Նախօրեին զորամասերից մեկի դիմաց սպանված հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը, ամենայն հավանականությամբ, այն նույն զինծառայողն էր, որը այս տարվա սեպտեմբերին սպանել էր իր երեք համածառայակիցներին ու դիմել փախուստի:
«Եթե հաշվի առնենք Ադրբեջանի գերատեսչության տարածած հաղորդագրությունը, այնտեղ նշված անուն-ազգանուն, հայրանունը, ապա իրականում սպանված հայտնաբերված զինծառայողը սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպի՝ ռազմական հանցագործության մասնակիցն է: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նախիջեւանի զորամասերից մեկում, մի զինծառայող իր երեք համածառայակիցներին սպանել ու դիմել է փախուստի, ստացվում է, որ խոսքը նույն անձի մասին է, թե ինչպես է նրա դիակը հայտնվել սահմանին՝ բավականին հեռու միջադեպից, առայժմ տեղեկություններ չկան: Սեպտեմբերին Ադրբեջանի ՊՆ-ն չէր մեկնաբանել ծառայողների սպանության մասին տեղեկությունը, երեկվա տեղեկությունից հետո հաստատեցին, որ սեպտեմբերին նման միջադեպ է եղել»,- Aravot.am-ին ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ