Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում նոյեմբերի 25-ին տնկվեցին բալենիներ։ Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ արդեն մի քանի տարի անց գարնանը, երբ կծաղկեն բալենիները, բուհի տարածքում կունենանք գեղեցիկ տեսարան, իսկ ամռանը ուսանողներն ու դասախոսները կկարողանան համտեսել նաև պտուղները։ Ավելի քան 30 տնկիները կխնամվեն և՜ ֆեդերացիայի անդամների, և՜ ուսանողների կողմից։
Արման Անտոնյանը նշեց նաև, որ միջոցառումը կայացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հատկացված դրամաշնորհի միջոցով և նույն ծրագրի շրջանակներում Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան ստեղծել է CLEAN ARMENIA բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր համայնքների բնակիչներին բարձրաձայնել իրենց սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրները՝ դրանց տալով լուծումներ։ Բջջային հավելվածի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկա օրերին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն