Ուկրաինան 1932-1933թթ սարսափելի ողբերգություն վերապրեց՝ Սովասպանդ` Հոլոդոմոր, որը միլիոնավոր ուկրաինացիների կյանքեր խլեց: Հոլոդոմորի դաժանությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ սովը տարերային աղետի, երաշտի կամ անբերրիության հետեւանք չէր, այլ այն դարձավ բոլշեւիկյան ռեժիմի նպատակաուղղված քաղաքականության արդյունք: Մթերքի բռնագանձման, գյուղերի եւ ամբողջական շրջանների շրջափակման, սովյալ Ուկրաինայի սահմանները լքելու արգելքի, գյուղական առեւտրի կասեցման, չհամաձայնվողների նկատմամբ բռնաճնշումների ճանապարհով ամբողջատիրական ռեժիմն ուկրաինացիների համար ստեղծեց պայմաններ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ: Բոլշեւիկյան ռեժիմի այդպիսի քաղաքականությունը հանցագործություն է ընդդեմ մարդկության եւ համապատասխանում է ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության մասին Կոնվենցիային:
Չնայած ԽՍՀՄ ղեկավարության քաղաքականությունը 1932 թվականին սով հարուցեց երկրի բազմաթիվ տարածաշրջաններում, սակայն, ոչ մի տեղ բռնաճնշումները եւ, որպես դրանց արդյունք՝ զոհերը չեն եղել այնպիսի մասշտաբների, ինչպես Ուկրաինայում եւ Կուբանում, որը գերազանցապես բնակեցված էր ուկրաինացիներով: Հատկապես այստեղ էր գործում ելքի արգելքը, ինչը հաստատում է Հոլոդոմորի կազմակերպիչների հանցավոր մղումները: Ամբողջատիրական ռեժիմի մարդատյաց քաղաքականության նպատակն էր ոչնչացնել ուկրաինական գյուղացիությանը՝ ազգի կորիզը, կրողն՝ ակունքներից եկող ավանդույթների եւ ազգային արժեքների, որոնք հակասում էին կոմունիստական գաղափարախոսությանը եւ բոլշեւիկյան առաջնորդների անթաքույց թշնամանքն էին հարուցում: Ի.Ստալինն իզուր չէր նշում 1925 թվականին. «Գյուղացիությունը հանդիսանում է ազգային շարժման հիմնական բանակը… Առանց գյուղացիական բանակի չի՛ կարող լինել հզոր ազգային շարժում: Հենց դա էլ նկատի ունեն, երբ ասում են, որ ազգային հարցն, ըստ էության՝ հենց գյուղացիական հարց է»: Սովը ԽՍՀՄ ղեկավարության կողմից դիտարկվում էր որպես գյուղացիական եւ ազգաբանի դիմադրությունը ճնշելու գործիք: Հատկապես ակնառու կերպով այն անցնում է ՌԿ(բ)Կ ԿԿ եւ ԽՍՀՄ Սովնարկոմի՝ «Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում եւ Արեւմտյան մարզում հացամթերումների մասին» որոշման մեջ, որն ընդունվեց 1932թ դեկտեմբերի 14-ին, երբ սովի միջոցով ահաբեկչության քաղաքականությունն արդեն ձեռք էր բերում ցեղասպանության բնույթ: Այդ փաստաթղթում հիմնական շեշտը դրված էր «ուկրաինացումը ճիշտ ուղիով անցկացնելու» հարցերին, ինչը նշանակում էր Կուբանում ուկրաինական դպրոցների վերացում եւ ուկրաինական մտավորականության զանգվածային հալածանք:
Ուկրաինայում 1932-1933 թվականների սովի պատճառը անբերրիությունը կամ երաշտը չէր: Հաց կա՛ր Ուկրաինայում: Սովետական կառավարությունը հացահատիկը զանգվածաբար վաճառում էր արտասահմանում: Ուկրաինայում ամբողջ հզորությամբ էին աշխատում սպիրտի գործարանները, որոնք թանկարժեք հացահատիկը եւ կարտոֆիլը վերամշակում էին օղու եւ սպիրտի, որոնք նույնպես արտահանվում էին: 1932 թվականին Ուկրաինայից արտահանվում է 1,72 մլն տոննա հացահատիկ, 1933 թվականին՝ 1,68 մլն տոննա: Այդպիսի քանակության հացահատիկը լիովին կարող էր փրկել սովյալներին:
Հոլոդոմորի պլանավորված բնույթին ցույց է տալիս նաեւ այն հետեւողականությունը, որով ամբողջատիրական ռեժիմը թաքցնում էր միջազգային հանրությունից սովի փաստը եւ հրաժարվում օգնությունից այլ երկրների կողմից, միջազգային բարեգործական կազմակերպություններից:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՈԼՈԴՈՄՈՐԻՑ
Հոլոդոմորի զոհերի թիվը հասնում է միլիոնների: Պատմաբանների գնահատականով, Ուկրաինայի բնակչության ուղղակի եւ անուղղակի կորուստների թվաքանակը կազմում է 8 մլն մարդ: Ամբողջատիրական ռեժիմի քաղաքականության մարմնավորումը հասավ իր գագաթնակետին 1933 թվականի ձմռանը եւ գարնանը, երբ յուրաքանչյուր օր զոհվում էր գրեթե 25 հազար մարդ: Հոլոդոմորի ահավոր հետեւանքներից էր չափազանց բարձր մահացությունը երեխաների շրջանում: Փրկության հուսով գյուղացիները ճեղքում էին ՆԿՎԴ-ի սահմաններն, անցնելով քաղաքներ, որտեղ եւ լքում կամ ուղղակի թողնում էին երեխաներին: Այդ երեխաները մանկատների «գերբեռնվածության» պատճառով ավելի հաճախ մահանում էին փողոցներում սովից եւ հիվանդություններից: Հոլոդոմորի վշտալի հետեւանքներից էր այն, որ 1933 թվականի սեպտեմբերին դպրոցական դասասեղանների մոտ բացակայեց աշակերտների՝ մոտ երկու երրորդը: Ողբերգության հետեւանքներից, բացի միլիոնավոր մարդկանց ֆիզիկական ոչնչացումը, դարձավ ավանդական ազգային կացույթի ավերումը երկար տարիներ ի վեր: Կոմունիստական իշխանությունն անում էր ամեն ինչ, որպեսզի քողարկի այդ հանցագործությունը: Գյուղխորհուրդներին եւ ԶԱԳՍ-երին արգելվում էր մահվան գրանցման ժամանակ նշել դրա իրական պատճառը, իսկ 1933 թվականի փետրվարին մահվան գրանցումն արգելեցին ընդհանրապես: 1934 թվականին ԶԱԳՍ-ի՝ 1932-1933 թվականներին մահվան գրանցման բոլոր մատյաններն առգրավվեցին եւ դրանց զգալի մասը ոչնչացրեցին: Այսպիսով, այդ տարիների մահացության օբյեկտիվ վիճակագրությունը բացակայում է, իսկ դա էապես բարդացնում է սովից մահացածների հաշվարկը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ
1932-1933 թվականներին բոլշեւիկյան ռեժիմի քաղաքականությունը կրում էր նպատակաուղղված եւ համակարգային բնույթ եւ ուղղված էր ստեղծելու պայմաններ, որոնք միլիոնավոր ուկրաինացիների մատնում էին սովամահության՝ նախ, ամբողջ պարենի առգրավումը, հետո բնակավայրերի լիակատար շրջափակումը, որը նպատակ ուներ մարդկանց թույլ չտալ դուրս գալ սնունդ որոնելու: Հատկապես 1932 թվականի աշնանից բոլշեւիկյան իշխանության գործողությունները ձեռք բերեցին հստակ հատկանիշներ, որոնք թույլ են տալիս որակել այն որպես ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման վերաբերյալ Կոնվենցիայի հոդված 2-ի:
ՊԱՐԵՆԻ ԱՌԳՐԱՎՈՒՄԸ
1932 թվականի օգոստոսի 7-ին Ի.Ստալինի նախաձեռնությամբ գործողության մեջ է դրվում որոշում, համաձայն որի` այսպես կոչված «կոլխոզի սեփականության հափշտակումը» պատժվում է գնդակահարությամբ կամ ազատազրկմամբ ոչ պակաս քան տաս տարով: Ժողովրդի շրջանում որոշումը ստանում է «Օրենք հինգ հասկի մասին» անվանումը: Նույնիսկ մի քանի հատ՝ դեռ ոչ վաղ անցյալում իր սեփական դաշտից կտրած հասկերի համար սովյալներին հալածում էին: Աշնանը Ուկրաինա են ուղարկում Հացամթերումների արտակարգ հանձնաժողով՝ Սովնարկոմի նախագահ Ո.Մոլոտովի գլխավորությամբ: 1932 թվականի հոկտեմբերի 30-ին նա հաղորդում էր Ստալինին. «Ստիպված էինք կոշտ քննադատել ուկրաինական կազմակերպությանը եւ հատկապես՝ ՈՒԿ(բ)Կ Կենտկոմին մթերումների գործում դեմոբիլիզացված լինելու համար»: Ճնշման թափանիվը գործի դրվեց ամբողջ թափով: Նոյեմբերի 5-ին Ո.Մոլոտովը եւ ՈՒԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մ.Խատաեւիչը մարզկոմներին ցուցում են իջեցնում, պահանջելով նրանցից հրատապ եւ վճռական միջոցներ, ուղղված 1932 թվականի օգոստոսի 7-ի դեկրետի կատարմանը՝ «բռնաճնշումների պարտադիր եւ արագ կատարմամբ եւ կոլխոզների վարչություններում քրեական տարրերի նկատմամբ անողոք հաշվեհարդարով»: 1932 թվականի նոյեմբերի 18-ին Վ.Մոլոտովի ճնշմամբ ՈՒԿ(բ)Կ Կենտկոմն ընդունում է որոշում «Հացամթերումներն ուժեղացնելու միջոցների մասին», իսկ 1932 թվականի նոյեմբերի 20-ին նաեւ Ուկրաինայի Սովնարկոմն է ընդունում համանման որոշում: Ըստ այդմ, բռնաճնշումների միջոցառումների մեջ ներառեցին բնամթերքով տուգանքները՝ մթերքի եւ անասունների առգրավումն այն տնտեսություններում, որոնք «պարտք են մնացել» ըստ հացամթերումների պլանների, որոնց կատարումն ինքնին անհնարին էր: 1932 թվականի դեկտեմբերին ՀԿ(բ)Կ Կենտկոմը պարտադրեց ուկրաինական ղեկավարությանը հացամթերման պլանի հաշվին ուկրաինական գյուղերից դուրս բերել նույնիսկ սերմացուն, ինչն էլ եւ կատարվեց:
Պարենի առգրավման համար ակտիվիստների հավաքագրմամբ ստեղծվում են հատուկ ջոկատներ՝ «բուկսիրային բրիգադներ», որոնք խուզարկություններ էին անցկացնում գյուղական առանձնատներում: Ահա ինչպես է նկարագրում այդպիսի բրիգադի «գործունեությունն» Օդեսայի մարզի Կռասնոպիլյա գյուղում «Ռադյանսկոյե սելո» թերթի գյուղական թղթակիցը 1932 թվականի դեկտեմբերյան զեկուցագրում. «Այդ բրիգադը անցնում է գյուղական տներով եւ վերցնում ինչ ուզում է եւ ումից ուզում է, եւ ուր է թաքցնում՝ անհայտ է: Լինում են դեպքեր, երբ խլում են հացը, որքան կա, իսկ երբ չես տալիս՝ կամ ձերբակալում են, կամ վերցնում ամբողջ ունեցվածքը: Երբ չես տալիս, ապա նաեւ կծեծեն, կամ տուն չես թողնում՝ նրանք ջարդում են դուռը: Ոմանք էլ, երբ հաց գնեցին, բրիգադն ասում է «կոլխոզից ես գողացել», եւ հետն էլ վերցնում են մառաններից կաղամբը, վարունգը եւ ամեն ինչ»: Արդյունքում Ուկրաինայի բնակիչների մեծ մասը մատնվում է սովամահության:
Սովից մահացությունը, ամեն օր խլելով հազարավոր կյանքեր, շարունակվել է փաստորեն մինչեւ նոր բերքը: «Կտրուկ ավելացել է ք.Խարկովի փողոցներում հայտնաբերվող եւ հավաքվող՝ սովի պատճառով մահացած գյուղացիների դիակների թիվը: Եթե փետրվարին հավաքվել է 431 այդպիսի դիակներ, մարտին՝ 689, ապրիլին՝ 477, ապա մայիսին միայն առաջին տասնօրյակի ընթացքում՝ 182, երկրորդին՝ 300, երրորդին՝ 510 մարդ: Ընդամենը՝ 992 դիակ: Եվ հունիսի առաջին երեք օրվա ընթացքում ունենք 196 դիակ»:
ՈՒՍՍՀ ԳՊՈՒ Խարկովի մարզային բաժնի պետ՝ Կացնելսոն, 5 հունիսի 1933թ:
«Վերջին շրջանում ավելացել է մահացածների թիվը եւ չեն դադարում մարդակերության եւ դիակերության փաստերը: Որոշ, սովից առավել տուժած գյուղերում օրական 10 մահվան դեպք է լինում: Այդ գյուղերում մեծ թիվ են կազմում մեխված տները, իսկ տների մեծ մասում գյուղացիներն անզոր պառկած են եւ իրենց ֆիզիկական վիճակով պիտանի չեն ոչ մի աշխատանքի…»:
ՈՒԿ(բ)Կ Վիննիցայի մարզկոմի առաջին քարտուղար Վ.Չեռնյավսկու նամակից՝ ՈՒկրաինայի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ս.Կոսիորին, գարուն 1933թ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ԿՈՒԲԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
1933 թվականի հունվարի 22-ին Ստալինի կարգադրությամբ արգելվում է գյուղացիների ելքը ՈՒՍՍՀ եւ Կուբանի տարածքից դեպի ԽՍՀՄ այլ տարածաշրջաններ: Ուկրաինացի գյուղացիներին դադարում են վաճառել երկաթուղային եւ ջրային տրանսպորտի տոմսեր: Ավելի ուշ արգելափակվում են ճանապարհները դեպի քաղաքներ, որպեսզի սովյալներին այնտեղ չթողնեն: Նրանց, ովքեր հասցնում են մեկնել՝ ձերբակալում եւ հետ են վերադարձնում: Փաստորեն, ամբողջ Ուկրաինան է անցնում «սեւ ցուցակ»: Այդ կարգադրության գործողության միայն առաջին մեկ եւ կես ամսվա ընթացքում ձերբակալվել է գրեթե 220 հազար գյուղացի: Նրանցից ավելի քան 186 հազարին բռնի կերպով են վերադարձվում գյուղեր, որտեղ նրանք մատնվում են սովամահության:
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ
Խորհրդային իշխանությունը հանցավոր կերպով լռության էր մատնում սովի փաստը: Ոչ մի պաշտոնական հիշատակում այդ սարսափելի ողբերգության մասին չկատարվեց: Պաշտոնապես սով գոյություն չուներ: ԽՍՀՄ ղեկավարությունը գիտակցաբար ապակողմնորոշում էր համաշխարհային հանրությանը: 1933 թվականի հունվարին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Մ.Լիտվինովը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ երկրում սովի բացակայության մասին: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Երյոն ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ այցելեց նաեւ ՈՒկրաինա: Արտասահմանցի հյուրի երթուղին պլանավորված էր մանրակրկիտ կերպով: Հանրապետական ղեկավարությունը նրա համար «ցուցադրական» էքսկուրսիա կազմակերպեց Կիեւի մերձակայքում գտնվող «օրինակելի» սովխոզում, որի աշխատողներն ամեն օր ուժեղացված սնունդ էին ստանում: Փողոցներում, որոնցով նա անցնում էր մեքենայով, քայլում էին լավ հագնված մարդիկ՝ հացը ձեռքներին:
Ստալինյան ռեժիմը ձգտում էր թաքցնել Հոլոդոմորը ոչ միայն արտաքին աշխարհից, այլեւ սերունդներից: 1933 թվականի փետրվարի 16-ին, երբ հազարավոր գյուղացիներ մեռնում էին սովից, տեղերում հրահանգ ստացվեց. «Կատեգորիկ կերպով արգելել որեւէ կազմակերպությանը՝ հաշվառել սովից ուռչելու եւ մահանալու դեպքերը, բացի ԳՊՈՒ-ի օրգաններից»: Գյուղսովետներին հանձնարարական տրվեց, որ մահվան արձանագրման ժամանակ պատճառը չնշվի: Բացի դրանից, 1934 թվականին իջեցվեց նոր հանձնարարական. ԶԱԳՍ-ի՝ 1932-1933 թ.թ. մահվան արձանագրություններով բոլոր գրանցամատյաններն ուղարկել հատուկ բաժիններ (որտեղ եւ նրանք, ըստ ամենայնի, ոչնչացվել են): 1934 թվականին, ելույթ ունենալով ՀԿ(բ)Կ XVII համագումարում, Ի.Ստալինը հայտարարեց 1933 թվականին բնակչության աճի մասին: Դա ազդանշան էր սովի մասին ցանկացած խոսակցությունների լիակատար դադարեցման մասին: Իսկ երբ 1937 թվականին մարդահամարն ի ցույց դրեց բնակչության ահռելի պակասորդը, Կենտրոնական վիճակագրական վարչության ղեկավարությունը հալածվեց, իսկ մարդահամարի տվյալները երկար տարիներով թաքցրեցին հատուկ պահեստարաններում: Խորհրդային միությունում սովի վերաբերյալ տեղեկատվության արգելքը գործել է ընդհուպ մինչեւ 1987 թվականը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ՍԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Արհեստական ստեղծված Սովասպանդի պատճառով միլիոնավոր ուկրաինացիների մահվան մեղքն ամբողջությամբ կրում է ԽՍՀՄ եւ ՀԿ(բ)Կ բարձրագույն կուսակցական եւ պետական ղեկավարությունը, առաջին հերթին՝ Ի.Ստալինը, որը նախաձեռնեց կոլեկտիվացումը, պատշաճորեն տեղեկացված էր, թե ինչ իրավիճակ է տիրում Ուկրաինայում 1932-1933 թվականներին, հանրապետություն գործուղեց նախ Վ.Մոլոտովին, այնուհետեւ Պ.Պոստիշեւին: Վերջինս, ի թիվս պարենը քամելու, հանձնարարություն ստացավ «մաքրել» Ուկրաինան «պետլյուրականներից» եւ «ուկրաինացի ազգայնականներից»: ԽՍՀՄ եւ ՍՄԿԿ ղեկավարությունը փաստորեն մինչեւ ХХ դարի 80-ականների վերջը ժխտում էր 1932-1933 թվականների սովի եւ դրա զոհերի առկայությունը: Չնայած խորհրդային իշխանության բոլոր ջանքերին, այդ սարսափելի հանցագործությունն ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի թաքցնել չհաջողվեց: Ողբերգությունը վերապրած մարդիկ պահպանում էին հիշողությունն այդ մասին: 1960-ականների ձնհալի ժամանակ սովի թեման սկսեց ճեղքել գրաքննության արգելքները, կարեւոր տեղ զբաղեցնելով այլախոհների հրապարակումներում եւ հայտարարություններում՝ Ե.Սվերստյուկի, Վ.Չորնովոլի, Ն.Ռուդենկոյի եւ այլոց: Հոլոդոմորի մասին ճշմարտության վերհանման գործում ահռելի ավանդ ունեցավ ուկրաինական սփյուռքը: ԽՍՀՄ-ում վերակառուցման եւ հրապարակայնության քաղաքականության ծավալման ժամանակաշրջանում կոմունիստական գաղափարախոսները ստիպված էին ճանաչել սովի փաստը եւ մասամբ բացել սովետական արխիվները՝ դրա ծավալները, մեխանիզմները, ժողովրդագրական հետեւանքները հետազոտելու համար: Դրանից հետո ուկրաինացի պատմաբանները մեծ աշխատանք կատարեցին, որի արդյունքը դարձան Հոլոդոմորին նվիրված հազարավոր մեծ եւ փոքր հետազոտություններ: Հոլոդոմորի պատմության ուսումնասիրության հետ մեկտեղ ծավալվում է շարժում հանուն զոհվածների հիշատակի հավերժացման, զոհերի ցուցակների կազմման, ողբերգությունը վերապրած ականատեսների հուշերի եւ վկայությունների հավաքման:
2006 թվականին Ուկրաինայի Նախագահ Վ.Յուշչենկոյի նախաձեռնությամբ նախապատրաստվեց ու Գերագույն Ռադայի կողմից ընդունվեց Ուկրաինայի Օրենքն «Ուկրաինայում 1932-1933 թվականներին Հոլոդոմորի մասին», որը Հոլոդոմորը ճանաչեց որպես Ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Հասարակության եւ պետության ջանքերի արդյունքն եղավ այն, որ Հոլոդոմորը մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանության ակտ: Մասնավորապես, ներկայիս դրությամբ Հոլոդոմորը որպես Ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն՝ խորհրդարանական եւ տարածաշրջանային մակարդակով ճանաչված է Ավստրալիայում, Կանադայում, Պորտուգալիայում:
Խորհրդարանական մակարդակով՝ Վրաստանում, Էկվադորում, Էստոնիայում, Կոլումբիայում, Լատվիայում, Լիտվայում, Մեքսիկայում, Պարագվայում, Պերուում, Լեհաստանում, Հունգարիայում:
Տարածաշրջանային (մունիցիպալ) մակարդակով համապատասխան որոշումներ են ընդունված Արգենտինայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում:
Եվրոպական Խորհրդարանը ճանաչեց Հոլոդոմորը որպես հանցագործություն ընդդեմ Ուկրաինական ժողովրդի եւ մարդկության: Համապատասխան բանաձեւն ընդունվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին:
Հոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչեց Բալթյան Ասամբլեան (Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի միավորումը): 2007 թվականի 24-ին Ասամբլեայի նստաշրջանում ընդունվեց Հայտարարություն. «Ուկրաինայում 1932-1933 թվականներին ցեղասպանության եւ քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի մասին»:
Վատիկանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթուղթն է «Եկեղեցու սոցիալական դոկտրինի Կոմպենդիումը»՝ այն աստվածաբանական-հովվապետական բնույթի փաստաթուղթ է: «Կոմպենդիումի»506 պարագրաֆում նշվում է. «ХХ դարը ողբերգական կերպով նշանավորվեց տարբեր ցեղասպանությունններով՝ հայոց, ուկրաինացիների, կամբոջացիների, Աֆրիկայի եւ Բալկանյան թերակղզու բնակիչների ցեղասպանությամբ»: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բազմաթիվ անգամներ դատապարտել է Հոլոդոմորը: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերին, ավարտելով հանդիսավոր մեսսան, որը տեղի էր ունենում Հռոմի Սբ.Պետրոս Տաճարին կից հրապարակում, նա առանձին հիշատակեց Ուկրաինայում Հոլոդոմորի 80-րդ տարելիցը եւ դիմեց ուկրաինացի ուխտավորներին: Հռոմի Պոնտիֆիկոսը, մասնավորապես, ասաց. «Ողջունում եմ ուկրաինական հասարակությանը, որը հարգում է Հոլոդոմորի՝ Մեծ Սովի 80-րդ տարելիցը, այն հարուցվեց սովետական ռեժիմի կողմից, ինչը բերեց միլիոնավոր զոհերի»: 2015 թվականի ապրիլին Ֆրանցիսկոս Պապը հայտարարություն արեց, որով դատապարտեց ХХ դարի «երեք ահռելի աննախադեպ ողբերգությունները»՝ հայերի կոտորածը, նացիզմի եւ կոմունիզմի հանցագործությունները:
Հոլոդոմորի զոհերի հիշատակը հարգվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ մի շարք երկրների խորհրդարանների կողմից:
2003 թվականի նոյեմբերի 7-ին ընդունվեց ՄԱԿ-ի մասնակից երկրների պատվիրակությունների Համատեղ հայտարարությունն Ուկրաինայում 1932-1933թթ Հոլոդոմորի 70-րդ տարելիցի առթիվ: Հայտարաությունը սատարեցին ընդհանուր առմամբ 65 երկիր: Ուկրաինայի նախաձեռնությամբ ստորագրության համար բացվեց «ՈՒկրաինայում 1932-1933թթ Հոլոդոմորի 75-րդ տարելիցի ոգեկոչման մասին» Հռչակագիրը (ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նստաշրջանի պաշտոնական փաստաթուղթ), որի համահեղինակներ դարձան 32 պետություն:
2007 թվականի նոյեմբերի 1-ին 193 պետություն միաձայն ընդունեցին ՅՈՒՆԵՍԿՕ-յի Գլխավոր համաժողովի հռչակագիրը, որը շրջանառության մեջ դրվեց Ուկրաինայի կողմից՝ 45 երկրների համահեղինակությամբ:
2007 թվականի նոյեմբերի 30-ին Ուկրաինայի պատվիրակությունը ԵԱՀԿ 32 անդամ-պետությունների անունից Հայտարարություն հրապարակեց Հոլոդոմորի 75-րդ տարելիցի առթիվ Մադրիդում՝ ԵԱՀԿ նախարարական նիստի ժամանակ: ԵԱՀԿ ԽՎ-ը համապատասխան բանաձեւն ընդունեց 2008 թվականի հուլիսի 3-ին:
2010 թվականի ապրիլի 28-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1723 (2010) բանաձեւը՝ «Նախկին ԽՍՀՄ-ում Մեծ սովի (Հոլոդոմորի) զոհերի ոգեկոչում», որով Հոլոդոմորը ճանաչեց որպես «Սովետական ռեժիմի հանցագործություն ընդդեմ սեփական ժողովրդի»:
Իսպանիայի, Ֆրանսիայի, Չիլիի, Չեխիայի, Սլովակիայի, Անդորրայի, Արգենտինայի, Մեքսիկայի (Սենատ) օրենսդիր մարմինների կողմից ընդունվել են բանաձեւեր՝ Հոլոդոմորի զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ:
ՈՒկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ելույթում կոչ արեց կազմակերպության անդամ-երկրներին ճանաչել Հոլոդոմոևը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Պաշտոնական ճառում Ուկրաինայի Նախագահը հայտարարեց.
«Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանը համընկնում է ХХ դարի ամենամահաբեր հանցագործությունների՝ Հոլոդոմորի 85-րդ տարելիցի հետ: Այն արհեստական սով էր Ուկրաինայում 1932–1933թթ, կազմակերպված Ստալինի ամբողջատիրական ռեժիմի կողմից, ինչը հանգեցրեց 7-ից 10 միլիոն ուկրաինացիների մահվան: Դոկտոր Ռաֆայել Լեմկինը, 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունված՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին Կոնվենցիայի հեղինակն՝ ուկրաինացի ժողովրդի ոչնչացումն անվանեց «ցեղասպանության դասակն օրինակ»: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ պետություններին ընդունել սեփական պատմական որոշումը՝ Հոլոդոմորը որպես ցեղասպանության ակտ ճանաչելու վերաբերյալ».
Յուրաքանչյուր ոք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում պետք է իմանա այս ողբերգության ծավալներն, ինչի արդյունքում խաղաղ ժամանակ իր իսկ հողում մարտիրոսաբար զոհվեցին միլիոնավոր մեր համերկրացիները, քարտեզի երեսից ջնջվեցին հարյուրավոր եւ հազարավոր գյուղեր եւ խուտորներ: Եվ ոչ միայն իմանալ, այլեւ փոխանցել այդ գիտելիքը զավակներին եւ թոռներին, ոգեկոչել զոհվածների հիշատակն, անել ամեն հնարավորը, որպեսզի նման ողբերգությունները չկարողանան կրկնվել ԵՐԲԵՔ:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանություն
Տեքստում գրված է. ՛՛2015 թվականի ապրիլին Ֆրանցիսկոս Պապը հայտարարություն արեց, որով դատապարտեց ХХ դարի «երեք ահռելի աննախադեպ ողբերգությունները»՝ հայերի կոտորածը, նացիզմի եւ կոմունիզմի հանցագործությունները՛՛:
Հռոմի պապն ի տարբերություն ձեզ՝ իրերը կոչել է իրենց անուններով, այն է՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Իսկ դուք անգամ իր ճանաչումն եք ուրանում: Էլ ում է պետք էսքան շարադրանքը: Մեր զոհերին ուրանալով՝ ձերիններին չեք հարգի:
Ես,որպես Հայաստանի քաղաքացի, չեմ կարող անտարբեր մնալ Ուկրաինական ժողովրդի
հետ կատարված ողբերգության նկատմամբ, ողբերգություն, որը բնութագրվում է մի բառով,
այն է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:Ով պետք է պատասխան տա դրա համար: Մավրը իր սև գործը
արավ, մավրը գնաց:Բազմագլուխ հրեշը՝ ԽՍՀՄ- փլուզվեց, բայց նրա բեկորները մնում են, ստվերը
հետևում է հետխորհրդային տարածքի ժողովուրդներին:Հենց այդ ժողովուրդների ջանքերով էլ
պետք է կանխել նույնի կրկնությունը: