Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի վստահեցմամբ՝
այսօր Բրյուսելում կստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
«Առավոտը» պարոն Սարգսյանին հիշեցրեց, որ երեկ հրավիրված քննարկմանն ինքը պնդում էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՀՀ-ԵՄ համաձայնագրում խնդիրներ չկան: Սակայն այս հայտարարությունից ժամեր անց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե վերջնական ի՞նչ ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեին դրա վերաբերյալ՝ հաջողվե՞ց գտնել փոխզիջում, հայտարարեց. «Փաստաթղթի շուրջ համաձայնեցումներն արվում են մինչեւ վերջին պահը»:
«Առավոտի» այն հարցին՝ պարոն Հաանի այս հայտարարությունը եղանակ չի՞ փոխում, հնարավո՞ր է ի վերջո համաձայնագրում լինեն ձեւակերպումներ, որոնց հետ Հայաստանը համամիտ չլինի, եւ փաստաթուղթը չստորագրվի, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Դրանք առանձին գործընթացներ են: Մյուս կողմից էլ՝ չկա մի ձեւակերպում, որը հնարավոր չի լինի այնպես վերաձեւակերպել, որ երկու կողմերին կամ մի քանի կողմերի չբավարարի: Սովորաբար դիվանագիտական բանակցությունների պրակտիկայում օգտագործում են երկիմաստություն երեւույթը, երկիմաստ բառեր, որ կարողանան հետագայում ցանկացած ձեւով մեկնաբանել: Եթե տեսնում են կողմերից մեկի համար անընդունելի ձեւակերպումներ կան, այնպիսի ձեւակերպում են տալիս, որ մի քիչ լղոզեն ամբողջ հասկացությունը, որպեսզի կողմերի համար լինի ընդունելի: Չեմ բացառում, որ այս դեպքում էլ որոշակի երկիմաստություն պարունակող բառեր օգտագործեն. այսինքն՝ լղոզեն ընդհանուր գաղափարը, որպեսզի առաջ անցնեն: Սա դիվանագիտական պրակտիկայում ընդունված երեւույթ է»: Յոհաննես Հաանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էր արել: Նա նշել էր, թե կլինի համաձայնագիր, որից, թերեւս, ոչ բոլորը կլինեն երջանիկ:
Սուրեն Սարգսյանը վստահ է՝ փաստաթղթում այնպիսի ձեւակերպումներ կտան, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար:
Քաղաքագետը հավաստիացրեց՝ անկախ նրանից, թե ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում ինչ ձեւակերպումներ կլինեն, ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստը չի փոխվի: Մեր հարցին՝ հետեւաբար ո՞ր երկրին նկատի ուներ Հաանը՝ հայտարարելով, որ այդ փաստաթղթից ոչ բոլորը երջանիկ կլինեն, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե մեր եւ Ադրբեջանի մասով նկատի ունի, կարծում եմ, որ բալանսավորված դիրքորոշում են տալու: Չեն ամրագրի մի բան, որը կամ մեզ, կամ Ադրբեջանին ամբողջությամբ կբավարարի»: Հիշեցրինք՝ մտահոգություններ կան, որ համաձայնագիրը կստորագրվի ոչ թե նոյեմբերի 24-ին, այլ 25-ին: Պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:
Այդ պատճառով էլ որոշվել է համաձայնագիրը ստորագրել ոչ թե գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում, այլ դրա ավարտից հետո, քանի որ ԵՄ պատասխանատուները պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ: Սուրեն Սարգսյանն այս հիշեցմանն ի պատասխան՝ պնդեց. «Դրանք տեխնիկական հարցեր են: Չեմ կարծում, որ խնդիր լինի: Այնուամենայնիվ, կստորագրվի նախատեսված ժամկետներում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
24.11.2017