«Մոնթեն մեզ ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի մարդը, որը նաեւ ազգին եւ ժողովրդին է պատկանում: Մոնթեն ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրի հայ մարդը: Նրա ողջ կյանքն այդ ուղին է եղել՝ հային արժանի կյանք ապրել՝ արդարության համար պայքարով»,-այսօր՝ ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ասուլիսում «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա բնորոշմամբ՝ Մոնթեի համար հայրենասիրությունն ամբողջություն էր, որը պետք է ապահովեր հայի ինքնորոշումն ու գործունեությունը՝ պատմական հողի վրա: Ենիգոմշյանը հիշեց՝ 1986թ. Ֆրանսիայի բանտում Մոնթեն իր նամակներից մեկում գրել է. «Շահագործումը եւ ճնշումը բռնության ձեւեր են, եւ ես պատրաստ եմ եւ կպայքարեմ դրանց դեմ՝ բոլոր ձեւերով, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ բռնության ձեւով: Եթե շահագործողները եւ ճնշողները նույն կերպ են շարունակում, այլընտրանք չի մնում, քան բիրտ ձեւով հետ պահել նրանց այդ նկրտումներից»:
Ալեք Ենիգոմշյանի համոզմամբ՝ այս խոսքերը բնորոշում են Հայաստանի ներկա իրավիճակը. «Դժբախտաբար, ՀՀ-ում եւ Արցախում արդարություն չի տիրում, չկա ինքնիշխանություն, հայ քաղաքացին չի կարողանում կենսագործունեություն ծավալել: Նաեւ այդ պատճառով է, որ վերջին տասնամյակում այդքան հայ լքեց հայրենիքը, ինչը վտանգ է հայրենիքի գոյության համար…Եթե հարգում ենք Մոնթեի եւ նրա նմանների հիշատակը, ինքներս պետք է ապահովենք նրանց երազած Հայաստանի կերտումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ