Այսօր Aravot.am-ը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց՝ Դուք դեռ այս տարվա հուլիսին ասում էիք, որ ռիսկային գոտում գտնվող հարկատուների հարցում պետք է վերահաշվարկ անեք, ստվերից դուրս բերեք, ի՞նչ եղավ այդ գործընթացը, քանիսի՞ն դուրս բերեցիք: Նա պատասխանեց. «Բա էս թվերը որտեղի՞ց է գալիս»: Նա նկատի ուներ պետբյուջեի մուտքերը, որը մինչ այդ ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում: Մենք ճշտեցինք՝ այսինքն, այդ մուտքերը ռիսկային հարկատուների՞ց եք գանձել՝ նա պատասխանեց. «Բա օդի՞ց ա իջնում էդ թվերը»: Մեր հարցին՝ ցուցակը չե՞ք ասի, թե ո՞ւմ եք հանել ջրի երես ստվերից՝ նա պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, չէ՞, որ պոպուլիզմով չենք զբաղվում, անուններ չենք հնչեցնում: Նպատակահարմար չեմ գտնում, ես իմ գործն անում եմ ավելի լուռ»:
Լրագրողները հուշեցին՝ ավելի լավ չէ՞ր լինի հասցեական ասեիք՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ինչի՞ համար, ի՞նչ է դա տալու ձեզ, երեխեք»: Մեր դիտարկմանը, որ ավելի զգոն կլինեն՝ ՊԵԿ նախագահն արձագանքեց վստահ. «Զգոնանում են, հանգիստ եղեք: Բոլոր նրանք, ում ստվերի անձնագիր ենք ներկայացրել եւ ստվերի ի հայտ բերելու հաշվին կարողացել ենք լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, բնական է, որ զգոնացել են արդեն»:
Լրագրողները ճշտեցին՝ ստվերը հանել եք խոշո՞ր տնտեսվարողներից, թե՞ մանրներից: ՊԵԿ նախագահն ասաց. «Ես խոստանում եմ, որ մյուս շաբաթ խոշոր հարկ վճարողների վարչությունը ամփոփ տեղեկատվություն կներկայացնի ձեզ, որ դուք էլ համոզվեք, որ այսօրվա բյուջեի մուտքերը ոչ թե ապահովվում է փոքրի ու միջինի հաշվին, ոնց որ պատերի տակ խոսում են, այլ հիմնական մեծ առյուծի բաժինը խոշորներից է»: Հարցին՝ եթե մուտքերի մեծ մասը խոշորն է ապահովում, բայց ստվերը որտե՞ղ է ավելի շատ: ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ ստվեր կա: Փոքրի տակ կարող է թաքնված լինի խոշորը: Ստվեր կա եւ այդ ստվերի դեմ պետք է պայքարել»: Լրագրողները հետաքրքրվեցին` ապրիլից հետո ձեզ տեսնո՞ւմ եք այստեղ՝ այս կառավարության կազմում: Նա պատասխանեց. «Ես չպիտի տեսնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ