Նույնիսկ եթե դուք Աստծուն չեք հավատում, այսուհանդերձ, մենք պրոբլեմ ունենք: Մեր մեջ գալիս են չար կրքեր, ցանկություններ ու զգացումներ, որոնք կեղեքում են մեր կյանքը ու հասցնում մահվան: Աստված փրկություն ուղարկեց: Բայց արի ու տես, երբ որ մարդկանց խոսում ես հավիտենական կյանքի մասին, Աստուծո արքայությունում Աստուծո հետ մշտապես ուրախ ապրելու մասին, դա մի տեսակ իրենց չի գրավում: Ինչո՞ւ:
Եկեք դիտենք երկու տարածված պատճառ
Առաջին: Երբ որ Աստուծո արքայության մեջ հավիտյան ապրելու մասին խոսում ես մարդկանց, մի մասը միանգամից մտածում են, թե արդյոք կհանդիպե՞ն իրենց մահացած բարեկամներին, թե՝ ոչ: Իսկ մյուս մասն էլ մտածում են, որ երեւի ձանձրալի կլինի հավիտյան ապրել: Առաջարկում եմ տարբեր ձեւով մտածել այս հարցի մասին: Նախ, որ Աստուծո արքայության մեջ շատ ավելի կարեւոր մեկը կա, քան ձեր բարեկամները: Աստուծո արքայության կենտրոնը հենց ինքը Աստվածն է, ով մեր երկնավոր Հայրն է: Այնտեղ գիշեր նույնիսկ չկա, որովհետեւ Տեր Աստվածը լուսավորում է ու մարդիկ տեսնելու են Աստուծո դեմքը (Հյտ. 22:3-5): Ուրեմն Աստուծո արքայության մասին մտածելուց, մտածեք ոչ թե ժամկետի երկարության, այլ կյանքի ավելի ամբողջական դառնալու մասին: Մեր կյանքում ինչ որ պակասում է անընդմեջ երջանկության համար, այնտեղ լցվելու է: Աստուծո արքայության բնակիչների աչքերից սրբվելու են ամեն արտասուք. եւ այլեւս մահ չի լինելու, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ եւ ո՛չ չարչարանք, քանի որ դրանք անցնելու են ու Աստված ամեն ինչ նոր է դարձնելու (Հյտ. 21:3-7): Երկրորդ պատճառը, որ մարդկանց չի հրապուրում Աստուծո արքայությունը, դա այն է, որ մարդիկ մտածում են, որ դա ինչ-որ անիմանալի ու անհասկանալի խոստում է, որը պիտի սկսվի մահվանից հետո: Երեւի շատերդ լսած կլինեք, որ մարդիկ ասում են՝ «մեռնեմ հետո հա՞»:
Աստուծո արքայությունը մահից հետո չի սկսվում, այլ հենց հիմա, մկրտության պահից: Այն պահից, երբ դու որոշում ես հետեւել Քրիստոսին:
Տեր Հիսուսը երբ առակներով պատմում էր Աստուծո արքայության մասին, տեսնում ենք, որ այն կապված է աճելու եւ մեծանալու ընթացքի հետ: Օրինակ, մի առակում նա ասաց, որ «Երկնքի արքայութիւնը նման է սերմի, որ մարդը առնելով սերմանում է իր արտի մեջ ու այն աճելով այնքան մեծ ծառ է դառնում, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրա հանգստանում» (Մտ 13:31,32): Տեսնո՞ւմ եք, սերմը Աստուծո Խոսքն է, հենց ինքը Քրիստոսը, այն պիտի ցանեք ձեր սրտի, մտքի ու հիշողության մեջ, որպեսզի աճի ու մեծ ծառ դառնա: Այդ աճելը մահվանից հետո չի սկսելու, այլ հենց սերմանելու պահից: Մի ուրիշ առակով էլ նա Երկնքի արքայությունը նմանեցրեց մի թթխմորի, որ «մի կին, առնելով, դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց» (Մտ 13:33): Տեսնո՞ւմ եք, էլի գործընթաց է, մինչեւ որ ամբողջը խմորվի: Իսկ այդ խմորումը մահից հետո չի սկսելու, այլ հենց այսօր, այս պահից, եթե դեռ չեք սկսել:
Ուրեմն մի մտածեք, թե դրախտը, Աստուծո արքայությունում ապրելը սկսելու է մահվանից հետո: Սա ճիշտ չէ: Աստուծո արքայությունը սկսում է այն պահից, երբ դուք առնում եք այդ սերմը ու սկսում աճեցնել ձեր կյանքում, երբ դուք սկսում եք այդ թթխմորով խմորել ձեր կյանքի խմորը:
Պատկերացրեք՝ ինչ լավ բան է, երբ դուք ազատվում եք նախանձից, ատելությունից, ագահությունից, եսասիրությունից, ինքնահավանությունից, բամբասկոտությունից, ու սկսում եք իսկապես սիրել այն ամենը, ինչ կա ձեր կյանքում, իսկապես ուրախանալ այն ամենով, ինչ կա ձեր շրջապատում: Սիրում եք Աստծուն, սիրում եք մարդկանց, ներողամիտ եք, ձեր միտքն ու ներվերը հանգստանում են ու դուք սկսում եք իսկապես վայելել կյանքը: Սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք հենց այսօրվանից սկսեք աճեցնել այն սերմը, որը ստացել եք Աստծուց, մկրտության ժամանակ:
Իսկ եթե դեռ էլի կասկածում եք, որ Աստուծո արքայությունը սկսվում է այս կյանքից, ապա հիշեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետեւյալ խոսքերը: Մի անգամ, երբ նա խոսում էր իր Երկրորդ գալստյան մասին, մարդկանց ասաց: «Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը» (Ղկ 9:27):
Ուրեմն, ով որ ուզում է մշտական ու ամբողջական կյանք Աստուծո հետ, որ լի է ամեն տեսակ ուրախությամբ, ուր չկա ոչ արտասուք ու ոչ էլ սուգ, թող սկսի փնտրել ու խնդրել Աստուծո արքայությունը: Այն մոտեցել է ու ձեր մեջ, ձեր ներսում արդեն կա:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
24.11.2017