Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանանք` ռուսները մեզ համար ո՞վ են»

Նոյեմբեր 25,2017 16:00

Աշոտ Աղաբաբյանը` բոլոր 18 տարեկաններին
բանակ զորակոչելու եւ Նժդեհի` «ֆաշիստ» լինելու մասին

«Առաջինը հայրենիքի անվտանգությունն է: Անվտանգ երկրում մարդը կարող է ազատ ապրել, մտածել, շնչել»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով 20-ամյա վեճին` ծառայե՞լ, թե՞ սովորել, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Աշոտ Աղաբաբյանը: Այս փոփոխությունների պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ «բանակում դեֆիցիտ ունենք», եւ այն լրացնելու խնդիր կա:

Հիշեցնենք, թեեւ նախագիծն արդեն ընդունվել է, բայց անհամաձայնություններն ու քննարկումները չեն դադարել: Հիշեցնենք նաեւ, որ այդ նախագծով 18 տարին լրացած բոլոր երիտասարդները կզորակոչվեն բանակ: Տարկետման իրավունք կտրամադրվի կառավարության որոշումներով` բացառիկ դեպքերում: Մեր զրուցակիցը գիտությունն էլ չի ստորադասում: Ասում է` տարկետում տրամադրելու համար հանձնաժողով է պետք ստեղծել, եւ այն մարդիկ, ովքեր կցանկանան գիտությամբ զբաղվել, գիտնական դառնալ, այդ հանձնաժողովով թող անցնեն: Հանձնաժողովն էլ, ասում է, պետք է անպայման անաչառ լինի: Դիտարկմանը, որ Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում մարդիկ լքել են հայրենիքը` նաեւ անարդարությունից փախչելով. հիմա ի՞նչ հանձնաժողով պետք է լինի եւ ինչպե՞ս պետք է ապահովի անաչառություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա իշխանությունների խնդիրն է»: Նկատեցինք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ինքն էլ իշխանություն էր, հակադարձեց. «Ես իշխանություն չեմ եղել, ես պատգամավոր եմ եղել»: Իշխանություն լինելը, իր կարծիքով, գործադիր մարմնում` կառավարությունում լինելն է: Որ խորհրդարանն էլ օրենսդիր իշխանություն է, չի վիճում, բայց պնդում է` գործադիր մարմնում լինելն այլ բան է, օրենսդիրում` այլ: Դիտարկմանն էլ, որ ինքը հնարավորություն ուներ իբրեւ պատգամավոր հանդես գալ այնպիսի առաջարկներով, որոնք «մարդկանց մատից փուշ կհանեին», հակադարձեց` ինքը պատգամավոր էր քաղաքական մեծամասնության խմբակցությունում, ու բոլոր առաջարկները հաստատվում են խմբակցության նիստում. «Ընենց որ, էդպես չի ամեն ինչ: Որ անկախ պատգամավոր լինես ու քո անունից վեր կենաս` խոսես»:

Անդրադառնալով արդեն իշխող ՀՀԿ-ին՝ Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Կուզենամ, որ Աշոտ Նավասարդյանի եւ մեր հիմնադրած կուսակցությանը ոչ ոք ու երբեք չհայհոյի: Եթե մեջն անձինք կան` նրանց հայհոյեք: Թող ձեռք չառնեն կուսակցությանը, անձերին ձեռք առնեն»: Հետաքրքրվեցինք` իշխող ՀՀԿ-ում այսօր ո՞ր անձերն են հայհոյանքի կամ ծաղրի արժանի, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ դուք ավելի լավ եք տեսնում: Լրագրողներն ավելի լավ են էդ ամեն ինչը տեսնում»:

Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքին եւ օրերս այդ ալիքով հեռարձակված հաղորդմանը, որտեղ կրկին անդրադարձ եղավ Գարեգին Նժդեհին ու իշխող ՀՀԿ-ին` մեղադրելով նրանց ֆաշիզմի մեջ, ՀՀԿ-ի հիմնադիր անդամն ասաց. «Դա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կաշառված այն մասսան է, Ռուսաստանում, որը կազմում է մոտ 200 000 հազար: Համենայնդեպս, այդքան ստորագրություն էին ժամանակին հավաքել: Դա ռուս ժողովրդի 0,1 տոկոսն է կազմում: Դա չի կարող Ռուսաստանի կարծիքը լինել: Դրան պետք էլ չի անդրադառնալ: Մենք իրավունք էլ չունենք մե՜ծ քաղաքականության մեջ մտնենք… անհատները կարան, բայց պետությունը չպետք է անի այդ քայլը, քանի որ 0,1 տոկոսի կարծիքը մեր պետության համար ոչ մի բան է: Էլ չեմ ասում, որ ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի ժամանակ տվյալ պետության` Սովետական Միության ժամանակ, իր բնակչության քանակի համեմատ Հայաստանն ամենաշատ հերոսներն ու գեներալներն ունի: Անգամ ցարական Ռուսաստանի ժամանակ: Մենք ո՞նց կարանք դավաճան լինենք: Իսկ հայրենիքը պաշտպանելու համար Նժդեհը միգուցե այդ քայլին գնացել է, որ անհրաժեշտ պահին գոնե արգելեն, ու Թուրքիան Հայաստանի վրա չհարձակվեր: Նժդեհի նպատակը, իմ կարծիքով, դա ա եղել: Նա ֆաշիստ չի եղել, ֆաշիստական գաղափարներ չի ունեցել: Ցեղակրոնությունն էլ ֆաշիզմ չի: Ցեղակրոնությունը քո երկիրը պահելու համար է, ֆաշիզմը` աշխարհը նվաճելու: Դրանք տարբեր բաներ են: Ռուսները լավ հասկանում են, բայց քանի որ կաշառված են, նման քայլերի են գնացել: Ես ասել եմ ու կրկնում եմ` եթե Նժդեհի արձանը հանելու հարց լինի, «Անկախության բանակը» կանգնելու է կողքը եւ հայրենիքի նման պաշտպանի Նժդեհին»:

Հետաքրքրվեցինք` չի՞ կարծում, որ ռուսական կողմից նման ոտնձգությունների պատճառն այն է, որ մեր իշխանությունները իրենց պատշաճ չեն դրսեւորում ՌԴ-ի հետ հարաբերություններում, ասաց. «Չեմ կարծում, որովհետեւ Նժդեհի միջոցով մեր իշխանավորներին կեցվածքի պետք չէ բերել: Մեր իշխանավորներն այնքա՜ն թույլ տեղ ունեն, որ կարող են կեցվածքի գալ: Ռուսներն ամեն ինչ գիտեն: Ուղղակի մենք պետք է հասկանանք` ռուսները մեր համար ո՞վ են` ընկե՞ր, ավագ եղբա՞յր, թե՞ մեզ դրել են բանի տեղ, որ ուզում են ինչքան վատ պահեն, էնքան հնազանդ լինենք»: Նկատեցինք` իշխանությունն ասում է՝ բարեկամ են, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս: «Բարեկամությունը քաղաքականության հետ կապ չունի: Եվրասիայի երկրների նկատմամբ ռուսները միշտ պահում են իրենց քաղաքականությունը, որովհետեւ առաջինն են ըստ մարդաքանակի, տարածքի: Մենք վերջինն ենք: Բայց չի կարելի հնազանդվել ոչ մեկի: Իշխանությունները պետք է հնազանդ լինեն իրենց ժողովրդին, իսկ մյուս պետությունների հետ պիտի էն փոխհարաբերություններն ունենան, որ իրենց հետ առանձին սեղան նստեն՝ որպես առանձին պետություն»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը` չպատասխանելով հարցին` ՀՀ իշխանությունն իրեն այդպես պահո՞ւմ է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

24.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930