Լրահոս
Օրվա լրահոսը

100 տնտեսվարողից 2-ն է կարողացել թիվ ներկայացնել, թե քանի՞ խմբաքանակ խաղալիք ունի․ Բաբկեն Պիպոյան

Նոյեմբեր 24,2017 16:15

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել է խաղալիքների շուկան, հետաքրքրվել, թե սպառողներն այս շուկայից որքանով են իրազեկված: Խաղալիքների շուկան վերահսկելու երկու մեխանիզմ կա, մեկը՝ սերտիֆիկատի վերահսկողությունն է, մյուսը՝ ստուգումները:

Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշեց, որ Հայաստանը որդեգրել է սերտիֆիկատի վերահսկման մեխանիզմը, սակայն, սերտիֆիկատացման ոլորտում մենք խնդիրներ ունենք, կան դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ չունեն սերտիֆիկատներ:


Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը նշեց, որ իրենց նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ շուկա։ Նա չժխտեց, որ իրականում տնտեսվարողների մոտ սերտիֆիկատի բացակայության խնդիրը կա, բայց նկատեց, որ անցկացված ստուգումների արդյունքում 24 % աճել է սերտիֆիկացման գործընթացը։
Միջոցառման կազմակերպիչները կարեւոր համարեցին նաեւ ապրանքի մակնշման խնդիրը։ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ երբ ԵԱՏՄ-ից ապրանք է բերվում, մի կողմից այն միասնական շուկայի համար է, մյուս կողմից էլ տնտեսվարողը հայտ է տալիս, որ իրացումը կատարվելու է Հայաստանում, այսինքն` մակնշումը պետք է լինի հայերեն։ Հակառակ այս փաստարկին՝ ՀՀ տնտեսական եւ ներդրումների նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գայանե Մարգարյանը ասաց, որ ըստ ԵԱՏՄ պայմանագրի, մակնշման առաջին լեզուն ռուսերենն է, և եթե կա օրենսդրական պահանջ, ապա երկրորդը պետք է լինի պետական լեզուն։

Անդրադառնալով հետազոտության տվյալներին՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ հարցումները արվել են խաղալիքների մասնագիտացված խանութներում, մեծածախ շուկաներում եւ բակային խանութներում, տնային տնտեսություններում եւ էլեկտրոնային տարբերակով։ Հարցին, թե որտեղի՞ց եք ձեռք բերում խաղալիք, հարցվողների ավելի քան 54 %-ը պատասխանել է, որ գնում է մոտակա խանութներից, (չի բացառվում, որ մոտակա խանութը լինի մասնագիտացված խաղալիքի խանութ) 26%-ը՝ մասնագիտացված խանութից, 12 %-ը՝ մեծածախ շուկաներից, 8 %-ը` այլ տեղից:

Հարցին, թե ինչի՞ն եք ուշադրություն դարձնում խաղալիք գնելիս, 41%-ը նշել է, որ ուշադրություն դարձնում է գնին (գին, որ հասանելի լինի իր գրպանին), 38%-ը՝ խաղալիքի արտաքին տեսքին, 6%-ը կարեւորում է ապրանքի սերտիֆիկացֆած լինելը։ Հարցվածների 60%-ը, այն հարցին, թե տեղյա՞կ եք ինչ վտանգ ունի խաղալիքը, պատասխանել է ՝ այո։ Սակայն, երբ հետաքրքրվել են, թե ի՞նչ վտանգ ունեն խաղալիքները, նրանցից միայն 28 %-ն է կարողացել թվարկել վտանգները։

2017 թ․ հուլիս ամսվա դրությամբ սերտիֆիկացման դիմել է միայն 23 կազմակերպություն` ստանալով 34 սերտիֆիկատ։
«Սակայն ըստ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալի՝ ավելի քան 100 տնտեսվարող խաղալիք է ներմուծել»,-նշեց Բաբկեն Պիպոյանը։

Հարցին, թե ձեր խանութում քանի խմբաքանակ խաղալիք կա՝ 100 տնտեսվարողից միայն 2-ն է կարողացել հստակ թիվ ներկայացնել։

Ըստ ձեզ խաղալիքի սերտեֆիկացված լինելը բխում է տնտեսվարողի շահից, թե բե՞ռ է, հարցին՝ տնտեսվարողների 86 %-ը կարծիք է հայտնել, որ սերտիֆիկատի առկայությունը ավելորդ բեռ է, պատճառաբանելով, որ ոչ թե սերտեֆիկատ է, այլ` թղթի վաճառք։
Հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո, Լեւոն Խալիկյանը հավելեց․ «Եթե դաշտում կան այսպիսի դեպքեր, ապա խնդրում եմ ներկայացնել գրավոր ձեւով գերատեսչական մարմնին, ես պարտավորվում եմ արդյունքի մասին հաջորդ մեր հանդիպման ժամանակ տեղեկացնել։

Արփինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930