Ադրբեջանը որևէ դիվանագիտական կամ միջազգային հարաբերություններում ընդունված տարբերակով չի առաջնորդվում և նրա քայլերը միշտ անկանխատեսելի են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրման արդյունքում Ադրբեջանի հնարավոր պահվածքի դրսևորմանը: ‹‹Ցավոք սրտի մենք գործ ունենք ոչ ադեկվատ երկրի հետ, որտեղ որոշումներ է կայացնում բռնապետական ռեժիմը: Բայց, համենայն դեպս, չեմ կարծում ինչ-որ մեծ փոփոխություններ և դրսևորումներ նկատվեն Ադրբեջանի կողմից››:
Անդրադառնալով Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին` Լեռնիկ Հովհաննիսյանը նկատում է, որ շատ ժամանակ Ռուսաստանը փորձում է ԵԱՏՄ-ն օգտագործել որպես շանտաժի միջոց. «Ռուսաստանը, կարծում եմ շատ կցանկանա, որ Ադրբեջանը լինի ԵԱՏՄ կազմում: Դա իր ազդեցության ոլորտում պահելու լրացուցիչ լծակ կհանդիսանա: Սակայն Ադրբեջանի նավթագազային ոլորտի ծրագրերը կապված են ոչ այնքան Ռուսաստանի հետ, ինչքան արևմուտքի և հիմնական գործընկերները հենց արևմուտքում են»:
Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանի ղարաբաղյան հակամարտության հարցում ներգրավվելու փորձերի վերաբերյալ` ԱԺ պատգամավորը նշեց. «Էրդողանը ում հետ կարողացել է փչացրել է իր հարաբերությունները, թե ԱՄՆ-ի և առավել ևս ԵՄ-ի հետ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակի վայրիվերումներով են. մեկ մերձեցում է նկատվում, մեկ սառեցում: Ռուսաստանն էլ շահագրգռված չէ տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը մեծացմամբ և առավել ևս, որ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այդքան մեծ հակասություններ չունի»:
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` Ռուսաստանը ցույց է տալիս ակտիվությունը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող կողմ և տարածաշրջանում բավականին լուրջ արտաքին շահախնդրություններ ունեցող երկիր և դրանով էլ նաև պայմանավորված էր նախօրեին ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը տարածաշրջան:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ