Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունվել է 22 էջանոց համատեղ հռչակագիր:
«Գագաթնաժողովի մասնակիցները խորապես մտահոգված են տարածաշրջանի մի շարք հատվածներում միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական խախտումներով: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում վերսկսել ջանքերը տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Հակամարտությունների լուծումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերությունները հիմնաքարային են սոցիալ-տնտեսական զարգացման և համագործակցության համար: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ամրապնդվող դերը և ջանքերը հակամարտությունների կարգավորման և վստահության ամրապնդման հարցում՝ առկա բանակցային համաձայնեցված ձևաչափերին աջակցության շրջանակներում, այդ թվում, անհրաժեշտության դեպքում՝տեղում ներկայություն ապահովելով»,- ասվում է հռչակագրի 6-րդ կետում:
Հռչակագրում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի արդյունավետ իրագործումը և նախատեսում են վիզայի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսել Հայաստանի հետ: Գագաթնաժողովի մասնակիցներն ակնկալում են նաև ուժեղացնել բոլոր գործընկերների հետ կապերը կրթության, հետազոտությունների և նորարարական ոլորտներում:
Հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ի և գործընկեր երկրների, ինչպես նաև գործընկեր երկրների միջև առևտուրը կշարունակվի, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինայի համար նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածության շրջանակում: Միաժամանակ, ԵՄ-ը կշարունակի համատեղ քննարկումները երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ՝գրավիչ և իրատեսական տարբերակներ գտնելու փոխադարձ առևտուրը զարգացելու և ներդրումները խրախուսելու ուղղությամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ