«Եթե հացադուլ եմ անում, կյանքը չի դադարում, ես կյանքի մեջ եմ մնում, ու հացադուլի ժամանակ ավարտեցի իմ կարեւոր գիրքը՝ «Ազատության ճանապարհի բանտերին», սրանով մեր ժողովուրդը աշխարհին է ներկայանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հայտնելով, որ ավարտում է հինգ օր տեւած հացադուլը: Հացադուլը, ըստ նրա, պայքարի առաջին փուլն էր, իսկ երկրորդ փուլով պատասխանատվության է կանչելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, նա արդեն դիմել է գլխավոր դատախազություն. «Նա հակադրվում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլեւ ՀՀ կնքած միջազգային պայմանագրերին, և քանի որ այդ ամենի հետևանքով տուժում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, ես ստիպված դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կոչով»:
Անդրադառնալով իր հացադուլը ծաղրողներին՝ ասաց. «Շատ պուճուրիկ են, որ համարձակվեն իմ մասին նման բաներ ասեն: Իմ անցած ճանապարհի մեկ տասներորդն անցնելուց հետո կարող են այդպիսի բաներ բարբաջելու իրավունք իրենց վերապահեն: Ոչ մեկից չեմ պահանջել ինձ աստվածացնել, բայց ոչ մեկն էլ իրավունք չունի իր մակարդակով ինձ գնահատականներ տալ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Պարույր Հայրիկյանը դիմել էր ԿԸՀ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պաշտոնաթուղթ տրամադրելու հարցով։ Նա պատրաստվում էր ստորագրահավաք սկսել, որպեսզի մինչև փետրվար՝ նոր սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելը հավաքեր 200 000 ստորագրություն և նախաձեռներ սահմանադրական փոփոխություններ: Սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժել էր Հայրիկյանի դիմումը՝ նշելով, որ իրավունք չունի, քանի որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից: Ի նշան ԿՀԸ նախագահի որոշման դեմ բողոքի՝ Հայրիկյանը նոյեմբերի 19-ից հացադուլ էր սկսել, որը դադարեցրեց այսօր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ