Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ չեն տարբերում, բայց մենք տարբեր ենք»

Նոյեմբեր 25,2017 14:00

Ինչպես են Ավիկն ու Ալիկը գնում իրենց երազանքների հետեւից

Շուտով կլրանա Ավիկի եւ Ալիկի 18-ամյակը։ Այս զույգ եղբայրներին քչերն են կարողանում տարբերել, սակայն բնավորությամբ, ցանկություններով եւ մտածելակերպով նրանք իրարից շատ են տարբերվում։

Բարի եւ չափից դուրս խելացի տղաների մոտ 2002 թվականից ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված։ Նրանք դժվարանում են ինքնուրույն տեղաշարժվել, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարում տղաներին երազել եւ նպատակներ դնել իրենց առջեւ։ Տղաներն ապրում են Վարդենիս քաղաքում, հաճախել են հանրակրթական դպրոց, որից հետո ընդունվել են Վարդենիսի պետական քոլեջ եւ այժմ սովորում են ծրագրավորում բաժնում։ Ալիկը ցանկանում է դառնալ հեռուստալրագրող, իսկ Ավիկը՝ սպորտային մեկնաբան։ Ալիկն ասում է. «Երբ տեսնում էի, թե ինչպես է տաղավարում միանում լույսերը ու հեռուստամեկնաբանը սկսում է ներկայացնել լուրերի թողարկումը, ամբողջ մտքով ինձ էի պատկերացնում նրա փոխարեն»։

Մայրը նշում է, որ տղան միշտ հետեւում էր լրատվական թողարկումներին եւ օրվա ընթացքում մի քանի անգամ նայում էր դրանք: «Մինչեւ հիմա, երբ հանկարծ լսում է լրագրող բառը, կամ հեռուստատեսությանն առնչվող որեւէ բառ՝ աչքերը փայլում են», -ասում է մայրը։

Ավիկի մոտ լրագրող դառնալու ցանկությունը սկսվել է ֆուտբոլից։ Տղան շատ է սիրում ֆուտբոլ, սակայն խաղալ չկարողանալու պատճառով հետ չկանգնեց իր սիրած սպորտաձեւին մոտ լինելու հնարավորությունից։ Ավիկն էլ տնից երբ ֆուտբոլ է դիտում, սկսում է մեկնաբանել խաղը եւ պատկերացնում, որ իրեն լսում է բազմահազարանոց երկրպագուների բանակ։

Երկու եղբայրներն էլ չեն հերքում, որ շատ են վիճում։ Ալիկն ասում է, որ իրենք կարող են վիճել նույնիսկ ամենաանտրամաբանական հարցի շուրջ։ Նա խոստովանում է, որ եղբորը հակառակվելու համար երկրպագում է Ավիկի սիրելի թիմի հակառակորդին՝ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբին, չնայած ֆուտբոլ չի սիրում։ Չնայած իրենց անվերջանալի վեճերին, նրանք սոցիալական հարթակում վարում են նույն ֆեյսբուքյան էջը։ Տղաներն անկեղծանում են, որ իրենց դուր է գալիս, երբ իրենց չեն տարբերում։ Նույնիսկ օրեր են լինում, երբ դիտավորյալ միանման են հագնվում։ Ավիկը խոստովանեց, որ իրենց նմանության շնորհիվ քոլեջ ընդունվելուց կարողացել են մեկը մյուսի փոխարեն պատասխանել, ու ոչ ոք գլխի չի ընկել։

Տղաները երբեք ուշադրության պակաս չեն զգացել։ Նույնիսկ Վարդենիսից դուրս նրանց շատերն են ճանաչում։ Երեւանը սիրում են եւ միայն ափսոսանք են ապրում, որ Վարդենիսում չկան այն հնարավորությունները, ինչ Երեւանում։
Եղբայրների տատիկի եւ հաշմանդամություն ունեցող այլ երեխաների ծնողների մեծ ջանքերով բացվեց «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների հ/կ-ն, որն ունի բավարար պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Մի քանի բարերարների եւ դրամաշնորհների միջոցով կենտրոնը կարողացավ ձեռք բերել անհրաժեշտ գույք եւ ունենալ վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաշխատեն երեխաների հետ։
Ավիկն ու Ալիկը երկու տարուց կավարտեն քոլեջը: Նրանց միակ ցանկությունն է ուսումը շարունակել Երեւանի պետական համալսարանում եւ ստանալ իրենց երազած մասնագիտությունը։ Սակայն հեռավորության եւ ժամանակավոր բնակավայրի հարցը իրենց համար մեծ խնդիր է, եւ մայրը չգիտի, թե տղաները ընդունվելուց հետո որտե՞ղ պետք է ապրեն։

Այս տղաները յուրաքանչյուրիս համար օրինակ են ծառայում եւ իրենց երազանքներով ապացուցում, որ կյանքում ոչինչ չի կարող մարդուն հետ պահել իր երազանքներից։

 

ԱԴՐԻՆԵ ՆԻԴԵԼՅԱՆ

Լուսանկարում` Եղբայրները երգիր Էրիկի հետ:

«Առավոտ»

24.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930