«Այս համաձայնագիրը մեզանից կպահանջի, որ պահպանենք եվրոպական չափանիշները, թեեւ Հայաստանը համարվում է անվտանգ երկիր, քանի որ փողոցներում չկա բռնություն, բռնաբարություն, կողոպուտ: Հազվադեպ դեպքեր են լինում միայն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարին միտված օրինագիծը վերջնագիծն է, եւ մինչ դրան հասնելը՝ կինը պետք է պաշտպանված լինի ընտանիքում:
«Մի անեկդոտ հիշեմ՝ տղաները խնջույքի ժամանակ քննարկում են, թե ինչ պետք է անեն, որ կինը հնազանդ լինի: Մեկն ասում է՝ «երբ առաջին անգամ բերեցի տուն, կատու ընկավ ոտքիս տակ, ճղեցի, որ կնոջս աչքը վախենա…»: Եթե կինն առաջին անգամ իր հանդեպ բռնություն է թույլ տալիս, դա դառնում է սովորույթ»,-համոզմունք հայտնեց Ահարոն Ադիբեկյանը:
Նրա հետազոտություններով՝ որոշ հայ ընտանիքներում կինն ինքն է ծեծում ամուսնուն. «140 կգ-նոց կինը եթե հարվածի, փոքրամարմին ամուսինը կթռնի պատուհանից դուրս…երբ մայրն է տանը դաստիարակողը, ամուսնուն որպես որդի է նայում ու նրան էլ է դաստիարակում: Այսպիսի ընտանիքներում մայրը վերադասն է»: Ադիբեկյանը նշեց, որ ՀՀ-ում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության հետեւյալ ձեւերին՝ սպառնալիք, ծեծ, խոշտանգում, հոգեբանական, սեռական եւ տնտեսական բռնություն. «Երբ ամուսինն ասում է՝ «էտ ի՞նչ ես հագել», դա արդեն բռնություն է, թեեւ հայերը դա չեն ընկալում որպես բռնություն»:
Սոցիոլոգի ղեկավարած կենտրոնի վերջին հարցումների տվյալներով՝ Հայաստանում կանայք սեռական ոտնձգությունների են ենթարկվում աշխատավայրում. «Օրինակ, եթե ցանկանում են հրաժարվել աշխատանքից: Իսկ երբ հրաժարվում են սեռական կապից, աշխատանքից հանում են նրանց: Նրանք չգիտեն՝ ո՞ւմ դիմեն եւ բավականին խոցելի իրավիճակում են: Կանանց գործազրկության 30 տոկոսը սեռական ոտնձգության հետեւանք է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ