Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը նրան մաղթեց արդյունավետ առաքելություն` ի զորացումն երկու երկրների գործակցության և հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության առավել ամրապնդման:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին, նրա առջև ծառացած զանազան մարտահրավերների հաղթահարման ուղիներին: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց դեսպանատան գործակցությունը Վիրահայոց թեմի հետ:
Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի