Երևան (ԿԽՄԿ) – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)պատվիրակությունը Հայաստանում նշեց Ղարաբաղյան հակամարտության հետ կապված տարածաշրջանում իրներկայության 25-ամյակը։ Հակամարտության սկզբից՝ 1992 թվականից մինչ օրս ԿԽՄԿ-ն իր մարդասիրական աշխատանքն իրականացնում է որպես չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն։ Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն արձագանքել է հակամարտությունից տուժած անձանց տարբեր կարիքներին, ում այն հանձնառու է պաշտպանել և օգնել Ժնևի կոնվենցիաների համաձայն։
Երեկ այս առիթով ընդունելության ժամանակ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը նշեց. «1994 թվականի զինադադարից հետո մենք մնացել ենք տարածաշրջանում` հակամարտության հետևանքներին և առաջացած կարիքներինարձագանքելու համար։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանամերձ գյուղերում մենք շարունակում ենք աշխատել ամեն օր անվտանգության, կենսաապահովման և տնտեսական հնարավորությունների կորստի խնդիրների հետբախվող մարդկանց հետ»։
Միջոցառման ժամանակ հյուրերի ուշադրությունը հրավիրվեց անհայտ կորածների հիմնահարցին, որը հակամարտության ողբերգական և տևական հետևանքներից է։ Ցուցադրության միջոցով ԿԽՄԿ-ն ներկայացրեց խնդրի տարբեր կողմերը, այդ թվում՝ ընտանիքների դժվարին կացություննիրենց հարազատների մասին անդադար լուրեր սպասելու ընթացքում, սեփական աշխատանքն այդ ուղղությամբ և այն, թե ինչ է անհրաժեշտ անել ճակատագրերը պարզելու համար։
«Ճանաչումից բացի միայն մեկ բան կօգնի ընտանիքներին շարժվել առաջ՝ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Վերջապես իմանալ արդյոք իրենց հարազատները ողջ են, թե՝ մահացած», – ասաց տիկին Դույեզը։ «Ահա թե ինչու է ԿԽՄԿ-ն առաջարկել իշխանություններին իր չեզոք միջնորդի դերը և աջակցությունը ճակատագիր պարզելու հարցում։ Մենք շարունակաբար վերահաստատում ենք, որ կողմերի պատրաստ լինելու դեպքում պատրաստակամ ենք կատարելու մեր այդ դերը։ Հուսով ենք՝ վաղ թե ուշ այդ պահը կգա»։
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձինք՝ գրանցված Հայաստանում և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ 2014-ից կազմակերպությունը հավաքում է ԴՆԹ նմուշներ անհայտ կորած անձանց արյունակից բարեկամներից։ Նպատակն է պահպանել այս նմուշները, որոնք հետագայում կմեծացնեն աճյունների ինքնությունը պարզելու հավանականությունը։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ՝օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական կամ առողջական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և կազմակերպում է հիշատակման միջոցառումներ՝ փորձելով համախմբել համայնքներին նրանց շուրջը։
ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն