Մաքսիմ Վենգերովը, Բարսեղ Թումանյանը, Հովհաննես Այվազյանը,Վահագն Պապյանը, Խատիա Բունիաթիշվիլին, Հայկ Մելիքյանը: Գալիք նախագծերում, Վարդուհի Խաչատրյանի հավաստմամբ, կընդգրկվեն Նարեկ Հախնազարյանը եւ Խատիա Բունիաթիշվիլին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Վարդուհի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից, հեղինակ՝ Դեմիր Սոմնեզ: