Իհարկե այս համաձայնագրի ստորագրումից հետո չի կարելի կարծել թե Հայաստանը մոտ ապագայում կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ընդհանրապես ԵՄ-ի անդամ դառնալը կախված չէ Հայաստանի ցանկությունից: Պարզապես Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ, ի զորու չէ, այդքան ռեսուրս չունի Հարավային Կովկասում հաստատվելու համար: Այս փոքրիկ տարածաշրջանում այն ամուր հիմքեր չունի և չի կարող հենց այնպես մտնել մի տարածաշրջան, որտեղ ուժերի դասավորությունը աշխատում է ի վնաս իրեն:
Ռուսաստանն ու Իրանը իրադարձությունների այդպիսի զարգացում երբեք թույլ չեն տա: Գոնե մոտ ապագայի համար այդ հեռանկարը բացառվում է։ Այդ մասին շատ լավ հասկանում են նաև Բրյուսելում և դրանից ելնելով Հայաստանը շարունակում են ճանաչել որպես ռուսական ազդեցության չեզոք գոտի, որի հետ հնարավոր է համագործակցել: Համագործակցության այդպիսի դրսևորում է հենց Համապարփակ ու ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Արևմտատենչ վերլուծաբանները շատ են շահարկում այս համաձայնագիրը՝ հույս հայտնելով, թե այդ փաստաթուղթը կարող է գործընթացի մեկնարկ հանդիսանալ, բայց իմ համոզմամբ առնվազն միամտություն է համանման կանխատեսումներ անելը։ Այդպիսի բան չկա, դա միայն համագործակցություն է, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար՝ ինչպես նաև համագործակցության բոլոր նմանատիպ դրսևորումները: Դրանք վկայում են Հայաստանի չեզոք, հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, ինչն ավելի քան օրինաչափ է այսպիսի զգայուն տարածաշրջանի համար: Այլ խոսքով ասած՝ Հայաստանը ինչպես Ռուսաստանի դաշնակիցն է, այնպես էլ նրա թշնամիների՝ բարեկամը: Կոմպլեմենտարիզմի փայլուն դրսևորում։
Պետք է հստակ արձանագրենք, որ անկախ ամեն ինչից Հայաստանը չի կարող հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ: Ընդհակառակը դրանք պետք է զարգացվեն և թևակոխեն որակական բոլորովին այլ փուլ: Դրա հետ միասին պետք է էլ ավելի խորացվեն փոխհարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Իսրայելի և հատկապես Իրանի հետ: Իսրայելի հետ շփումը պետք է լինի շատ զգույշ՝ հաշվի առնելով Իրանի չափազանց զգայուն գործոնը:
Մի շատ կոպիտ օրինակ բերենք: Ավստրալիան քաղաքակրթական-մշակութային տեսանկյունից պատկանում է Եվրոպային, բայց ավստրալական իշխանությունները արդեն քանի տասնամյակ է, ինչ հետևողական քաղաքականության արդյունքում փորձում են ամեն կերպ ինտեգրվել Հեռավոր Արևելքի երկրների փոխհարաբերությունների համակարգի մեջ: Դա պարտադրված անհրաժեշտություն է, որը բխում է պետության առաջին հերթին տնտեսական շահերից: Հայաստանն էլ քաղաքակրթական տեսանկյունից եվրոպական է, բայց այն առաջին հերթին պետք է կարողանա ինտեգրվել տարածաշրջանային փոխհարաբերությունների համակարգի մեջ՝ կարգավորելով փոխհարաբերությունները հարևանների հետ։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում