Վարդան Հարությունյանն ասաց, որ եթե «Առինջ մոլի» առեւտրականները չեն ուզում «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ծառայություններից օգտվել, որեւէ պարտադրանք չկա. «Մարդը երբ ներմուծում է անում, պարտավոր է իմանալ` գործող ընթացակարգը ոնց է: Ես չպիտի սովորացնեմ: Թող գնան սովորեն, իմանան: Եթե գործարարությամբ են զբաղվում, պետք է իմանան այդ ամեն ինչը: Եթե չունեն, պետք է վարձեն համապատասխան աշխատողներ, որոնք կանեն այդ ամեն ինչը»:
Այսօր ԱԺ-ում լրագրողները Պետեկամուտների նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեցին՝ «Առինջ մոլի» առեւտրականներն ասում են, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» մաքսազերծող ընկերության փաստացի սեփականատերը դուք եք, այսինքն, շահերի բախում կա՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Երբեւիցէ որեւէ մեկին չեն ստիպել, որ գնան «Նորֆոլկ» կոչված ընկերությունից փաստաթուղթ վերցնեն: Ո՞վ ա ասում, որ պետք է փաստաթուղթ տան, դա այլընտրանք է տրված իրենց ուղղակի, թող իրենց փաստաթղթավորումը կատարեն իրենց միջոցով: Եթե չեն ուզում օգտվել, որեւէ պարտադրանք չկա: Մարդը երբ ներմուծում է անում, պարտավոր է իմանա գործող ընթացակարգը ոնց է: Ես չպիտի սովորացնեմ: Թող գնան սովորեն, իմանան: Եթե գործարարությամբ են զբաղվում, պետք է իմանան այդ ամեն ինչը: Եթե չունեն, պետք է վարձեն համապատասխան աշխատողներ, որոնք կանեն այդ ամեն ինչը»:
Դիտարկմանը, որ դա հավելյալ ծախս է իրենց համար՝ Վարդան Հարությունյան արձագանքեց. «Դա արդեն իմ խնդիրը չի»:
Հարցին՝ Դուք հերքո՞ւմ եք, որ այդ «Նորֆոլկի» փաստացի սեփականատերը դուք չեք՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ոչ թե հերքում եմ, այլ միանշանակ հերքում եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ