Նոյեմբերի 24-ին բացվեց Գրքի առաջին երևանյան փառատոնը՝ Yerevan Book Fest-ը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը. «Փառատոնն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառ, գրքի մասնագիտական քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ եւ որ ամենակարեւորն է՝ փառատոնն ունի մրցույթի առանձին հատված՝ ժամանակակից գրողների համար: Դիմած գրողները չորս անվանակարգերում մասնագիտական հանձնաժողովի եւ ընթերցողների կողմից կգնահատվեն, հաղթողին օժանդակություն կտրամադրվի գրքերի հրատարակման համար: Առանձնահատկությունն այն է, որ բացի մասնագիտական հանձնաժողովը, ընթերցողներն էլ են գնահատելու: Արդյունքում կազմակերպիչները կարող են ընտրել լավագույն՝ մրցանակի արժանացած գրողներին, թեեւ լավագույնը շատ սուբյեկտիվ է գրականության պարագայում»:
Փոխնախարարի ձեւակերպմամբ` մշակույթի նախարարության համար կարեւորը դաշտում գործող տարբեր օղակների խնդիրները լուծելն է. «Ես առանձին – առանձին զրուցելով նրանցից յուրաքանչյուրի հետ, տեսել եմ, որ մարդիկ մեծ ոգեւորություն ունեն, ամեն մեկի ունեցած խնդիրը ուշադրության է արժանացած, թե գրավաճառի, թե գրողի, թե հրատարակչի համար ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որ իրենց խնդրի լուծմանն է ուղղված…Հրատարակչի համար այստեղ շնորհանդեսի հնարավորություն կա, ընթերցողի համար՝ մեծ զեղչերի հնարավորություն, ի վերջո ամենակարեւորը եւ մեծ խնդիրը, որը ունեն ժամանակակից գրողները, հանրահռչակումն է:Մենք ունենք շատ լավ գրողներ, բայց ճանաչելիության խնդիր կա: Գրողները ինչ-որ առումով պետք է իրենց վերափոխեն, ինչ-որ իմաստով ընթերցողի ակնկալիքը հասկանան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ