Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն այսօր ավարտվեց: Դատարանն աշխատանքը կշարունակի մյուս ուրբաթ, երբ նախատեսվում է ամբաստանյալների ցուցմունքների փուլը: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանն այսօր նիստի սկզբում ասել էր, որ հայտարարություն ունի, դատավորն էլ նիստի վերջում նրան թույլատրեց բարձրաձայնել այն:
Սեֆիլյանը նստած դիմեց դատարանին՝ այդպիսով դատավարական կարգ խախտելով, սակայն Տաթեւիկ Գրիգորյանը նրան անմիջապես չհիշեցրեց այդ մասին: «Այսօր 24-րդ այսպես կոչված նիստն է…եթե դատարանն անաչառ լիներ, այսքան նիստ չէինք անի: Թե ինչու գործն այսքան ձգձգվեց, դուք կիմանաք, որովհետեւ ձեզ են պատվիրում»,-դատավորին ասաց Սեֆիլյանը, ապա շարունակեց,-«ես հիմա խոսում եմ, որովհետեւ իրավիճակ է փոխվել, ինչպես «Սասնա ծռերի» դեպքում»:
Սեֆիլյանը նկատի ունի այն, որ «Սասնա ծռերի» գործով դատավորներն այլեւս ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ ամբաստանյալները դատավարական կարգ խախտելով, այսինքն՝ տեղից նստած են խոսում, եւ սանկցիաներ չեն կիրառում նրանց հանդեպ. նույն կերպ էլ հիմա ինքը՝ Սեֆիլյանն է վարվում:
«Իսկ նախկինում դուք ինձ թույլ չեք տվել երկու նախադասություն ասեմ անգամ»,-կրկին դիմելով դատավորին՝ դժգոհեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա պարզաբանեց, որ իր համոզմամբ՝ դատարանը եւ մեղադրող կողմը կատարածուներ են, այդ պատճառով ինքն ի սկզբանե ոտքի չի կանգնել. «Դուք անում եք այն, ինչ պատվիրել են ձեզ»:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսքանը լսելուց հետո, այնուամենայնիվ, ընդհատեց Սեֆիլյանին՝ ասելով՝ նրա հայտարարությունը չի կարող ուղղված լինել դատավորին, քանի որ ամբաստանյալը նստած է խոսել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ