Հակառակ Երեւանի լրագրողական շրջանակներից հնչող հոռետեսական գնահատականների Հայաստան-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հետաձգման վերաբերյալ՝ Բրյուսելի ժամանակով ժամը հինգին, այսինքն՝ Երեւանի ժամանակով ժամը ութին այսօր նախատեսվում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Արդեն իսկ լուրեր կան, թե ինչ ձեւակերպում է ընտրվել հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ խոսվելու է հակամարտությունների կարգավորման եղած ձեւաչափերին աջակցության մասին եւ հիշատակվելու են կարգավորման միջազգային իրավունքի սկզբունքները:
Բայց մինչ այդ ընթանում է Արեւելյան գործընկերության հինգերորդ գագաթնաժողովի լիագումար նիստը, որը չի հեռարձակվում մամուլի սրահում: Փոխարենը ցուցադրվեց, թե ինչպես էին պետությունների ղեկավարները լուսանկարվում այսպես կոչված «ընտանեկան լուսանկարի» համար: Սերժ Սարգսյանը բավական բարձր տրամադրություն ուներ՝ ծիծաղում էր Լիտվայի նախագահի հետ միասին, որը կանգնած էր նրա կողքին:
Նաեւ հայտնի է արդեն իսկ հրապարակված մի փաստաթուղթ: Տարածվել է ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության մասին, որում ափսոսանք է հայտնված Ռուսաստանի կիրառած վետոյի եւ հետաքննության ձախողման առնչությամբ:
Նկատենք, որ դատելով այն հարցերից, որոնք գագաթնաժողովի մասնակիցներին առավոտյան ուղղում էին լրագրողները՝ Հայաստանի հետ կնքվելիք համաձայնագիրը բնավ առաջնային հետաքրքրության առարկա չէ միջազգային մամուլի համար: Ասենք, Իռլանդիայի արտաքին հարաբերությունների եւ առեւտրի նախարար Սիմոն Քովենեին առավել հարցեր էին ուղղում Բրեքզիթի մասին, թե ում դիրքորոշումն են պաշտպանում՝ Բրիտանիայի, թե Եվրոպական միության: Նաեւ շատ էին հնչում այս բնույթի հարցեր, թե արդյոք ԱլԳ համար կարեւոր երկիր է Բելառուսը:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Բրյուսել