Քիչ առաջ հրապարակվել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը: Այն ծավալուն է՝ քսաներկու էջ է կազմում:
Մեջբերենք, թե ինչ ձեւակերպումներ են ընտրվել Հայաստանի համար առավել խնդրահարույց վեցերորդ կետում:
Ըստ այդմ՝ գագաթնաժողովի մասնակիցները խորապես մտահոգված են տարածաշրջանի շատ մասերում միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական խախտումներով. «Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում նորացնել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա»:
Շեշտվում է, որ հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը եւ բարիդրացիական հարաբերությունները կարեւոր են տնտեսական եւ սոցիալական զարգացման եւ համագործակցության համար:
Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ ամրապնդվող դերը եւ ջանքերը հակամարտությունների կարգավորման եւ վստահության ամրապնդման հարցում՝ «Առկա բանակցային համաձայնեցված ձեւաչափերին աջակցության շրջանակներում»:
Մանրամասն՝ ավելի ուշ:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Բրյուսել
Հ. Գ. Ի դեպ, այս պահին ԵՄ մամուլի կենտրոնի վահանակների վրա ցուցադրվում է, թե ինչպես է Եվրոպայի շենքից հեռանում Ադրբեջանի նախագահը: Մոտ երկու ժամից սպասվում է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը, դրանից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: