Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագիրը հնարավորություն է

Նոյեմբեր 25,2017 10:00

Երեկ Բրյուսելում աշխարհը շուռ չեկավ, ոչ էլ Հայաստանի առջեւ միանգամից ինչ-որ պայծառ հեռանկարներ բացվեցին: Չեմ կիսում էյֆորիկ տրամադրությունները, ինչպես նաեւ մեր իշխանություններին փառաբանող գնահատականները՝ կարելի էր 4 տարի իզուր չկորցնել:

Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրների կեցվածքում առանձին տրամաբանություն չեմ տեսնում. սկզբում նրանք ասում էին, որ համաձայնագիրը չի ստորագրվի, որ Մոսկվան վերջին պահին կստիպի հետ կանգնել դրանից, իսկ երբ համաձայնագիրը երեկ ստորագրվեց, սկսեցին խոսել, թե այն բացարձակապես անկարեւոր, խորհրդանշական թուղթ է, որը ոչ մի նշանակություն չունի՝ միեւնույն է, ամեն ինչ վատ է լինելու:

Մի խումբ էլ կա, որը սկզբունքորեն դեմ է ԵՄ-ի հետ համագործակցությանը, որովհետեւ համոզված է, որ Եվրոպան «փչացած է», իսկ ահա Ռուսաստանը մաքրության մարմնավորում է: Այս խմբի դիրքորոշման մեջ, համենայնդեպս, կա հետեւողականություն:

Այդ բոլոր քաղաքական խաղերի մեջ ինձ հետաքրքրում են ոչ թե այսրոպեական կսմիթներն ու խայթոցները, այլ արժեքներն ու գաղափարները, որոնք ընկած են փաստաթղթի հիմքում: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ փրկօղակ է, ոչ էլ համադարման, դա հնարավորություն է, որից մենք կարող ենք օգտվել: Ես կողմ եմ, որ ընտանիքներում չլինի բռնություն, որ չլինի խտրականություն մարդկանց սեռի, ազգության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման հիմքի վրա, որ դատարանները եւ լրատվամիջոցները չենթարկվեն իշխանության ճնշումներին, որ բոլոր գործարարների համար ստեղծվեն աշխատելու հավասար պայմաններ՝ դա մի համալիր է, մի ամբողջական գաղափարախոսություն, որի տարրերը փոխկապակցված են միմյանց հետ:

Կարո՞ղ է Եվրամիությունը նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ինձ թվում է՝ այո, կարող է, բայց մի պայմանով՝ եթե մեր հասարակության մեծ մասն իսկապես ուզում է դա: Ճիշտն ասած, ես որոշ կասկածներ ունեմ: Բոլոր դեպքերում, ոչ ոք մեզ չի կարող ստիպել, որ մենք հանդուրժող եւ լայնախոհ դառնանք, եթե մեր ցանկությունն է` սահմանափակ, նախապաշարված եւ կաղապարված լինելը: Այնպես որ, հիմնական աշխատանքը, որը պետք է արվի, մեր հասարակության հետ է, եւ նրանք, ովքեր դավանում են այդ գաղափարները, չպիտի վախենան, չպիտի ընկրկեն, երբ քարե դարի պատկերացումներ ունեցողները իրենց ուղղությամբ քարեր են շպրտում: Կարեւորը համաձայնագիրը չէ, կարեւորն այն քայլերն են, որոնք մեր հասարակությունը պետք է անի արդիականացման ուղղությամբ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ինչպես մեր նախագահն է սիրում կրկնել՝գնդակը մեր դաշտում է….

  2. Ruben says:

    Նկատի ունեմ «հայ» ինքնակոչներին:

  3. Ruben says:

    Եվրոպական գրաքննությու՞ն…

  4. Հ.Շ. says:

    Արդարեւ, մինիմալիզմը առողջ բան է: Հայաստան-ԵՄ Համաձայնագիրը, նուազագոյնը, յաւելեալ նշանակալից քայլ մըն է դէպի առաջ, Հայոց Պետութեան կերտումի եւ ամրապնդման հոլովոյթի տակաւին երկար ճանապարհին վրայ:

    Տպաւորիչ է որ Հայաստանը յաջողեցաւ այս քայլը առնել Ռուսաստանի հաւանութեամբ – այլապէս, բան մըն ալ չէր ստորագրուեր – : Այս ալ կ’ապացուցէ թէ, հակառակ մեր առարկայականօրէն փոքր ու տկար վիճակին, արտակարգ հմտութիւնն ու վարպետութիւնը ունինք քաղաքական այնպիսի հաւասարակշռութիւն մը գոյացնելու, զորս մեզմէ շատ աւելի կայացած ու զօրեղ երկիրներ անկարող են ձեռք բերելու:

    Կեցցէ, բարի շարունակութիւն, եւ տարոսը գալիք նոյնանման յաջողութիւններու:

  5. Լավատես says:

    Ուրիշներից մենք կարող ենք վերցնել ոչ ավելին , նույնիսկ եթե դա մեզ շատ նպաստավոր լինի, քան մենք կարող ենք նրանց տալ, հակառակ դեպքում կընկնենք վաշխառուական լծի տակ եւ ոչ միայն մենք այսօր, այլեւ վաղը մեր հաջորդ սերունդները: Դրա համար առաջին հերթին մտածենք, ո՞րն է մեր այն ազգային վերականգնվող հարստությունը, որը կարող ենք փոխշահավետ արտահանենք մյուս երկրներ, ինչպես գյուղացին շուկա է արտահանում իր բանջարանոցի վերականգնվող բերքը: Այլ երկրների հետ գործ բռնելուց՝ վերականգնվող հարստության աղբյուրը պետք է մեր ներսում լինի, եթե նույնիսկ ավելի շահավետ է այդ աղբյուրն ունենալ դրսում: Կարճ ասած՝ մենք պետք է լինենք նույն մակարդակում, ինչ մեր գործընկեր պետությունները, դրա համար եկեք սկզբից մտածենք ինչպես կարգի բերենք մեր բանջարանոցը՝ այն դարձնելով միջազգային մակարդակի:

  6. joradzadza says:

    2 օր է փորձում եմ հասկանալ, թե ինչ են ստորագրել Բրյուսելում, հասկանալ, թե հաջորդ քայլը որն է լինելու: 0 տեղեկություն: Ոչ մի հասկանալի վերլուծություն, դատարկ բառեր: Պետության և ազատ մամուլի բացարձակ ներդաշնակություն: Կենցաղային բնազդը հուշում է՝ եթե ռուսները թողել են ստորագրել (իսկ դրանում ոչ մի կասկած), ապա վաղը հերթական սադրանքն է լինելու մեր դեմ, որի վերջում հնչելու է ռուսական “вот тебе мамаша свободная европа” գռեհկաբանությունը:

    • Հ.Շ. says:

      Ռուսաստանը մեզի զօրակցում է, առաջնահերթօրէն՝ ինքն իր համար: Հետեւաբար, քանի որ ենթադրութիւններու ոլորտում էք, ինչո՞ւ չդիմագրաւել այն կարելիութիւնը որ Ռուսաստանի համար շահեկան է որ «իր մարդը» մի քիչ մօտիկանայ Եւրոպային…

      Ոնց որ օրինակի համար, ճիշդ հակառակ ուղղութեամբ, ԱՄՆ-ն թոյլ է տալիս որ Թուրքիան պարբերաբար եւ որոշ չափով buddy-buddyութիւն ընէ Ռուսաստանի հետ:

      Վասալների օգտագործում, եթէ կ’ուզէք: Որմէ սակայն վասալն ալ կ’օգտուի:

      Այո, այս հանգրուանին, Համաձայնագիրը հիմնականօրէն տեսական, խորհրդանշական, նախապատրաստական բնոյթ կը կրէ: Սակայն այդ չի նշանակում որ նա որեւէ իմաստ չունի: Անոր ստորագրումը արդէն, ինքնին ու միայն, քաղաքական-ռազմավարական նշանակութիւն ունի:

      • joradzadza says:

        Հարգելի տիկին Հ.Շ., ես էլ հենց սա եմ ուզում հասկանալ: 300 էջանոց փաստաթուղթը, որը ստորագրվել է Բրյուսելում, չի կարդացել ոչ մ վերլուծաբան, բնականաբար ոչ մի լրագրող, իհարկե՝ոչ էլ դուք: Նույնիսկ պերմանենտ զառանցանքը, որ հնչում է հայկական աղբյուրներից, ենթակա ու ստորոգյալ չունի՝ մոտավորապես ձեր խելացի մտքրի նման:

  7. Հ.Շ. says:

    Ամենահետաքրքիրը պարագան է այս տեւաբար դժգոհ ու խռով հայերուն, որոնք տարիներէ ի վեր հենց այսպիսի դէպք մը կ’ուզէին, կը պահանջէի՛ն, եւ հիմա կարծես… յուսախաբուած են որ նա տեղի ունեցաւ: Որովհետեւ նա խանգարում է իրենց անդարմանելի յոռետեսութիւնը, իրենց խաւարալի գուշակութիւնները, ապոկալիպդիկ կանխատեսումները, խափանում է իրենց երեւակայական «յեղափոխութիւնը»: Այդպիսիների հաշուին չի գար պարզապէս որ Հայաստանին որեւէ լաւ բան պատահի:

  8. Կարեն says:

    Հետաքրքիր էր առաջին անգամ Ձեր խմբագրականի մեջ կարդալ «սեռական կողմնորոշման հիմքի վրա» հանդուրժողականության մասին, քանի որ, թեպետ մշտապես հարգել, սիրել ու ընթերցել եմ Ձեր մտքերը, բայց Ձեզ համարել եմ անուղղելի հոմոֆոբ, ով անթաքույց քարոզում է անհանդուրժողականություն սեռական փոքրամասնությունների նկատմամբ։ Ուրախ եմ այսօր, որ այլևս այդպես չէ։
    Ամենայն հարգանքով`
    Կարեն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930