Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծուց ավելի գոհ եմ, քան կառավարությունից»․29 տարի անց բնակարան ձեռք բերած անօթևանի ապրումները (տեսանյութ և ֆոտոշարք)

Նոյեմբեր 24,2017 20:46

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց բնակարանների գնման վկայագրով  բնակարան ձեռք բերած  շահառու վերջին երկու  ընտանիքների հետ՝ այսպիսով ազդարարելով  ԲԳՎ ծրագրի ավարտը Գյումրիում։ Սա նշանակում է, որ  կառավարությունը  երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցի  ընտանիքների հանդեպ ավարտեց իր պարտականությունը։

«Համարյա 29 տարի անց տուն գնելու հնարավորություն եղավ, ես այնքան հուզված եմ, պատկերացնում եք դուք ինչքան ենք հուզված։ Մի քիչ ուշ եղավ, բայց  եղավ, կներեք»,- ասաց մարզպետը։ Շահառուներից մեկն էլ՝ Հովհաննես Մադոյանն ասաց․«Աստծո օգնությամբ եղավ», որին  Շիրակի մարզպետն այսպես արձագանքեց․ «Աստծո չէ, կառավարության»։ «Չէ, Աստծո»,-պնդեց շահառուն, որին  ի պատասխան Շիրակի մարզպետը ժպտալով ասաց․«Աստծո օգնությամբ»։

Շիրակի մարզպետը հաշվետվություն ներկայացրեց լրագրողներին՝ ասելով․«2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Գյումրիում հաշվառված են եղել 4200 ընտանիքներ, որոնք իրավասու են եղել բնակարանային պայմանների բարելավման, ավելի ճիշտ բնակարաններ ձեռք բերելու։ 2010-12 թվականներին բնակարան է ստացել 2785 ընտանիք, 2014-2017 թվականներին իրականացված բնակարանների գնման վկայագրերի ծրագրի շրջանակներում բնակարան է ձեռք բերել 404 ընտանիք։Այս տարվա դրությամբ մենք ունենք 84 ընտանիք, Ավետիսյանների և Մարդոյանների ընտանիքներով մենք փաստացի Գյումրու պահով ավարտում ենք շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը։ Սրանով չենք ավարտում, իհարկե, խնդիրը։ Ունենք 98 ընտանիք, որոնք կորցրել են սեփական բնակելի տներ, կիսված ընտանիքների խնդիրը ունենք, եթե ընտանիքում եղել է երկու փոքր երեխա, հիմա այդ փոքր երեխաներն առնվազն 30 տարեկան են։ Ունենք ընտանիքներ, որոնք ինչ-որ խնդիրների պատճառով չեն ներկայացել, ժամանակին փաստաթղթեր չեն ներկայացրել , բայց միևնույն ժամանակ ունենք նախադեպ դատարանի վճռով, որ երկու ընտանիքի բաց թողնված ժամկետը համարվել է հարգելի, նրանց նույնպես ԲԳՎ-ներ տրամադրվել են։ Ցավոք սրտի, 288 ընտանիք ընդհանրապես չի ներկայացել, այսինքն` ընտանիքներ են, որոնք երկրաշարժից հետո լքել են քաղաքը և 70 ընտանիք նախնական ձև չեն բերել, ավելի պարզ ասած՝ հրաժարվել են բնակարանների ձեռք բերումից»։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ, պատասխանելով այն հարցին, թե  դեռ քանի՞ անօթևան ընտանիք կա Գյումրիում, ասաց՝ 2000։ Ինչքա՞ն գումար է հարկավոր անօթևանությունից ձերբազատվելու համար, Ալբերտ Մարգարյանը հաշվարկ արեց․«Եթե մեկ բնակարանը ԲԳՎ-ի միջին թվերով ասեմ, մոտավորապես 6 միլիոն է, 2000-ը բազմապատկեք 6 միլիոն դրամով։ Բայց դա պետական պարտավորություն չէ, որովհետև մարդը երկրաշարժից հետո  փոխհատուցվել է, բնակարան է ստացել, բնակարանը վաճառել կամ նվեր է տվել տղային, գնացել տնակի մեջ է ապրում, հիմա պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ ևս մեկ բնակարան տալու կամ ԲԳՎ տալու»։

29 տարի անց բնակարան ձեռք բերած Հովհաննես Մադոյանը, որի ընտանիքը երկրաշարժից 4 սենյականոց բնակարան է կորցրել, սակայն այժմ ԲԳՎ ծրագրով ձեռք է բերել ընդամենը մեկ սենյականոց, ասաց, որ Աստծուց ավելի գոհ է, քան կառավարությունից։ Նա ասաց, որ իր երեխաներն առանձնացել են, ապրում են արտերկրում, իսկ բնակարանը իր, կնոջ ու մոր համար է։

Մյուս շահառուն՝ Ռիտա Ավետիսյանն էլ հուզվեց, որ հեշտ չէր 29 տարի անհույս ապրել, ընդ որում՝ եղբոր տնակում։ Նա ևս ասում է, որ բնակարան ձեռք բերեց Աստծո օրհնությամբ։ «Նրանք, ովքեր իրոք բնակարան կորցրել են, թող արժանանան իմ այսօրվա ուրախության արցունքներին»,-ասաց Ռիտա Ավետիսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930