ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀԲԸՄ ցուցահանդեսների սրահում մասնակցել է ԿԽՄԿ 25-ամյա գործունեությանը նվիրված ընդունելությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի նախաձեռնած ցուցահանդեսին, ուր ներկայացվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների պատմությունները և նրանց հիշատակին նվիրված հուշարձանը:
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզն իր խոսքում հանգամանորեն անդրադարձել է Հայաստանում Կարմիր Խաչի գործունեությանը՝ առանձնացնելով հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի, որն ի սկզբանե աջակից է եղել այդ համատեքստում հուշակոթող ստեղծելու գաղափարի իրագործմանը:
Որպես արդյունք՝ Կարմիր Խաչ-ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե- Երևանի քաղաքապետարան համատեղ ջանքերով արդեն իսկ ստեղծվել է ուշագրավ մի հուշարձան, որն իրականացման փուլում է:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ելույթ ունենալով` շնորհավորել է Կարմիր Խաչի պատասխանատուներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի քառորդդարյա գործունեության առթիվ, միաժամանակ կարևորելով անհայտ կորածների հիշատակին նվիրված հուշարձանի գաղափարը և պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել հուշարձանի իրականացմանը:
Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանը կտեղադրվի Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան այգում՝ դառնալով մշտական հասցե և սպեղանի՝ անհայտ կորածների հարազատների և ընտանիքների համար:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի հաղորդագրություն