Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության մարմինները չեն կատարում կառավարության իսկ որոշումը. Լիանա Դոյդոյան

Նոյեմբեր 24,2017 17:01

«Վերջերս մենք մոնիթորինգ անցկացրինք՝ պարզելու` արդյոք պաշտոնական կայքերն ապահովո՞ւմ են մեր օրենքի պահանջները: Ցավոք, հետընթաց է գրանցվել,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը։

Նրա փոխանցմամբ՝ տեղեկատվության մատչելիության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Այս առիթով նա մանրամասնեց. «Կառավարության որոշմամբ նշվում է այն տեղեկությունների խումբը, որը պարտադիր հրապարակման է ենթակա և նաև պետք է հրապարակվի պաշտոնական կայքերում։ Մեկ-մեկուկես տարում միտումը բացասական է: Հետընթաց է գրանցվում կայքերում տեղեկատվության և՛ անմիջապես, և՛ պարբերաբար թարմացումների և՛ այդ տեղեկատվության մատչելի ու օգտագործելի լինելու առումով»: Լիանա Դոյդոյանը հղում կատարեց ՀՀ կառավարության 2015-ի հոկտեմբերի որոշմանը, որտեղ նշվում էր, որ պաշտոնական կայքերը պետք է հնարավորություն տան կայքերի միջոցով առցանց հարցում ուղարկել, և կցելի հնարավորություն լինի ուղարկելուց: Տիկին Դոյդոյանն այս առիթով ասաց. «Բոլոր նախարարությունները, կառավարությանն առընթեր մարմիններն այս հնարավորությունը չեն տալիս: Փաստորեն, նրանք չեն կատարում իրենց իսկ որոշումը»:

Լիանա Դոյդոյանի փոխանցմամբ՝ մյուս խնդիրն այն է, որ էլեկտրոնային  հարցումները չեն դիտարկվում որպես պաշտոնական, մինչդեռ նույն կառավարության որոշմամբ հավասարեցվեցին թղթային և էլեկտրոնային տարբերակները:

Լիանա Դոյդոյանի կարծիքով՝ օրենքն ուներ փոփոխությունների կարիք, քանի որ ընդունվել էր վաղուց և չէր ապահովում, օրինակ, էլեկտրոնային և համացանցային տեղեկատվական դաշտը։ Նա տեղեկացրեց. «Մեր նախաձեռնությամբ Արդարադատության նախարարության հետ որոշում ընդունեցինք։ ԵԱՀԿ-ի աջակցությամբ Արդարադատության նախարարությունը հայեցակարգ մշակեց։ Այն բավականին առաջադեմ էր և լուրջ առաջընթաց էր արձանագրելու ոլորտում։ Հայեցակարգը ուղարկվեց Կառավարություն և այդպես էլ մնաց Կառավարությունում։ Մինչև հիմա Արդարադատության նախարարությունը չի պատասխանում, թե ինչ ճակատագիր ստացավ հայեցակարգը։ Արդարադատության նախարարությունում խումբ չի ձևավորվել օրենքի նախագիծը մշակելու համար: Մինչդեռ e-draft-ում միանգամից կախվեց մի նախագիծ, որը ենթադրում էր տեղեկատվության ազատության մասին նոր օրենքի փոփոխություն: Արդեն երկար ժամանակ է լուրջ տարաձայնություններ ունենք, մենք դեմ ենք եղել մի շարք փոփոխությունների»:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանն էլ բարձրացրեց համակարգչային անվտանգության կենտրոնի անհրաժեշտությունը. «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել , որ ընդհանրապես ներկայացվում է երեք տեսակի տեղեկատվություն: Մեկը պարտադիր հասանելի դարձնելունն է, մյուսը գաղտնի տեղեկատվությունը, իսկ այդ երկուսի արանքում գոյություն ունի գորշ գոտի, որի վերաբերյալ ոչ մի կառավարության որոշում չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930