Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ավարտից հետո գոհունակություն հայտնեց դրա արդյունքներով:
Եվրոպայի կառույցում հրավիրված ասուլիսում նա ասաց, որ ութ տարի առաջ, երբ ինքը Լեհաստանի վարչապետն էր ու իրենք Պրահայում նախաձեռնում էին Արեւելյան գործընկերությունը՝ դրդապատճառը հստակ էր. «Մենք ցանկանում էինք մեր արեւելյան հարեւաններին մոտեցնել Եվրոպական միությանը»:
Դոնալդ Տուսկը վստահություն հայտնեց, թե կարող են հպարտանալ իրենց ձեռքբերումներով. «Այսօր մենք ասոցացման համաձայնագիր ունենք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, որը ներառում է համագործակցության ամենակարեւոր ոլորտները՝ առեւտրից մինչեւ առանց վիզաների ճանապարհորդություններ: Եվրոպական միությունն այսօր առաջին ներմուծման եւ արտահանման շուկան է Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի համար, եւ երկրորդ ամենամեծ շուկան է Հայաստանի եւ Բելառուսի համար, ու գլխավոր ներդրողն է նրանցից յուրաքանչյուրի համար: Մեր նվաճումները մեր ազգերին, տնտեսությունը եւ երկրները մերձեցնում են միմյանց: Կարճ ասած՝ մենք վերամիավորում ենք Եվրոպան քայլ առ քայլ»:
Ասուլիսը տեղի էր ունենում մինչեւ Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրումը, եւ հիշատակելով այդ մասին՝ պրն Տուսկը Հայաստանի հետ փաստաթուղթը անվանեց «հավակնոտ» համաձայնագիր:
Հիշատակեց նաեւ, որ ընթացքի մեջ են Ադրբեջանի հետ բանակցությունները. «Մենք նաեւ զարգացնում ենք մեր հարաբերությունները Բելառուսի հետ»:
Եվրոպական խորհրդի նախագահը նախանշեց համագործակցության այն հեռանկարները, որոնց ուզում են հասնել մինչեւ 2020 թվականը՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն է, թվային տնտեսությունը, եւ ներդրումները տրանսպորտի, էներգետիկայի եւ ենթակառուցվածքային ծրագրերում. «Ցուցակը երկար է: Բայց ամենից առաջ՝ մենք ցանկանում ենք սերտացնել կապերը մեր քաղաքացիների միջեւ եւ առավել աջակցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակությանը»:
Դոնալդ Տուսկը նաեւ ասաց՝ «Այսօր մենք վավերացրեցինք համատեղ հռչակագիրը, որը միշտ փոխզիջում է: Ես կնախընտրեի, որ այս հռչակագրի բառընտրությունն ավելի հավակնոտ լիներ: Բայց մենք որոշեցինք, որ մեր միասնությունն ավելի կարեւոր առարկա է: Եվ մեր միասնությունն առավելագույնս լավ արտացոլված է հռչակագրի մի պարբերությունում»: Այն հետեւյալն էր, թե գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց պարտավորությունը ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները՝ «ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքները եւ դրույթները, որոնք Արեւելյան գործընկերության հոգին են: Եվրոպական միությունը պահպանում է իր հանձնառությունը աջակցելու իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը»:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Բրյուսել