Նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է տեղի ունեցել: Տնօրենի պաշտոնի թեկնածուն մեկն է եղել՝ բժշկական քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը: Մրցույթային հանձնաժողովի անդամներից տեղեկացանք, որ ներկա է եղել մրցութային հանձնաժողովի 10 անդամներից 9-ը, Վ. Գեւորգյանը միաձայն ընտրվել է Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն: Դիլիջանի բժշկական քոլեջի տնօրենի պաշտոնի մրցույթի մասին հայտարարությունը զետեղված է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ինտերնետային էջում, Դիլիջանում, Տավուշի մարզում շատերը տեղյակ չեն եղել դրա մասին:
2017թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում է Վարդան Գեւորգյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Դիլիջանի պետական բժշկական քոլեջի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ, սեպտեմբերի 1-ին ՀՀ-ից բացակայող, հիշյալ քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ Վարյա Բեգլարյանի ՌԴ-ից վերադառնալը, պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ: Դրանք դրսեւորվել են հետեւյալ կերպ՝ Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ Դիլիջանի պետական բժշկական քոլեջի կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող փաստեր:
Վ.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով`պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Սույն քրեական հոդվածը նախատեսում է 200-500 հազար դրամի չափով տուգանք, կամ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`առավելագույնը 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Գեւորգյանին առնչվող քրեական գործով դատավարության հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 28-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ